Նիկոլ Փաշինյանը չներե՞ց Էլոյանին

Նիկոլ Փաշինյանը չներե՞ց Էլոյանին

Ավետիք Էլոյանն այսօր ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ Էլոյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հունիսին՝ հեղափոխությունից հետո: Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառը ամանօրյա հանգիստն է եղել։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին Ամանորն անցկացնել Հայաստանում, որպեսզի հանրության մոտ «այլ» տպավորություն չառաջանա։

Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ, ի դեպ, բնակվել է մինչ նշված պաշտոնում նշանակվելը, այլեւ Ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը չի ներել։

Ի դեպ, տեւական ժամանակ է, տեղեկություններ կան, որ նույն պատճառով վարչապետը մտադիր է ազատել արդարադատության երկու փոխնախարարների Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին, գործընթացը թերեւս սառեցվել է, քանի որ նախապես մամուլը աղմուկ բարձրացրեց այդ մասին։