Ով է Արարատ Միրզոյանի դեմ «դավադրության» հեղինակը

Ով է Արարատ Միրզոյանի դեմ «դավադրության» հեղինակը

Իշխանությունը նախանձելի օրեր չի ապրում, իր դեմ պայքարողներն իբր քիչ էին, վերջին օրերին էլ Ազգային ժողովում իմքայլականներն են իրար միս «ուտում»։ Չէին հասցրել մարսել  ԲՀԿ-ական պատգամավորի նախաձեռնության պատճառով իմքայլական երկու պատգամավորների միջեւ ծագած վեճը, երեկ նորը բռնկվեց ու կրկին՝ իշխող խմբակցությունում։ «Ռազբիրատն» այս անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ մի խումբ պատգամավորների միջեւ էր, որոնց «մեղքով» տապալվել էր Միրզոյանին վերաբերող օրինագիծը։ Խոսքը պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Արարատ Միրզոյանի թիմակից Աննա Կարապետյանի հեղինակած նախագծի մասին է, որով առաջարկվում է, որ Միրզոյանին հնարավորություն ընձեռվի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:

Հիշեցնենք․ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ այնպես գրեցին օրենքը, որ ԱԺ եւ ՀՀ նախագահները դուրս մնացին Անվտանգության խորհրդի կազմից։ Այն ժամանակ մենք բազում հրապարակումներ արեցինք այդ թեմայով, սակայն ապարդյուն՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններ էին բերվում, թե ԱԺ եւ հանրապետության նախագահների մասնակցությունն ԱԱԽ նիստերին անհրաժեշտ չէ։ Հիմա, փաստորեն, նոր խորհրդարանի խոսնակը փորձում է օրենքով ամրագրել իր ներկայությունն ԱԱԽ-ում։ Եվ նրա մերձավոր շրջապատը նման նախագիծ է ներկայացրել, որը երեկ քվեարկվեց։

Եվ այսպես․ նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 20-ը: Դեմ էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, պատճառաբանությունն էլ այն էր, թե իշխանությունը մերժել է իրենց այն առաջարկը, որ ԱԱԽ նիստերին մասնակցեն նաեւ խմբակցության ղեկավարները։  ԲՀԿ-ականներն էլ ձեռնպահ էին, քանի որ, ամենայն հավանականությամբ, «մուռ» էին հանում իրենց դասեր տվող իշխանականներից, որոնք մեկ օր առաջ կազմակերպված արշավ իրականացրին Գեւորգ Պետրոսյանի եւ ԲՀԿ-ի դեմ միայն այն պատճառով, որ Պետրոսյանը միասեռականների մասին նախագիծ էր բերել խորհրդարան։ Է՛լ լատենտ գեյ, է՛լ քողարկված համասեռամոլ՝ իշխանականները, ազարտի մեջ ընկած, ինչ ասես չասացին ընդդիմադիր գործընկերներին։ Ինչեւէ, «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունը չկարողացավ ապահովել սահմանադրական օրենքի քվեարկության համար պահանջվող  81 ձայնը, եւ այն տապալվեց։

Գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորներից բացի, նիստին անհայտ պատճառներով չէին ներկայացել եւս 15-ը։ Ըստ ԱԺ կայքի՝ գործուղման էին Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչ Հակոբյանը։ Իսկ անհայտ պատճառներով բացակայում էին Հովհաննես Իգիթյանը, Արման Բոշյանը, Թագուհի Ղազարյանը, Սուրեն Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Արգիշտի Մեխակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արեն Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արմեն Խաչատրյանը։ Թագուհի Թովմասյանն էլ, ըստ ԱԺ կայքի, ներկա էր, բայց չէր մասնակցել քվեարկությանը։ Նիստից հետո մեր զրույցում նա ասաց, թե կողմ է քվեարկել՝ «հավանաբար, տեխնիկական խոտանի պատճառով չի գրանցվել իր քվեարկությունը»։ Ի դեպ, գործուղման մեջ գտնվող պատգամավորները կարող էին նաեւ գրություն թողնել իրենց քվեարկության մասին, բայց չէին արել, բացառությամբ Արման Եղոյանի եւ Սոնա Ղազարյանի, բայց վերջինի ձայնը հավանաբար տեխնիկական պատճառներով չգրանցվեց։ Քվեարկությունից րոպեներ անց իշխանության ներսում հերթական «բոլոլան» սկսվեց։

Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով «Իմ քայլի» ժանդարմի դերն է ստանձնել, վայրկյաններ անց քարտուղարությունից վերցնելով քվեարկության պատկերը՝ արագ հեռացավ դահլիճից։ Հետո պարզվեց, որ Արարատ Միրզոյանը նրան եւ Սիփան Փաշինյանին կանչել է իր մոտ՝ պարզելու, թե ինչպես եւ ումով տապալվեց օրինագիծը, որ քայլեր ձեռնարկեն։ Նրանք փորձել էին ԱԺ նախագահին համոզել, որ պատգամավորները նիստից ուշացել են խցանումների եւ այլ հարգելի պատճառներով, եւ ոչ մի դավադիր ծրագիր չի եղել օրենքը տապալելու։ Ապա Միրզոյանը եւ Սիմիդյանը հատ-հատ հաշիվ են պահանջել ուշացողներից, որոնք, ի դեպ, քվեարկության ավարտից շատ չանցած՝ ներկայացան խորհրդարան ու լրագրողներին վստահեցնում էին, որ կա՛մ խցանման մեջ են մնացել, կա՛մ անձնական գործեր են ունեցել։ Ի դեպ, Միրզոյանի շրջապատում հիմնավոր կասկածներ կան, որ նրա դեմ օպերացիան հրահանգված է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով չի ուզում Միրզոյանին ուժեղացնել։ Չնայած կառավարությունը դրական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն այնքան էլ կողմ չէր քաղաքական մեծամասնության առաջարկին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության լիազոր մարմին է, ուստի կառավարությունը կարծում է, որ պետք է խորհրդին անդամակցեն գործադիր իշխանության ներկայացուցիչները: