Լսածն ու կարդացածն ադեկվատ ընկալող մարդիկ կատաստրոֆիկ նվազել են մեր շրջապատում: Երբեմն մտածում ես` ինչ բառերով գրես պարզ միտքը, որ հասկանալի լինի, քանի որ անգամ գրագետ մարդիկ են սկսել դժվար ընկալել: Իհարկե, կան նաեւ այնպիսիները, որոնք շատ լավ էլ հասկանում են, բայց իրենց «չհասկացողի» տեղ են դնում կամ փորձում մանիպուլացնել գրածդ` ներկայացնելով իրենց համար շահեկան տեսանկյունից: Վերջերս 2 նման միջադեպ եղավ, որի մասին ուզում եմ գրել: Մեկը վերաբերում էր «Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Գեղամ Նազարյանին` հերոսի մահով ընկած Աբգար Նազարյանի հորը, ով 2020 թ. պատերազմից հետո շատ սուր ընդդիմադիր էր այս իշխանություններին, իսկ վերջին տարիներին նվազեցրել է «ընդդիմանալու» դոզան եւ բազմաթիվ հայտարարություններ արել, որի պատճառով մեծ թվով մարդիկ սկսել են կասկածել նրա` իրական ընդդիմադիր լինելուն:
Չեմ բացառում` գուցե այդ կասկածները հիմք չունեն, գուցե չափազանցված են ու անարդար: Գուցե մարդը հոգնել է պայքարից, եւ, իսկապես` զոհված որդին եկել է երազին ու հորդորել «ներել Նիկոլ Փաշինյանին», ինչպես ինքն է ասում: Գուցե Կիրանցում նրա պահվածքը բացատրվում է նրանով, որ ուզում է՝ իր հայրենի գյուղն ամեն կերպ գոյատեւի, եւ ջանքերը բացառապես դրան են ուղղված, այլ ոչ թե «սահմանազատման» գործընթացն արդարացնելուն:
Բայց մարդիկ կարող են այդ բոլոր դրսեւորումները պատահականություն չհամարել, այլ խորքային պատճառներ տեսնել: Ինչպես ասում են` բոլորի բերանը չես փակի: Եվ մեր հեղինակներից մեկը նման մի հրապարակում էր արել` Գեղամ Նազարյանի պահվածքը որակելով «տարօրինակ» ու հարցնելով` «Գեղամ Նազարյան, եթե կիսում եք ՔՊ-ի գաղափարները, ինչպե՞ս եք հայտնվել ընդդիմադիր դաշտում»: Այս հոդվածն այնքան էր զայրացրել Գեղամ Նազարյանին, ում այս հարցադրումներն ուղղում են արդեն 1-2 տարի եւ ամենատարբեր մարդիկ, որ նա լայվ էր մտել եւ հայտարարում էր, թե ««Հրապարակը» ստում է»:
Իսկ ո՞րն է սուտը, եւ ի՞նչ հարցում է ստում «Հրապարակը»` այդ հոդվածը ոչ թե տեղեկատվություն էր փոխանցում, այլ վերլուծում էր, տեսակետ էր հայտնում, հարց բարձրացնում: Իսկ ինչո՞ւ հանրային գործունեություն իրականացնող մարդուն չեն կարող քննադատել կամ հարցեր առաջադրել: Եթե որեւէ անձ` լինի նախկին լրագրող ու խմբագիր, զոհվածի հայր կամ հանրային գործիչ, որոշել է քաղաքական գործունեությամբ զբաղվել, օրենսդրական աշխատանք կատարել, պետք է պատրաստ լինի, որ իր համար ոչ հաճելի կարծիքներ էլ կարող են հնչել` քննադատություն, կասկածներ, դիտողություններ եւ այլն: Բոլորի բերանը չես փակի եւ չես արգելի մտածել ու արտահայտվել:
Երկրորդ դեպքն ավելի ուշագրավ է. Ազգային ժողովն արդեն մի քանի տարի ավագ դպրոցի աշակերտների համար Ամառային դպրոց է կազմակերպում: ԱԺ-ի հաղորդմամբ. ««Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է՝ Երեւանի եւ հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ: Ընտրվել է 51 աշակերտ՝ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից»:
Երբ տեղեկատվություն ստացանք, որ Ամառային դպրոցի սաներին դասախոսություն են կարդացել Ալեն Սիմոնյանը, ապա՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, մի փոքրիկ լուր գրեցինք: Հաշվի առնելով նաեւ այն, որ դրանից օրեր առաջ էլ գյուղերից մեկի 4-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյանն էր ընդունել կառավարությունում եւ երկար զրուցել` անգամ իր սիրելի սահմանային սյուները ցույց տվել, գրել էինք, որ ՔՊ-ն «զբաղված է մատաղ սերնդի ուղեղները լվանալով»: Պարզվեց` ՔՊ-ի «ցավոտ տեղերին» ենք կպել: Հաջորդ օրը մի քանի ՔՊ-ական պատգամավորներ, որոնք առանց վերադասից իջեցված հրահանգի ոչինչ չեն անում, արձագանքել էին մեր լուրին: Բայց, որ ավելի ուշագրավ է` Ամառային դպրոցի սաներին հրավիրել էին Հանրային հեռուստատեսություն, եւ «մեծն» Պետրոս Ղազարյանն անձամբ հարցազրույց էր վարում այդ երիտասարդների հետ` նրանց հարցնելով` «ձեր ուղեղները լվացե՞լ են»: Տաղավարում հայտնված «չլվացված ուղեղներով» պատանիները մեծ եռանդով հերքում էին, թե ոչ ոք չի լվացել մեր ուղեղները, եւ Պետրոսի ուղղորդմամբ «քլնգում» էին «Հրապարակը»` «սուտ տեղեկություններ» գրելու համար: Պետրոսն էլ նրանց մխիթարում էր, թե` դեռ շատ ստեր կլսեք կյանքում:
Նախ, միայն այդ զրույցը լսելը բավարար էր՝ հասկանալու համար, որ ոչ հասուն այս երեխաներին արդեն հիմնովին թունավորել են եւ, իսկապես` «ուղեղները լվացել», երկրորդ` եթե այդ երեխաները չեն տարբերում տեղեկատվությունը կարծիքից ու գնահատականից, ապա հաղորդավարն ու Հանրային հեռուստատեսության անձնակազմը, կարծում ենք` շատ լավ տարբերում են: Այստեղ աշխատակազմի կորիզը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակի» կոլեկտիվն է, որը կարող է բացել ՀԺ-ի պատահական մի համար ու տեսնել, թե ինչ գնահատականներ ու վերլուծություններ են արվել այնտեղ տարիներ շարունակ, ինչքան` շատ ավելի վիճելի կարծիքներ ու մեկնաբանություններ են հնչել, բայց որեւէ մեկի մտքով չի անցել կարծիքի, մեկնաբանության մասին ասել` «սուտ է»: Որովհետեւ տեղեկությունն ու գնահատականը շատ տարբեր բաներ են, սուտ կարող է լինել ինֆորմացիան, այլ ոչ թե մարդու կարծիքն ու եզրահանգումը:
Արեգ Մարգարյան