ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փոխնախարարին գովերգում է «Ստամբուլյանի» թեմայով (ֆոտո)

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փոխնախարարին գովերգում է «Ստամբուլյանի» թեմայով (ֆոտո)

Արդարադատության նորանշանակ փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը մի քանի օր առաջ հյուրընկալվել էր «Սիվիլնեթի» տաղավարում, որտեղ խոսում էր «Ստամբուլյան կոնվենցիայից» ու դրա «արժանիքներից»՝ վստահեցնելով, թե այն իր մեջ «հայու գենին» սպառնացող որևէ վտանգ չի պարունակում։ Քրիստինեի այս հարցազրույցը հավանել էին շատերը՝ հիմնականում «Ստամբուլյան կոնվենցիայի» ակտիվ ջատագով իշխանավոր կամ իշխանամերձ օգտատերեր։ Բայց առավել ուշագրավն այն է, որ արդարադատության փոխնախարարի այս հարցազրույցը հավանել էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Օրինակ՝  ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակից Լիլիթ Օհանյանը կիսվել է Քրիստինե Գրիգորյանի այս հարցազրույցով և գովասանքի խոսքեր հղել նրան՝ կոչ անելով անպայման լսել նրա հարցազրույցը։ «Անպայման լսեք Քրիստինե Գրիգորյանի հարցազրույցը Ստամբուլան կոնվենցիայի վերաբերյալ։ Բրավո!!!»,-իր էջում գրել է ԱՄՆ դեսպանատան աշխատակցուհին։ 
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը հենց այնպես նման գրառում չէր անի, եթե վստահ չլիներ, որ դա դեսպանատան սրտով է և կամ տեղավորվում է ԱՄՆ դեսպանատան վարած քաղաքականության շրջանակներում։ Ուստի սրանից կարելի է ենթադրել, թե որտեղից են, իրականում, փչում «ստամբուլյան» քամիները։ Ասել է թե, Հայաստանում «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման մեջ առավելապես շահարգրգռված են հենց արևմուտքում, ի մասնավորի՝ ԱՄՆ-ում, և չի բացառվում, որ հայրենի կառավարությունն այս հարցում ստացել է ԱՄՆ աջակցությունն ու համապատասխան խրախուսանքի միջոցները, որ այդպես փութաջանորեն լծվել է օր առաջ այն վավերանելու «սուրբ» գործին։ Եվ այն իրականացնելու առաքելությունն իր ուսերին է վերցրել Քրիստինե Գրիգորյանը, որը, ասում են, հենց այս նպատակով է գործուղվել արդարադատության նախարարություն։ Բայց նախարարությունում միայն Քրիստինեն չէ, որ «Ստամբուլյանի» ջատագով է։ Նախարար Ռուստամ Բադասյանն ու մյուս առանցքային դեմքերը ևս այս կոնվենցիայի պրոպագանդիստներն են, և հիմա մեկը մյուսին հերթ չտալով՝  տարբեր հարցազրույցներով պարբերաբար գովազդում են  Կոնվենցիան, թե իբր դրա մեջ հայկական ավանդական ընտանիքի մոդելին ոչ հարիր որևէ արատավոր ու վնասակար դրույթ չկա զետեղված։ Նիկոլ Փաշինյանը թերևս հենց դրա համար է արդարադատության նախարարությունում այսպիսի «հավաքածու» ձևավորել՝ ազատվելով հակոտնյա կարծիք ունեցողներից, որ խանգարող չլինի իրենց միահամուռ ուժերով առաջ բրթել այս կոնվենցիայի վավերացման հարցը։