Ով է մամուլի դեմ արշավ սկսած անձը

Ով է մամուլի դեմ արշավ սկսած անձը

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող «ՏԵՐԵԳԻՅԱՆՑ» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերեգիյանցն իր ֆեյսբուքյան էջում արշավ է սկսել մամուլի դեմ` որոշել է մամուլը բաժանել «սեւ-սպիտակի»․ նա կոչ է արել իր ֆեյսբուքյան ընկերներին «դիսլայք» անել մի քանի լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, քանի որ այդ լրատվամիջոցները «բացասական» լուրեր են հրապարակում։

Կարելի էր այս արարքը վերագրել իշխանություններին քծնելու միանգամայն հասկանալի մղումին, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել նաեւ անցյալում։ Բայց հնարավոր է, որ սա շատ ավելի պարզունակ բացատրություն ունի։ Օրինակ, որ տարբեր մութ անցյալ ու ներկա ունեցող մարդիկ վախենում են մամուլից եւ ամեն ինչ անում են, որ լրատվամիջոցներն ազատորեն չգրեն ոչ մեկի ու ոչնչի մասին։ Չէ որ մարդ ես՝ մեկ էլ տեսար մի օր ԶԼՄ-ները պարզեցին, որ այս խիստ իշխանամետ գործարարը, որը մամուլին որոշել է պատերազմ հայտարարել, իր անձնական կյանքում լուրջ խնդիրներ ունի եւ ժամանակին՝ 2008-ին դիմել է դատարան սեփական կնոջն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով։

Գուցե նաեւ մամուլը հետաքրքրվեր, թե ինչ հանգամանքներում է կինը՝ Աննան, ընդամենը 7 տարվա ամուսնությունից հետո հեռացել անհայտ (կամ գուցե՝ ոչ այնքան անհայտ) ուղղությամբ, չնայած համատեղ 2 երեխա ունեն։ Եւ ինչ նպատակով է ամուսինը դիմել դատարան՝ կնոջն անհայտ բացակայող ճանաչելու համար։

Այո, մամուլն այսպիսի վատ հատկություն ունի՝ հրապարակել անցանկալի տեղեկություններ եւ բացահայտել մութ պատմություններ։