Ընդդիմության դեգրադացիան

Ընդդիմության դեգրադացիան

Այն, ինչ կատարվում է խորհրդարանական ընդդիմության հետ, մեզ կամաց վերադարձնում է «հին, բարի ժամանակներ»՝ երբ Ազգային ժողովում ունեինք կառավարելի ընդդիմություն՝ չնչին բացառություններով, որոնք ո՛չ որակ էին կազմում, ո՛չ կարողանում էին կանխել իշխանությունների քայլերը։ Եթե դեկտեմբերյան ընտրություններից հետո գոնե առաջին ամիսներին մենք տեսնում էինք, որ պաշտոնական ընդդիմությունը, հանձին «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի, իրական ընդդիմություն դառնալու փորձեր է անում, այսօր հսկայական քայլերով հետընթաց ենք նկատում։ Եվ դա արտահայտվում է ոչ միայն ամենավճռական պահերին իշխանությանն աջակցելու, նրա առաջարկներին՝ լինի օրենք, թե ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնյա, կողմ քվեարկելու ճանապարհով։

Դա արտահայտվում է նաեւ այն մթնոլորտով, կոմպրոմիսներով, ելույթներով ու հրապարակումներով, որոնք իրականացվում են ընդդիմադիր ճամբարի կողմից։ Եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն պահը, երբ երկրում եւ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն էականորեն կտարբերվեն իրարից, եւ ընդդիմությունը կդադարի ներկայացնել հանրության ընդդիմադիր հատվածի շահերը։ Եվ մենք ընտրություններից հազիվ 1-1,5 տարի անց կունենանք այն իրավիճակը, որ խորհրդարանն այլեւս չի արտահայտի հասարակական տրամադրությունները, ու նորից արտահերթ ընտրություններ անելու անհրաժեշտություն կառաջանա։

Հիշում եք, չէ՞, որ նախորդ ընտրություններն իրականացվեցին հենց այդ օբյեկտիվ հիմնավորմամբ՝ որ խորհրդարանը չի ներկայացնում հանրային տրամադրությունները։ Բայց այս անգամ, անշուշտ, արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա։ Նախ՝ որովհետեւ խորհրդարանը խաղալիք չէ, ընտրություններն էլ ամենամյա միջոցառում չեն, եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը հեշտությամբ դիրքերը չի զիջի։