Վարչապետը նորից մատ թափ տվեց․ «Վա՛յ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն էս կոնտեքստում չեն կատարել»

Վարչապետը նորից մատ թափ տվեց․ «Վա՛յ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն էս կոնտեքստում չեն կատարել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բավականին նյարդային էր ու լարված։ Դրա վկայությունն այն է, որ կառավարության որոշ անդամների ներկայացրած նախագծերի և ելույթներին որպես արձագանք՝ նա բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց։ Այդ ամենը դրսևորվեց հատկապես ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է ՊԵԿ-ում, և ՊԵԿ-ի կողմից այնպիսի տեսակետ է ձևավորված, որ հարցը կարծես թե լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Բայց այդ, Անանյանը նշեց, որ նոյեմբերի 7-ին Համաշխարհային բանկը նամակ է հղել ֆինանսների նախարարի անունով, դրա պատճենը կցել է փոխվարչապետներիՆ, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նախարարներին և ՊԵԿ նախագահին ու իր մտահոգություններն է հայտնել վերոնշյալ հիմնարկի գործունեության դադարեցման հետ։

«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ քննարկում տեղի է ունեցել, մենք մասնակից չենք եղել այդ քննարկմանը։ Եթե քննարկում եղել է, ես կուզեի իմանալ՝ արդյոք էդ քննարկման ժամանակ կոնսենսուսային որոշում կայացվե՞լ է։ Մենք՝ որպես կարևոր շահառու այդ պետական հիմնարկի գործունեության, քանի որ հարկային բարեփոխումների ծրագիր էր իրականացվում մի քանի տարի, և հաջորդ տարվա ընթացքում մենք ավարտելու ենք, կարծես թե, մենք նաև մեր մտահոգություններն ունենք։ Ես կուզեի ուղղակի մենք նորից քննարկենք և տեսնենք, մենք արդյոք այս հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված ունե՞նք կոնսենսուսային որոշում»,-հարցրեց Պեկ նախագահը։

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախարարների կոմիտեի նիստում այդպիսի արդյունքի է հասել քննարկումը, երեկ էլ Մհեր Գրիգորյանի մոտ է նման քննարկում անցկացվել, և այդ քննարկումների արդյունքում որոշակի խմբագրմամբ նախագիծը ներկայացվել է կառավարության դատին։

Նա նաև նշեց, որ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն իսկապես նոյեմբերի 7-ին գրություն է ուղարկել իրենց՝ հայտնելով իր մտահոգությո ններն այս հիմնարկի լուծարման հետ կապված, իրենք էլ ներկայացրել են իրենց պարզաբանումները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ արժե քննարկել ՀԲ նամակի բովանդակությունն ու նկատեց, որ հիմնական մտահոգությունները կապված են այս ծրագրերի էական ձգձգման հետ։

Ջանջուղազյանն էլ սկսեց մանրամասնել, թե ինչ մտահոգություններ է հայտնել Համաշխարհային բանկը։ Այստեղ արդեն զայրացավ Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով, որ ինքը 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այս թեմային անդրադարձել է և տվել է կոնկրետ հանձնարարականներ, հիմա էլ կրկնում է՝ մատ թափ տալով կառավարության անդամների վրա․ «Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն էս կոնտեքստում չեն կատարել»։

Այնուհետև սկսեց տոնը բարձրացնել․ «Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի և պոակիզմի տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ի՞նչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, էդ ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները էսօր մեր կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հեսա հերթով կբացահայտվեն դրանք: Եվ, այո, հերիք ա պետական կառավարման․․․ ամեն անգամ, երբ ասում են՝ նախարարություններում, գիտե՞ք, աշխատողները կարողություններ չունեն։ Նախարարություններն ուրեմն լուծարենք։ Բա ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ պետական կառավարման համակարգը, ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի։ հետո ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք։ Ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասը անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա իրանք տենց արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ էս թեմայով կայացվել է քաղաքական որոշում: Եվ էն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից, թող իրենց վեշերը հավաքեն, գնան իրենց գործին։ Շատ հստակ եմ ասում»։ Բանավեճն այսքանով չավարտվեց։ Ավինյանը շարունակեց պնդել, որ հիմնական բովանդակային մտահոգությունը հենց զուտ ծրագրերի իրականացման հետ է կապված:

«Նույնիսկ եթե այս տարի իրականացրել ենք նախանշված 10 ծրագրերի 50 տոկոսը, ուզում եմ մինչև վերջ հասկանալ՝ այդ կոմունիկացիան Համաշխարհային բանկի հետ իրականացվե՞լ է և արդյոք 2019 թվականին չենք ունենա զրո տոկոս իրականացված ծրագիր: Այսինքն, եթե այդ կենտրոնի հմտությունների գնահատում իրականացվի, ինչքա՞ն կտևի այդ պրոցեսը և արդյոք մինչև վերջ ՀԲ-ի հետ մենք համաձայնեցրել ենք պրոցեսը»,- իր մտահոգություններն արտահայտեց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանը նորից սկսեց նույն ոճով զայրանալ՝ չփորձելով խորանալ բարձրաձայնված խնդիրների մեջ։ «Ի՞նչ է նշանակում՝ արդյոք ծրագիրն իրականացվե՞լ է: Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, բայց բռնել ու թալանել են ծրագիրը: Եվ լավ է, որ չի իրականացվել, քանի որ դրանով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան: Հերիք ա մեզ ամեն անգամ Համաշխարհային բանկով ու չգիտեմ ինչով բերեք որպես վերջնական փաստարկ: Եվ այս մոտեցումը դադարեցրեք»,- իր խոսքը որպես վերդիկտ ներկայացրեց Փաշինյանը: