Ինչպե՞ս ստացվեց, որ 2 տարի ես պետությանը ոչինչ պարտք չէի, մեկ էլ պարզվեց, որ պարտք եմ 500 միլիոն

Ինչպե՞ս ստացվեց, որ 2 տարի ես պետությանը ոչինչ պարտք չէի, մեկ էլ պարզվեց, որ պարտք եմ 500 միլիոն

Բորիս Ավագյանը, ով տարիներ առաջ զբաղեցնում էր Արթիկի փոխքաղաքապետի, ապա Արցախի ԱԻՆ-ի տնօրենի տեղակալի պաշտոնները եւ ժամանակին ակտիվորեն զբաղվում էր գերիներին Ադրբեջանից վերադարձնելու գործով, դեռեւս գտնվում է մոսկովյան բանտերից մեկում։

Ավագյանը մեզ հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Քրեական գործը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, առնչվում է Հայաստանին, ինձ մեղսագրված արարքները կատարվել են Հայաստանում, սակայն, քննության տվյալներով, արարքները կատարվել են խմբում եղած ՌԴ 24 քաղաքացիների հետ, ինչի կապակցությամբ Ռուսաստանում հետաքննությունը շարունակվում է, եւ դատավարությունը պետք է տեղի ունենա Ռուսաստանում։ Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել եմ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանին ուղղված իմ գրավոր դիմումի պատասխանը երեք ամիս է՝ չեմ ստացել։ Ինձ փնտրում է Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարի օգնական Ջաբրայիլ Կարլասանը, ով վերահսկում է անօրինական ներգաղթյալների օջախները Եվրամիությունում եւ ԱՊՀ-ում։ Նրա եւ նրա գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.pasmi.ru կայքում։ Երեք հրապարակումներ կարելի է գտնել՝ որոնման վանդակում մուտքագրելով Բորիս Ավագյան անունը։ Կազմակերպված հանցավոր համայնքներից մեկը, որը ստեղծվել է Ջաբրայիլ Կարլասանի կողմից, դատապարտվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով՝ իմ շնորհիվ: Ինչ վերաբերում է իմ քրեական գործի ապացույցներին, ապա առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Տարատեսակ ընթացակարգային մանիպուլյացիաների միջոցով ինձ թույլ չեն տալիս ծանոթանալ գործի նյութերին։ Բացի այդ, խախտվում է ՌԴ Սահմանադրության 26-րդ հոդվածի երկրորդ մասը եւ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը, որով երաշխավորված է մայրենի լեզուն օգտագործելու իմ իրավունքը, ինչպես նաեւ խախտվում են բոլոր պարտադիր ընթացակարգերը ստանալու իմ իրավունքը եւ ռուսերենից հայերեն անվճար թարգմանչի ծառայությունից օգտվելու իմ իրավունքը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի իմանալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքն այս ամենի մասին: Դեռեւս ողջ եմ»: 

Նա մեզ հետ զրույցում էլ էր ասել, որ, գտնվելով Ռուսաստանի կալանավայրում, զրկված է տարրական պայմաններից, ինչը ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պարտավոր է ապահովել. «Զրկված եմ թարգմանչի ծառայությունից: Երբ այլ երկրի քաղաքացին ՌԴ-ում կալանավորվում է, տվյալ երկրի դեսպանությունը պետք է որոշ հարցերում, այսպես ասած, աջակցի իր երկրի քաղաքացուն, սակայն ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը բավականին անտարբեր է, ի դեպ` խոսքը բոլոր հայերի մասին է, որոնք կալանավորված են Ռուսաստանում»:

Այս տարվա հունվարի 23-ին Ավագյանը մեզ հետ կապ էր հաստատել եւ ասում էր, որ Ռուսաստանն իրեն հրաժարվում է արտահանձնել հայկական կողմին: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնել էին, որ արտահանձնման համար դիմել են ռուսական կողմին, սակայն արձագանք չկա: 

Երեկ Բորիս Ավագյանը մեզ հայտնեց, որ ռուսական կողմը կտրականապես մերժել է Հայաստանին` արտահանձնել Բորիս Ավագյանին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դաշնակից պետությունը հրաժարվում է Հայաստանին արտահանձնել իր քաղաքացիներին: Ընդ որում, մերժում են եւ քրեական հետապնդման տակ գտնվողներին եւ դատապարտվածներին: Բորիս Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմը Հայաստանին պատասխանել է, թե իր երկրում կալանավորված անձին Հայաստանին արտահանձնել չի կարող:

Պարզվում է, սակայն, մեր հրապարակումից հետո Ավագյանի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունեցել: Բորիս Ավագյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ մեր հրապարակումից օրեր անց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՌԴ ՄԻՊ-ին` Ավագյանին այցելելու համար: Սակայն այդ ամենին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հրահանգել են ստուգել Ավագյանի ունեցվածքը և, իր խոսքով ասած, բոլոր հնարավոր եղանակներով ունեզրկել: Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ-ն ոչինչ չի կարողացել գտնել իր անունով և այժմ պատրաստվում է տարեց, թոշակառու ծնողների բնակարանը, որը ձեռք է բերվել ԽՍՀՄ ժամանակաշրջանում, աճուրդի հանել: Բանն այն է, որ Նալբանդյան 51 հասցեում գտնվող բնակարանը, որտեղ բնակվում են վերջինիս տարեց ծնողները, 1/4-րդ մասը պատկանում է Բորիս Ավագյանին, ԴԱՀԿ-ն չգտնելով որևէ այլ սեփականություն, որոշել է աճուրդի հանել հենց այս բնակարանը: 

Ի դեպ` Ավագյանը չնշեց, թե խոսքն ինչ գումարի մասին է, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ կատարվում.

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ երկու տարի շարունակ ես պետությանը ոչինչ պարտք չէի ու մեկ էլ հանկարծ պարզվեց, որ պարտք եմ ավելի քան 500 միլիոն դրամ», - նշեց նա: