Պողոսին փրկելու ժամանակը

Պողոսին փրկելու ժամանակը

Եվ այսպես, արձանագրենք, որ 21-րդ դարում Հայաստանը դարձավ առաջին պետությունն աշխարհում, որտեղ իրավագիտությունը պետական մակարդակով հայտարարվեց կեղծ կատեգորիա: Ապրիլի 5-ի հանրաքվեն ասվածի վառ ապացույցն է: Նշանակվել է նաեւ այդ խայտառակության պատասխանատուն, այսինքն՝ նա, ով պետք է նստի հետո, եթե մի հրաշքով Հայաստանում կրկին վերականգնվի սահմանադրական կարգը: Եվ այդ «երջանիկ» մարդը, սիրելի հայրենակիցներ, անգրագետ Պողոսն է:

Հանցագործության մղելուց առաջ որեւէ մեկը Պողոսի համար կարդացե՞լ է նրա իրավունքներն ու պարտականությունները: Չեմ կարծում: Ո՞ւմ դարդն է կտրվել, կամ ո՞վ է մտածել, որ Պողոսին նախ՝ պետք է իրազեկ պահեն, թե ուր են քշում իրեն եւ ինչու: Պողոսը չի արող ինքնուրույն գլխի ընկնել, որ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը շատ կարեւոր երեւույթներ են իր կյանքում, եւ չի կարելի դրանց դեմ գնալ «с ходу», այսինքն՝ հընթացս, այսինքն՝ ռադիոտեխնիկ Վահագն Հովակիմյանի կամ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի կոչով: Նկատենք, որ Պողոսը մինչ այս պահը փաստաբան էլ չունի, որ վաղը, մյուս օրը նրա շահերը պաշտպանի դատարանում, երբ դատավորը հարցնի՝ տո Պողոս, քյոխվեն կարող էր քեզ ասել՝ գնա մոստից քցվի, պիտի քցվեի՞ր: Թումանյանն է հրաշալի նկարագրել այդ տեսարանը.

Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն։

Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե՝ ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում։

Բա հետո՞… էլ ի՞նչ հետո: Գիտեմ, հիմա կասեք՝ ժողովրդին ոչ ոք չի կարող դատել, իսկ Պողոսը՝ դա հավաքական ժողովուրդն է, ու ինքն է որոշում: Միանգամայն համամիտ եմ, բայց դուք պատկերացրեք, թե ինչ կմտածի աշխարհը Հայաստանի մասին, երբ պարզվի, որ այդ երկրում ապրում է 650 հազար Պողոս, որի ձեռքով մարդկային բանականությունը պարտվեց ապօրինությանը: Կզարմանան, չէ՞, կասեն՝ բա էդ երկրում մի կենդանի իրավաբան չկա՞ր… Դրանից հետո ո՞ւմ բացատրես, որ Հայաստանում 1 շնչին 2 իրավաբան է հասնում, բայց 2018-ի ապրիլից այնտեղ իրավիճակ է փոխվել, տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ երկրի ղեկին են հայտնվել մարդիկ, որոնք բոլորի նման չեն մտածում: Երկրի վարչապետը, օրինակ, իր գրքում ամրագրել է, որ ինքը երբեք հետեւանքների մասին չի մտածում: Ասում է՝ եթե ես մտածեի հետեւանքների մասին, ոչինչ անել չէի կարող: Հիմա էլ նա Պողոսին է դրդում «այո» ասել մի բանի, որի հետեւանքները տակավին անհայտ են իր համար: Իրավաբանները մեռան ասելով՝ չի կարելի, մի արա, կդատվես: Ազդե՞ց: Միամիտ չլինեք: Հայաստանն օրենքի երկիր դարձնելու կոչերով իշխանության եկած Փաշինյանը, մեկ տարի անց, դատարանների վրա կազմակերպած գրոհով իրավագիտությունը հայտարարել է կեղծ կատեգորիա: «Ընչի Հայաստանում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի…»,- սա էլ՝ ապացույց:

Լավ, Պողոսն ի՞նչ կարող էր անել այս «безбашенный» իշխանությունների հետ, որոնք, ի լրումն այդ հատկանիշի, նաեւ ինքզինքը Հռոմի պապ ու Հիսուս են հռչակում: Իմ կարծիքով՝ դա սխալ մտածելակերպ է: Պողոսն ամեն ինչ էլ կարող էր անել: Պողոսը չէ՞ր, որ 2018-ին այս մանկապարտեզը լցրեց նախ՝ Երեւանի քաղաքապետարան, իսկ հետո՝ ԱԺ: Այսինքն՝ Պողոսն այնքան էլ անճար ու անմեղ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Այդ դեպքերից 2 տարի անց՝ 2020թ. ապրիլի 5-ին, Պողոսը կարող է դառնալ կրկնահանցագործ, իսկ դա մեր իշխանության, շատ կներեք, տանձին էլ չէ:
Էն Վահագն Հովակիմյանն ո՞ւր է, մի հատ ասեք՝ առաջ գա: Պարոն Հովակիմյան, ի՞նչ խնդիր եք լուծում այս հանրաքվեով՝ քաղաքակա՞ն, թե՞ իրավական:

Զգուշացնեմ՝ քաղաքական կապիկություններ անելու պահը չէ: Եթե դու «Հայկական ժամանակում» իրավաբան ու իրավագիտություն ես լուսաբանել, ես էլ արդեն 30 տարի պատգամավոր ու պատգամավորագիտություն եմ լուսաբանում: Եվ ուրեմն՝ գուցե պատմե՞ս, թե ինչպես հղացար երկրի մայր օրենքը տապալելու այս «մեծ» գաղափարը… Նիկոլի երեսին էլ մի նայիր, ես կուզենայի, որ դու պատմեիր… Գնում, այստեղ-այնտեղ հարցազրույց ես տալիս, թե սա քաղաքական որոշում է: Բա եթե որոշումը քաղաքական է ու մաքուր, ինչո՞ւ են եվրոպական կառույցներն ընկել ձեր հետեւից: Երեկ էլ վերջնականապես փառավորվեցինք՝ իմանալով, որ քեզ ընդգրկել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում: Դրանով, ինչ է, Փաշինյանը գնահատել է իրավագիտության բնագավառում քո նախընթաց հաջողություննե՞րը: Դու, որ «արագացված կարգով» համալսարանի մի քանի ֆակուլտետ ես ավարտել իրավաբանականից բացի, քեզ տեսնո՞ւմ ես այդ «մասնագիտական» հանձնաժողովում: Իսկ գուցե «նոր» Հայաստանի սահմանադրությունն է՞լ եք ուզում Պողոսի գլխին քաշել «քաղաքական քայլերով»:

Օֆ դե եսիմ: Այսպես ես կարող եմ անզգուշաբար «ոչ»-ի շտաբ բացել ու փչացնել ամբողջ գործը: Թող գնան, ինչ ուզում են անեն, թեկուզ Պողոսին հետեւները գցած՝ Նիկոլի պորտրետով քայլեն դեպի ընտրատեղամասեր: Քաղաքական է, չէ՞, քայլը: Ինձնից հասնում է Պողոսին հիշեցնել, որ նա 2018-ի դեկտեմբերին արդեն մեկ անգամ քաղաքական լուրջ սխալ է թույլ տվել ու կանգնել փաստի առջեւ, որ իր հետ բերել է Փաշինյանի իշխանությունը: Թվարկե՞մ դրանք, թե՞ հանրահայտ ճշմարտություններով ավելորդ անգամ չցավեցնեմ Պողոսի խիղճն ու ուղեղը: Պողոս ջան, ախպեր ջան, իրավաբան մարդիկ ասում են, որ սա արկածախնդրություն է, որ հանրաքվեի մասին որոշումն անգամ օրենքի խախտումներով են ընդունել, որ նախագահին ստորագրել են տվել՝ քեզ վստահություն ներշնչելու համար: Վաղն այս բոլոլայի կազմակերպիչներին որ դատեն, իշխանավորները պլստալու են, եւ մեջտեղում չոբան Չատիի պես դու ես մնալու, քո խղճին է ծանրանալու օրինավոր պետությունների շարքից Հայաստանը դուրս վռնդելու տխուր իրողությունը: