Ահա թե ինչու Դավիթ Սանասարյանը չգնաց պառլամենտ

Ահա թե ինչու Դավիթ Սանասարյանը չգնաց պառլամենտ

Մեր տեղեկություններով՝ Դավիթ Սանասարյանը դեռ ամիսներ առաջ որոշ տեղերում հոխորտացել է, որ եթե «էսպես շարունակվի, դուրս եմ գալու, դառնամ ընդդիմություն»: Թե ինչ է նկատի ունեցել՝ «էսպես շարունակվի» ասելով՝ աղբյուրը չի մանրամասնում, բայց վկայում է, որ խոսակցությունը հասել է Նիկոլ Փաշինյանի ականջին։ Սրանից հետո, թեև այդ մասին որոշում է եղել, որոշվել է, որ Դավիթ Սանասարյանը չի գնալու խորհրդարան, այլ մնալու է նշանակովի պաշտոնում, որտեղից նրան հնարավոր լինի ազատել։ Այնպես որ, մութ սև ամպեր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գլխին նոր չէ, որ կուտակվել են։

Ի վերջո, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը Վերահսկողական ծառայության պետին մշտապես փորձել է զգուշացնել․ նշանակման ժամանակ հայտարարում էր, որ հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում, վերջերս էլ ԱԺ-ում, թերևս, հնչեց մի վերջին նախազգուշացում։

Նկատի ունենք՝ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի ուղղված քննադատություն-ակնարկը, որի հասցեատերը, շատերի գնահատմամբ, հենց Սանասարյանն էր։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն  է և պետք է շարունակեն գործել այնպես, ինչպես նախկինում՝ սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։

Իր աշխատանքային գործունեությունը պահնորդից սկսած Դավիթ Սանասարյանը մինչև իր կյանքի երկրորդ՝ իշխանական շրջանը և ամենազոր վերահսկողական ծառայության պետի թանկարժեք կոստյումները հագնելը քաղաքացիական-քաղաքական հարուստ կենսագրության տեր մարդ էր, ում լրագրողները հարգում էին ոստիկանների հետ դուխով կռիվ տալու, տղամարդկային կեցվածքի ու նաև՝ ի նշան բողոքի տարբեր առիթներով արվող հացադուլների համար։ 

Դավիթ Սանասարյանն էլ այն ժամանակ տարբերություն չէր դնում ՝«սև ու սպիտակ» լրատվամիջոցների միջև, մեծ սիրով հարցազրույցներ էր տալիս «կլասիկ սև»-երի լրագրողներին, նրանց անգամ կոչում էր՝ ընկեր, և ամենակարևորը, բարևում էր։ Հիմա չի բարևում, չի պատասխանում ֆեյսբուքյան գրություններին, ոչ էլ հեռախոս է վերցնում։