Աղավնի Գրիգորյան․ Համր կինո

Աղավնի Գրիգորյան․ Համր կինո

Կանաչ տետրում 
Կարմիր ուղղումներ են:
Կազմը խունացել է, թերթերը դեղնել,
Իսկ կարմիրը չի ջնջվում... 
Սպրդում է 
պնդերես ուղղորդումով ամեն
էջից... 

Գարշահոտ է...
Քթիդ է խփում, 
աչքերդ կծկծում են։
Փորձեցիր պատռել էջը, 
նետել աղբարկղը...

Խռպոտած, 
ժանգոտած`
չի նահանջում.
ճռճռում է,
ճաք տված հազով կառչում է 
աղբամանի եզրերից,
ուռչում, 
բարձրանում, 
ու քամու թեթեւ ձեռքով լցվում է
Փողոց։

Եվ ջնջում է անցորդներին՝
Աջ-ձախ, վերեւ-ներքեւ։
Խաչմերուկը անցել, 
նայում է պատուհաններին՝
դիմացի բարձրահարկի…

Ու չի բռնկվում լուցկին թաց, թե այրվեն
տետրերը բոլոր կանաչ` կարմիր ուղղումներով...

ԱՆԳԼՈՒԽ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Փողոցով հեծանիվ է անցնում. 
«Անգլուխ ձիավորը» հիշեցի...
Ակները պտտվում են, մետաղը զնգո՜ւմ ...
Իսկ ձեռքեր չկան ղեկին...
Հեծանիվ է` գնում է...
Ուր խելքին փչի,
Ուր քամին փչի...
Ուր քամուն ստիպեն` փչի...

***
Ի՜նչ արագ է փոխվում կինոն
Համր էկրանին։
36 կադր առաջ հերոսություն էր` 
մեռնել Սպարապետի կանչով...
Հիմա հերոսանում են կանչով 
հեծանվապետի
եւ դեռ հասցնում կինոն` նկարել...

Սահմանի վրանները 
գիտեն լռության գինը։
Ուրիշ, ուրի՜շ վրաններ են 
մայրաքաղաքի շուրջ։

Այսօր աղմուկը թագադրեցին, 
իսկ թագն արդեն ընկել է 
աչքերին։
Ու չի տեսնում ու չի լսում ոչինչ...
(Երջանիկ է գուցե...)։
Իսկ խարույկի շուրջ նոր լեգենդ է հյուսվում.
«Ասում են` ակներն արագ 
պտտելիս 
կարելի է խաղաղության պատրանք ստանալ...
36 կադր գոնե...»։
Սահմանի վրանները 
գիտեն Լռության գինը։
Ուրի՛շ...
Ուրի՛շ վրաններ են։

***
«Կեցցե´ տրամաբանությունը», 
«Կեցցե´ գիտությունը», 
«Կեցցե´ արվեստը» 
պաստառներն իջեցվել են վաղուց պահեստ`
«անպետք» պիտակավորմամբ։
Այսօր, փառատոնային օրվա բացմանը, 
դրանք նոր կյանք ստացան:
Պահեստապետի հմուտ 
աճպարարությամբ
ներկվեցին երեք շերտ աերոզոլով
(համ արագ է չորանում, 
համ տակի գիրն է իսպառ ջնջվում)
ու մեխվեցին գլխավոր 
հրապարակում։

«Կեցցե´ հեծանիվը»,
«Կեցցե´ հեծանիվը»,
«Կեցցե´ հեծանիվը»։

ԹՂԹԵ ԵՐԿԻՐ

Մառախուղ է.
Թղթե երկրի պարիսպները 
հալվում են անձրեւից... 

Կարկուտ է. 
թղթե երկրի տանիքները ծակվել են... 
(կարկուտի՞ց...):

Երաշտ է, 
իսկ թղթե երկրում երկաթե 
ջրաման չկա։ 
Եվ այրվում են թեւերը 
թղթե հավքերի` 
մեկ առ մեկ։ 

Թղթից դուրս 
ինչ կա՝ 
խեղճ է, 
տկլոր ու 
ծակծակ։ 

«Էվրիկա՜»՝ 
ճառագում է 
գլխավոր թղթագետի գլխում:

Ու ինչ չկա` 
նկարում են.
սիրուն ծիածան, 
գունավոր շենքեր, 
երջանիկ փողոցներ, 
ու մեծ, մե՜ծ երկիր` 
թղթի վրա։ 

Քամի է. 
թուղթը ճմռթել, շպրտում է 
այս-այն կողմ` 
ցեխոտ, 
կծկված…

5165

Որովհետեւ ամեն ինչ
գլխիվայր է հիմա,
գետնին մոտ լինելը խրախուսելի է,
եւ հրամայված է խուզել 
տասը մետրից բարձր ամեն բան.
գլխատել,
սղոցել,
կտրել,
մոռանալ...

Ամենուր մկրատներ են`
ցցված գլուխները թռցնող։

Իսկ դեղատներում 
«Արագած» մոդայիկ անվամբ 
անվճար հաբեր են բաժանում...

ՑԱՏԿԱՊԱՐԱՆ

Աջ - շեփոր, անկախություն,
Ձախ - բռունցք՝ միացում:

Աջ - մոմի լույս, կտրոններ,
Ձախ - դվիժոկի արքաներ, 
կրակոցներ քաղաքում:

Աջ - երեսուն տարի՝ երեսուն ոսկով,
Ձախ - նախորդ յոթանասունն էլ՝ վրադիր…

Աջ - թարմացում. միտինգներ, գործադուլ, հացադուլ,
Ձախ- ծափեր` քայլելով (հպարտ), դըմփ-դըմփ-հու:

Աջ - հեղափոխություն,
Ձախ - տեղափոխություն:
Անմիջապես.
Աջ՝ Սեւ, Ձախ՝ Սպիտակ, Աջ՝ Սպիտակ, Ձախ՝ Սեւ…
Ծափեր (շարունակական):

Աջ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»,
Ձախ՝ «իրո՞ք…»:

Աջ - Պատերազմ:
Ձախ - #հաղթելու ենք (հրապարակային), աղոթող ձեռքեր 
(ծածուկ):
 
Աջ - աջ ձեռք, ձախ ոտք (պարկերում) անծափ….
Ձախ՝ «սա ֆիլմ չէ, որտեղ անպայման HAPPY END է լինում»:

Աջ՝ չորս հազար նահատակ-մատաղացու,
Ձախ- ծափեր՝ չորս, հինգ, տասը հազարով (խմբագրված):

Աջ - հացի հերթ: Հաց չկա՝ 91
(Հայաստան)
Ձախ - հացի հերթ: Հաց չկա 023 (Արցախ…)

Աջ - Եռաբլուր, լռություն…
Ձախ՝ Ծիծեռնակաբերդ, ապրիլ քսանչորս, 024 (աղմուկ)…

Աջ՝ «Արցախը Հայաստան չէ եւ վերջ»
Ձախ՝ ՎԵ՞ՐՋ…
Աջ, Ձախ՝ Հայր մեր (շշուկով, զգուշավոր… համարյա արգելված):

Հեղինակ (կադրից դուրս)- Ցա՞տկ, թե՞ պարան… Ցատկ կամ՝ վերջ:
Տիտրեր (լատինատառ, կիրիլիցա, այլատառ):

տես` 10 տող վերեւ` «սա ֆիլմ չէ...»
ուստի`
HAPPY END չիք։

Հետհաշվարկ 

23 կմ…21…20 կմ
9, 8, 7 կմ…
Հետո երբ կմնա
երկու ակի տեղ,
մի ոտնատեղ,
առաջնորդը գրողի ծոցը կուղարկի 
ամենքին ու ամենը՝ մինչ այդ ասված. 
ցինիկ հպումով կսեղմի «ուղարկել» կոճակն 
ու մինչեւ նամակը՝հատ-հատ անուններով 
ու դավաճան մանրամասներով
կաթվածահար կանի մատրիցան,
տոմսեր կգնի դեպի` 
«ուր պատահի»։
Սե լա վի:

Մյուսները ուղղակի չեն հասցնի.
(«Զրո»-ն արդեն շնչում է 
պատուհանին,
թակում է ապակին ու ծռմռված ժպիտ նկարում
գոլորշով…)
Կպարե՜ն ինքնամոռաց...
Կերգեն… մի ոտքի վրա 
կանգնած` ծափ զարկելով
Կենացը «Զրո»-ի:

ԾԱՂԿՈՂՆԵՐ

Ցանկապատերը 
նկարազարդելու 
մրցույթ է 
հայտարարված 
երկրով մեկ։
Մեկը 
մյուսից 
գունեղ 
դրվագներ են 
վրձնում 
Ծաղկողները` 
ցանկապատի 
կսկիծն 
ամոքելու 
համար։

Իսկ օրացույցին Նոյեմբեր է...

***
Ամենատխուրը ափերն են գետի...
Կամուրջը կա՛, 
կամուրջ անցնողը չկա՛,
որ ոտնամաններին կպած հողը 
մի ափից բերի մյուսին։

Ամենատխուրը լռելյայն զանգերն են եկեղեցու,
երբ խաչն իջեցված է,
իսկ գմբեթը թրատված...

Ամենատխուրը հիշողությունն է Կանաչի,
որ ոչ մի կերպ չի մեռնում 
օրերում մոխիր...

Ամենատխուրը մարդն է, 
որ ունի ծննդավայր, 
որ է՛լ չկա քարտեզին աշխարհի...

***
Փոքր հայրենիքները 
կուլ են գնում մեծերի անկշտությանը։
Փոքր հայրենիքները
մեռնում են ամեն հեռացողի հետ`
կարոտի հասցեում։
Իսկ ծով չկա... (հորինել էին...):

Եվ փրկություն է կամ նախախնամություն. 
փոքր հայրենիքները 
վեր, բարձր լեռներում են։
Դժվարանցանելի:
Մենակյաց` ճգնավորի պես։
Երանելի` երկինքների մոտիկությամբ։
Անտարբեր`ցածում ծվարած 
գիշատիչ ոռնոցներին։
Հոսում են սարն ի վար`
գետերով ձնհալի,
որպեսզի ջրերը, 
չհոգնող ջրերը 
պատմեն ափերին, 
դաջեն ափերին 
անունը
ՀՈՂԻ:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ