Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հույս չկա

Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հույս չկա

Արժանապատիվ աշխատավարձի կարոտ ուսուցիչները աշխատավարձի բարձրացման ակնկալիք, գոնե առաջիկա մեկ-երկու տարում, չեն կարող ունենալ։ Համենայնդեպս, այս հարցով մեզ որեւէ հուսադրող պատասխան չտվեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Փոխարենը, ՊԵԿ-ում, ֆիննախում, քաղաքապետարանում եւ մյուս պետական կառույցներում քայլելով պաշտոնի եկածներն ու իրենց գործից բացարձակ գլուխ չհանողները կամ հազար տարվա կոռումպացվածները թող շարունակեն մի քանի ամսվա «արգասաբեր» աշխատանքից հետո միլիոններով պարգեւավճար ու աշխատավարձ ստանալ։

Սա արդար է նոր Հայաստանում։ Իսկ սերունդ կրթող մանկավարժներին, ինչպես Սերժի օրոք, այնպես էլ հիմա, պետությունը կշարունակի գրոշներ տրամադրել, որ նրանք էլի սերունդ կրթեն, որ հետո դրանց միջի «ամենաուսյալները» նորից գան իշխանության եւ թքած ունենան իրենց տառաճանաչ դարձնողների վրա։

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրինք, թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որեւէ ծրագիր կա՞։ Նա պատասխանեց․ «Մեր ամենամեծ առաջնահերթություններից է, եւ մենք նախնական քննարկում ունեցել ենք, էս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից, բայց մենք աշխատում ենք էդ ուղղությամբ»։

- Օրինակ՝ առողջապահության ոլորտում 6 ամսում երկու անգամ բուժաշխատողների աշխատավարձ բարձրացրեցին, ձեր դեպքում հնարավո՞ր չէ։ 

- Էստեղ շատ մեծ բյուջեների մասին է խոսքը գնում, մեր նախնական հաշվարկներով, օրինակ, ուսուցիչների աշխատավարձը մոտ տասը տոկոսով բարձրացնելու համար ավելի քան 5 միլիարդ դրամ է անհրաժեշտ։

- Այս պարգեւավճարների ֆոնին համեմատականներ շատ տարվեցին, որ ուսուցիչները ստանում են կոպեկներ, իսկ պետական աշխատողներն իրենք իրենց մի քանի միլիոնով պարգեւատրում են։

- Ես երկու շաբաթ առաջ հենց էստեղ ասել եմ, որ պետական համակարգի… էդ շատ ուղիղ կապ ունի պետական համակարգում պատշաճ պարգեւատրումը մյուս ոլորտների աշխատավարձերի հետ։ Եթե մենք ունենք արդյունավետ գործող պետական համակարգ եւ պատշաճ ֆինանսավորում, որի դեպքում լավ մասնագետներ կարող ես ներգրավել, պետությունն ավելի արդյունավետ կաշխատի, հետեւաբար, տնտեսության մեջ կունենաս էնպիսի արդյունքներ, որը թույլ կտա մյուս ոլորտները զարգացնել։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հարյուրավոր միլիոնների գումար է վերադարձվել պետբյուջե։ Հիմա այդ գումարներն ինչո՞ւ չեն ուղղում աշխատավարձերի բարձրացմանը, թե՞ բյուջեի սղությունն այնքան շատ է, որ դրանով այդ բացն են լրացնում։

- Էդ ֆինանսների նախարարությանը պետք է ուղղել։

- Դուք այդ հարցադրումը չե՞ք արել, այդ հարցը չե՞ք բարձրացրել կառավարության առաջ։

- Եթե տեսել եք, նախորդ տարի շատ տարբեր ծրագրերի, այդ թվում նաեւ անվտանգային միջոցներ են ուղղվել, նաեւ մենք ենք որոշակի առումով նախորդ տարիներից դպրոցներում առաջացած խնդիրների ֆինանսավորում իրականացրել, որ էդ խնդիրները լուծվեն։ Այսինքն՝ շատ տարբեր ուղղություններով գնացել է։ Բայց արի մանրամասն՝ ֆինանսների նախարարին։

- Հիմա մենք ե՞րբ կունենանք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում։

- Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա արագ լինի։

- Գոնե 2020 թվականի բյուջեում ակնկալե՞նք, որ աշխատավարձի բարձրացում կլինի։

- Վահե ջան, որ տարբեր կերպ տաս հարցերը, ես նույնկերպ եմ պատասխանելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա մաքսիմալ արագ լինի։

- Նախորդ կառավարությունն էլ էր փորձում անել ամեն ինչ, բայց չէր ստացվում։

- Նախորդ կառավարությունը 2008 թվականից ընդհանրապես աշխատավարձ չի բարձրացրել։