«Փակ աչքերով» Քաղաքացու տոնի խորհրդանշական պաստառները

«Փակ աչքերով» Քաղաքացու տոնի խորհրդանշական պաստառները

Ինչպե՞ս եւ ինչի՞ վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար կառավարության հատկացրած 260 հազար դոլարը: Այս հարցի շուրջ բուռն քննարկումներն իրենց տեղը զիջել են Քաղաքացու օրը խորհրդանշող պաստառների մասին կարծիքներին։ Մի քանի օր է՝ հայրենի իշխանությունը ֆեյսբուքյան հատուկ էջ է բացել՝ «Քաղաքացու օր» անվանումով, որտեղ տեղադրվել են նաեւ Քաղաքացու օրվա գունազարդ պաստառները՝ օրվա կարգախոսով՝ «Միտքդ վառ պահիր»։ Հեղափոխական իշխանության պատկերացումներում «իրավագետ» ու «իրավատեր» քաղաքացիները նախորդ դարերի տարազներով մարդիկ են, իսկ պաստառների վրա պատկերված տեսարանները հիշեցնում են գյուղական կյանքի էպիզոդներ․ մի տեղ տարազով մարդիկ ավանդական քոչարի են պարում, մյուսում գոգնոցը կապած տարեց կինն է միայնակ պարում, երրորդում եղանը ձեռքին տղամարդն է վիզը ծուռ կանգնած եւ այլն․․․

Հեղափոխական իշխանությունները, հավանաբար, որոշել են «դիլխոր» չթողնել Գալուստ Սահակյանին, որը Քաղաքացու օր նշելու որոշման առիթով փորձել էր իր ձեւով «բշտել» իշխանություններին ու ասել էր, թե «այդ տրամաբանությամբ գյուղացու օր էլ պիտի նշել»։ Պաստառներից մեկի բնօրինակն էլ կարծես կառավարության աշխատակազմի ղեկավար, երբեմնի «դիջեյ» Էդուարդ Աղաջանյանը լինի՝ ականջակալներով, դիջեյական հագուստով։ Այս պաստառների նկարների տակ քաղաքացիների «քոմենթներից», սակայն, պարզ է դառնում, որ ամենամեծ դժգոհությունն այն է, որ մարդիկ պատկերված են փակ աչքերով։ Սա հատուկ մտածված հնա՞րք է, եւ մի՞թե իշխանությունն ուզում է, որ քաղաքացիներն իրենց հավատան փակ աչքերով՝ կուրորեն, դժվար է ասել, սակայն ՀՀ հպարտ քաղաքացիներին այս տեսքով մարդիկ դուր չեն եկել։

Ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նաեւ բոլոր մարզերում ապրիլի 27-ին նշվող Քաղաքացու օրվան նվիրված նույնաբովանդակ միջոցառումների ցանկը, որոնցից կարելի է պատկերացում կազմել, թե այդ 260 հազար դոլարն ինչի վրա է ծախսվելու։ Վաղ առավոտից՝ 10։00-ից, բոլոր մարզկենտրոններում կմեկնարկի մեկ ժամանոց ծառատունկ, որին կհաջորդի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով։ Իրազեկվելուց հետո քաղաքացիները մի մարզում կվազեն, մեկ ուրիշում ըմբշամարտի ցուցադրություն կլինի, երրորդում՝ սպորտային մեկ ուրիշ միջոցառում։ Բոլոր մարզերում հայտարարված է նաեւ Street art՝ «Քաղաքը քո աչքերով», Երիտասարդների քննարկում, կինոցուցադրություն՝ անկախության, ներկայացումներ տեղի թատրոններում։ Ընդ որում, այդ ներկայացումներին մասնակցելու հնարավորություն ունեն ոչ բոլոր հպարտ քաղաքացիները, այլ նրանք, որոնց քաղաքապետարանը հարկ կհամարի հրավեր ուղարկել։ Միջոցառումների ցանկում նախատեսված է նաեւ գրողների հետ հանդիպում, իսկ օրվա տոնական ավարտը կտրվի մարզկենտրոնների կենտրոնական հրապարակներում՝ տոնական համերգներով։