Հասարակություն

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Խաղաղ հավաքների ազատության մոնիտորինգ է իրականացրել եւ զեկույց պատրաստել` 2024 թվականի հունվար-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: 

Զեկույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ընդգրկել է այդ ամիսներին կայացած հավաքների ողջ վիճակագրությունը եւ վերլուծությունը: Ընդգրկված է նաեւ բռնությունների, ձերբակալությունների, հատուկ միջոցների կիրառման, ընդդիմադիր շարժումների դեմ կիրառված հակաքարոզչության, սադրանքների եւ ճնշումների ամբողջ սպեկտրը: 

Զեկույցի վերջում հեղինակը ամփոփ եզրակացություն եւ առաջարկություններ է արել պատկան մարմիններին: Քանի որ շատ քիչ իրավապաշտպաններ են նման դիտարկումներ անում այսօր եւ անաչառ զեկույցներ ներկայացնում միջազգային հանրությանը, ուստի հրապարակում ենք Զեկույցի «Եզրակացություն» բաժինը.

«Նախորդ ժամանակահատվածների մշտադիտարկման վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակած զեկույցներում պարբերաբար բարձրաձայնված խնդիրները շարունակել են խորանալ։ Բազմաթիվ տեսագրությունների և հստակ ապացույցների պայմաններում ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելը, ընդդիմադիր պատգամավորին տասնյակ ոստիկանների կողմից ծեծելը, կյանքի համար վտանգավոր նռնակները ուղիղ մարդկանց ուղղությամբ նետելը և այլ ապօրինի դրսևորումները ոչ միայն մնում են անարձագանք, այլև հաճախ արդարացվում են քաղաքական իշխանության կողմից։ 

Ոստիկանության հատուկ միջոցների համար սահմանված չափանիշները պիտանի և բավարար չեն և չեն կարող իրավաչափ հիմք հանդիսանալ դրանց կիրառման համար, նաև հաշվի առնելով առկա փորձը և լուսաձայնային նռնակների մշտապես ոչ իրավաչափ կիրառման գործելաոճը։ Քանի որ դրանց հետագա կիրառության մասին տեղեկությունները այլևս գաղտնագրված են, կարելի է ակնկալել հաշվետվողականության իսպառ բացակայություն։ Այս ամենին գումարվում են ոստիկանության վարչարարության այլ խնդիրները, օրինակ՝ ոստիկանների կողմից տարբերանշանները ոչ միշտ կրելը, անձնական հեռախոսներով ցուցարարներին նկարելը և այլն։ 

Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՀՀ հանձնառություններին հակասող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը շարունակում է ուժի մեջ մնալ և կիրառվել բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր ցուցարարներին ձերբակալելը և կալանավորելը դարձել է ուժային կառույցների համար հիմնական ներգործության միջոցներից մեկը։ Միևնույն ժամանակ 2020 թ․-ից մինչ օրս ընդդիմադիր հավաքների մասնակիցներին ծեծի և բռնությունների ենթարկելու, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ 

Այս ամենը տեղի է ունենում իշխանական և իշխանամետ շրջանակների կողմից պարբերաբար տարվող և ուղղորդված հակաքարոզչության, հավաքների ազատության իրավունքից օգտվող ընդդիմադիրների նկատմամբ սպառանլիքների պայմաններում։ Քանի որ Հայաստանում ՔՊ կուսակցության իշխանությունը, իր օրենսդիր, գործադիր և այլ լծակներով իրականացվում է բացառապես միանձնյա, ակնհայտ է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի համար մնում է միակ ճանապարհը՝ փորձելու որևէ կերպ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա։ Մինչդեռ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ։ Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հունվար - հունիս, 2024 թ․) 

Հաշվի առնելով ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image