Այ, հոգեկան հիվանդ, դո՛ւրս արի

Այ, հոգեկան հիվանդ, դո՛ւրս արի

Այս արտահայտության հեղինակն Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն է: Երեկ իր մոտ տեղի ունեցած եւ ընդհատված խորհրդակցության ժամանակ նա այդպես է դիմել փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին։ Ներկա են եղել նաեւ մարզպետարանի վարչությունների պետեր եւ խորհրդականներ: Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, եւ, մեր տեղեկություններով, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի եւ նրա միջեւ: Դրանից հետո մարզպետը փոխմարզպետին զրկել է խորհրդակցություններին մասնակցելու եւ իր աշխատասենյակը մտնելու իրավունքից, ասելով՝ «մաքրվի ստուց»: Շուրջ երկու ամիս առաջ Ա. Սարգսյանը խորհրդակցության ժամանակ մտել է մարզպետի աշխատասենյակ եւ փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն մարզպետը նրան դուրս է հրավիրել, որից հետո Սարգսյանը՝ իր հերթին, Դ. Գեւորգյանն իր հերթին գնացել են տարածքային կառավարման նախարարի մոտ՝ իրավիճակը ներկայացնելու: Դեպքից հետո մի քանի շաբաթ անընդմեջ մարզպետը խորհրդակցություն չի անցկացրել:

Եվ ահա երեկ Անահիտ Սարգսյանը նորից է փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն Դ. Գեւորգյանն ասել է՝ դուրս արի սենյակից, Ա. Գեւորգյանը պատասխանել է՝ դուրս չեմ գա։ Դ. Գեւորգյանը բորբոքվել է՝ այ հոգեկան հիվանդ, քեզ ասում եմ՝ դուրս արի սենյակից: Ա. Սարգսյանը, ներողություն խնդրելով աշխատակիցներից, տեղավորվել է իր աթոռին, Դ. Գեւորգյանը  կրկնել է՝ քեզ ասում եմ՝ դուրս արի, այ հոգեկան հիվանդ: Եվ երբ վերջնականապես համոզվել է, որ փոխմարզպետը համառում է, ընդհատել է խորհրդակցությունը եւ աշխատակիցներին դուրս հրավիրել՝ մնալով Ա. Սարգսյանի հետ: Չմոռանանք, որ վերջինս այս պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից:

Ինչ խոսք, մարզում եւ մարզպետարանում Դավիթ Գեւորգյանի այս պահվածքից չեն զարմանում, որովհետեւ, ինչպես ինքն է ստում, «ես հաց չեմ ուտում, քսանչորս ժամ աշխատում եմ, պարգեւավճար չեմ գրում ինքս ինձ, գործուղում չեմ գրում» եւ այլն:

Քանի որ Դ. Գեւորգյանը կտրականապես չի շփվում եւ ոչ մեկին չի ընդունում, բացի Աշտարակի քաղաքապետից եւ համայնքի երկու-երեք ղեկավարից, ինչպես նաեւ զանգերին չի պատասխանում, փորձեցինք այս տեղեկատվությունը ճշտել իր օգնական Մերի Բադալյանից, մանավանդ որ նախօրեին վարչապետը պետական պաշտոնյաներին հորդորել էր չխուսափել լրագրողներից, եւ ընդամենը «այո» կամ «ոչ» ասելու կարիք կար: Սակայն օգնականն իրեն պահում է Դավիթ Գեւորգյանի նման` հեռախոսին չի պատասխանում:

Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ի՞նչ չի կիսում մարզպետը փոխմարզպետի հետ եւ ինչո՞ւ է մարդուն վիրավորում ողջ աշխատակազմի ներկայությամբ:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ