Ժամեր առաջ ԱՄՆ-ում կայացել է այդ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարող հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի երկար սպասված հեռուստաբանավեճը: Միանգամից նշենք, որ երեկոն իսկական տոն դարձավ ամերիկացի դեմոկրատների համար՝ ի տարբերություն Բայդեն-Թրամփ նախորդ դեբատի, որտեղ Սպիտակ տան ղեկավարը, մեղմ ասած, խղճալի տեսք ուներ, և ինչն էլ, թերևս, դարձավ հիմնական պատճառը, որ ծերունի Ջոն դուրս եկավ ընտրապայքարից՝ տեղը զիջելով սևամորթ Հարիսին:
Քաղաքական հակառակորդները միմյանց սիրալիր ողջունեցին. Հարիսը ժպիտով ընդառաջ եկավ և ասաց. «Եկեք լավ բանավեճ անցկացնենք»։ «Ուրախ եմ ձեզ տեսնել», - ի պատասխան նշեց Թրամփը:
Ամերիկյան մամուլի ընդհանուր կարծիքը հետևյալն է՝ բանավեճի ժամանակ Քամալան «ջախջախեց» Թրամփին և, իհարկե, հաղթեց։ Թող լինի միավորներով, առանց նոկաուտի, բայց դա 100 տոկոսանոց հաղթանակ էր, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Հարրիսն իրեն նախագահի պես էր պահում: Նա ժողովրդին ներկայացրեց բավականին տրամաբանական ծրագիր տնտեսության հետ կապված. հարկերի նվազեցում, ուսանողներին վարկերի տրամադրում և փոքր բիզնեսի սեփականատերերին արտոնություններ:
Թրամփն իր ռեպերտուարում էր: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ 1 ժամ 45 րոպե տևած հեռուստաբանավեճում նա հակասական հայտարարություններ է արել, շփոթված է եղել, երբեմն չի պատասխանել ABC հեռուստաալիքի մոդերատորների հարցերին, երբեմն էլ՝ ընդհատել նրանց: Ուկրաինայի պատերազմի հետ կապված ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ այն հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում և պետք է անհապաղ ավարտվի:
Քամալան իր հերթին որոշակիորեն սադրել է Թրամփին: Օրինակ, կին քաղաքական գործիչը հայտարարել է, թե Թրամփի նախընտրական հանրահավաքները ձանձրալի էին, ինչից հետո հանրապետական թեկնածուն դուրս է եկել հունից. «Իմ հանրահավաքներից ոչ ոք դուրս չի գալիս: Մենք անցկացրել ենք պատմության մեջ ամենամեծ հանրահավաքները».
Բացի այդ, Հարիսը պնդել է, որ Թրամփը «ծիծաղի առարկա» է շատ օտարերկրյա առաջնորդների համար, նրան մեղադրել է ամբողջ աշխարհի բռնապետերի և ավտորիտար առաջնորդների հետ ընկերանալու մեջ:
Թրամփն իր ելույթի մեծ մեծ մասը նվիրել է անօրինական ներգաղթյալների խնդրին։ Ըստ նրա, հանցագործությունը զգալիորեն աճել է Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ «մեծ մասամբ հարավից հանցագործների և հոգեկան հիվանդների ներխուժման շնորհիվ»։
Բնականաբար, բանավեճը կենտրոնացած էր Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմների վրա։ «Ես կխոսեմ մեկի հետ, կխոսեմ մյուսի հետ, կհավաքեմ նրանց»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վլադիմիր Զելենսկիին և Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին. ըստ վերջին հարցումների՝ Հարիսն ու Թրամփը գրեթե հավասար վարկանիշ ունեն: Բայց չի բացառվում, որ այս բանավեճն էականորեն կբարձրացնի Քամալայի վարկանիշը: