Երբ Կոմունիկատորն անվստահելի է

Երբ Կոմունիկատորն անվստահելի  է

Չդադարող արդարացումների, ինքնահերքումների ու անպտուղ ճամարտակության մասին էր Փաշինյանի ասուլիսը։ Արդեն սովորություն է դարձել այս կան այն հակահայ հայտարարությունն անել, ապա սեփական խոսքերը հերքելով, արդարացումներ փնտրելը: Մեր հանրությունն արդեն չի զարմանում հայհոյախառն բառապաշարը չհիշելու, տրված խոստումները մոռանալու նրա պարզունակ «մանյովրների» վրա, բայց եթե ընդդիմախոսներին «շինելու» լեքսիկոնը մոռանալ ձեւացնող Փաշինյանը անձնական՝ առանց այն էլ գահավիժող վարկանիշի հաշվին է սեփական խոսքերից հրաժարվում ու լրագրողի հարցից կմկմում, համազգային խնդիրներին վերաբերող նրա՝ ակնհայտորեն ոչ պատահականորեն դաշտ նետված մտքի «գոհարները» ազդեցություն են թողնում ոչ միայն իր հեղինակության, այլեւ երկրի ու այդ նույն համազգային խնդիրները հետապնդելու հնարավորությունների վրա։ Ու դրա վառ օրինակը Արցախի հանձնումն ու հայաթափումն է, որը Փաշինյանի քաղաքականության ու դրանից բխող ապազգային հայտարարությունների ուղիղ հետեւանքն է։ Նույնը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում ուրացած, ապա մի քանի օր անց Երեւանում իր խոսքերը «հետողորմյա» անելուն միտված նրա ձեւակերպումներին: «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,-ասուլիսին հայտարարեց Փաշինյանը՝ հիշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ Նրա երկար-բարակ արդարացումներն այլեւս ոչինչ չեն նշանակում, որովհետեւ, Շվեյցարիայում նա արդեն «վիճակը նետել է» ու նրա «պասը» թուրքերը բռնել են եւ հավատում են Փաշինյանի «հետեւողականությանը» այս հարցում։ Ասել մի բան, ապա արդարանալ, կամ հայտարարել, թե ինձ լավ չեք հասկացել։ Նիկոլ Փաշինյան վարչապետի քաղաքական անփառունակ կարիերայում այս ոճի մանիպուլյացիաներն անվերջ են ու սա պատահական չէ։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով նպատակը մարդու գիտակցության վրա ազդելն է, նրան շփոթության մեջ գցելը եւ արդյունքում՝ մանիպուլացնելը։ Սա աշխատող մեթոդ է, բայց Փաշինյանի դեպքում, ինչպես հոգեբանն է ասում, մի նրբություն կա՝ կոմունիկատորն անվստահելի է։ «Այսպիսի մի երեւույթ կա՝ կոչվում է կոմունիկատորի վստահելիություն, այսինքն, թե ով է խոսողը եւ նրա նկատմամբ վստահության ինչպիսի աստիճան կա։ Եթե դիմացինդ վստահելի անձնավորություն է ու ասում է՝ ես նման բան չեմ ասել, դու կարող ես նույնիսկ չխորանալ` հավատալ, մտածել, որ դու ես սխալվում եւ այս հանգամանքից նա շատ է օգտվել։ Սա կառավարվող քաոսի տեսության շրջանակում է, երբ քաոս ես առաջացնում նաեւ մարդկանց ուղեղներում եւ մարդը, երբ անորոշության մեջ է, հոգեբանորեն անպաշտպան է դառնում։ Փաշինյանը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, բայց հիմա՝ յոթ տարի անց, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ով է կոմունիկատորը, ինչի է նա ընդունակ, ինչ է ասում եւ ինչ է անում, այսինքն, կոմունիկատորը կորցրել է վստահելիությունը, իր այդ ռեսուրսն այլեւս սպառված է»,-բացատրում է մասնագետը ու հավելում, որ այլեւս հասարակության փոքր մասի՝ դեռ ինքնախաբեության մեջ գտնվողների վրա կարող են ազդել նրա խոսքերը։ «Փաշինյանը Ամերիկայի պրեզիդենտը չէ, որ «ցեղասպանություն» բառն օգտագործել է, մենք էլ ասենք՝ վայ, ասաց այդ բառը։ Նա ուղղակի փորձում է հետողորմյա անել, բայց արդեն բացել է այդ ճանապարհը եւ արդեն կատարում է Թուրքիայի ցանկությունը» ,- «Հրապարակ»-ին ասում է Կարինե Նալչաջյանը շարունակելով․ «Արցախում կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն եւ այս համատեքստում ինքը եւ՛ Ցեղասպանության ժխտողն է, եւ՛ շարունակողը»։ Ոչ միայն մանիպուլյացիա, այլեւ վախի դրսեւորում կարող են լինել Փաշինյանի արդարացումները։ Հոգեբանն ասում է՝ առհասարակ, բարոյականություն չունեցող մարդկանց համար իրենց կաշին ամենաթանկ բանն է այս աշխարհում եւ վախը, որը մարդու ամենաարխայիկ ապրումներից մեկն է, բնորոշ է այդ տեսակ մարդկանց, իսկ Հայոց ցեղասպանության ուրացումն այն հարցն է, որը հեշտ մարսել չես կարող։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, եթե հայրենիքին սպառնացող վտանգները, Արցախի, Կիրանցի խնդիրը շատերին չէին հուզում, հիմա խնդիրները մոտեցել են միջին վիճակագրական քաղաքացուն` տրանսպորտի թանկացման, հայտարարագրման ու սոցիալ-տնտեսական այլ դրսեւորումներով։ Այս ամենը հոգեբանական տեսանկյունից, շատ ավելի անձնական են ու այս դեպքում արդեն, մարդիկ սկսում են մտածել՝ ինձ չես կարող խաբել։ Սա է պատճառը, որ Փաշինյանի մանիպուլյացիաները կորցրել են ազդեցությունը։ «Լինելով մանիպուլյատոր, միեւնույն ժամանակ, ինչ-որ հանգամանքներում նա վախենում է, քանի որ զգում է իր իշխանության համար գոյություն ունեցող սպառնալիքները։ Նա հասկանում է, որ հանրային խռովություն է հասունանում, ուստի տարբեր հարցերում փորձում է իր տեսակետները հետողորմյա անել»,-վերլուծելով նրա վարքագիծը՝ եզրափակում է Կարին Նալչաջյանը։