Կինը՝ քարտուղար, «սանիկը»՝ թեկնածու․մարզպետը ջանք չի խնայում

Կինը՝ քարտուղար, «սանիկը»՝ թեկնածու․մարզպետը ջանք չի խնայում

Փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում անցկացվելու են համայնքապետի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համայնքապետի ղեկավարի 3 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից 2-ը անկուսակցականներ են՝ Արմեն Ղազարյանը, Ստեփան Շիրինյանը։ Առաջադրվել է նաև համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանը, որը, ինչպես արդեն գրել էինք, օրեր առաջ համայնքապետարանից մարդկանց օգնություններ էր բաժանում՝ անտեսելով այն հանգամանքը, որ համայնքում 2 շաբաթ հետո ընտրություններ են տեղի ունենալու։ Հայտնի է նաև, որ Պապյանը, լինելով ՔՊ անդամ, ինքնառաջադրվել է, այսինքն՝ կուսակցությունը չի առաջադրել նրան։ Պարզվում է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Պապյանը ընտրվի։ Չնայած բազմաթիվ հերքումներին՝ համայնքում մինչ այժմ էլ համառորեն պնդում են, որ Պապյանը մարզպետի սանիկն է ու համագյուղացին։ Բացի այս մեզ տեղեկություններ են հասել, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Ռոբերտի Պետրոսյանը, ով  միաժամանակ Աբովյանի 10-րդ, 7-րդ, 2-րդ և Բալհովիտի դպրոցների կառավարման խորհրդի անդամ է՝ որպես մարզպետարանի ներկայացուցիչ, ընտրությունների ժամանակ համայնքի 28/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի քարտուղարն է լինելու։   

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մամուլի խոսնակ Լուսինե Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ մարզպետի կինը 28/1 ընտրատեղամասում (տվյալը հասանելի է նաև ԿԸՀ պաշտոնական կայքում) հանձնաժողովի քարտուղար է․

«28/1 ընտրատեղամասի հարցում վստահ չեմ, բայց ինչ-որ մի տեղ ինքը նշանակված է որպես քարտուղար։ Ինքը նշանակված է, որովհետև կուսակցության տարածքային կառույցի ղեկավար կազմի անդամ է ու իրեն առաջադրել են հենց կուսակցության գլխամասից, դա այդքան էլ մարզի հետ կապ չունի»։

Նշենք, որ Նոր Գեղի համայնքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի դեմ վերջերս ստորագրահավաք անցկացվեց, սակայն մարզպետը նրա նշանակումը չեղյալ չհամարեց, բացի այդ համայնքում ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 21-ին, սակայն մարզպետը այստեղ էլ միջամտություն արեց և այն հետաձգեց։ Համայնքի բնակիչները խոսում են, որ դա արվել է զուտ նրա համար, որ Պապյանը համայնքում հասցնի «մեկ-երկու բարեգործություններ» անել ու բնակիչների համար քիչ թե շատ ճանաչելի դառնալ։ 

Հիշեցնենք նաև, որ մինչ Պապյանը համայնքը ղեկավարում էր Ֆրոնտիկ Թադևոսյանը, որը բազմիցս աչքի է ընկել սկանդալային գործունեությամբ։ Նա  իր անունով էր անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Վերջերս էլ՝ որոշել էր գյուղի անունը փոխել՝ Նոր Գեղին դարձնել Նոր Քղի: