«Հրապարակ». Եթե արցախցիները չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չպետք է օգտվեն այդ ճանապարհից

«Հրապարակ». Եթե արցախցիները չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չպետք է օգտվեն այդ ճանապարհից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը  դժգոհության ալիք է բարձրացրել Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներում։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան մարդիկ են տեղափոխվում։ 

Դրանից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին, թե ինչպես են մեր հայրենակիցներն անցնում ադրբեջանական անցակետով՝ անձնագրային ստուգում անցնելով: «ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում եւ Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթեւեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց»,- ասվում է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ, ինչից կարելի է հասկանալ, որ շուտով ականատեսն ենք լինելու կանոնավոր ուղեւորափոխադրման։

Իսկ սա, ըստ Արցախի քաղաքական շրջանակների, կնշանակի լեգիտիմացնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետն ու ընդհանրապես հակաարցախյան օրակարգը։ Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը շուրջ վեցամսյա շրջափակման պատը փորձում է ճեղքել՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով, եւ սրանով առաջին քայլն է արվում Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրման գործընթացում։ Մինչդեռ Արայիկ Հարությունյանը Ալիեւի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու եւ ինտեգրման գործընթաց սկսելու հայտարարություններին ի պատասխան, բազմիցս ընդգծել է Արցախի կարմիր գծերը՝ վստահեցնելով, որ չեն շեղվելու պայքարից եւ հավատարիմ են մնալու իրենց իսկ հայտարարած կարմիր գծերին։

Դիցուք՝ Արցախում հիշում են այս տարվա փետրվարի 23-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին Հարությունյանի ելույթի այն մասը, որում բառացի ասում է․ «Շրջափակումը պետք է վերացվի, եւ Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որեւէ ներգրավվածության»։ Իսկ երբ ամիսուկես առաջ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանցիներն անցակետ տեղադրեցին, եւ մոտ մեկ տասնյակ մարդ անձնագրային ստուգում անցնելուց հետո մուտք գործեց ՀՀ, Արցախից պաշտոնապես մեկնաբանեցին, որ այդ ստուգումը՝ ադրբեջանցիների կողմից, անակնկալ է եղել իրենց համար, այսպես կոչված՝ դավադրություն:

Մինչդեռ այսօր փաստացի ստացվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ եւ հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ: Իշխանությունների այս պահվածքը վրդովմունք է առաջացրել Արցախի ընդդիմադիր շրջանակներում, նրանք պարզաբանումներ են պահանջում իշխանություններից։
Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձեւավորած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը, որի մասն են կազմում նաեւ խորհրդարանական չորս ուժերը, երեկ դատապարտեց այս որոշումը․ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝

- անհապաղ վերանայել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթեւեկի վերաբերյալ որոշումը:

- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման, ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երեւույթից:

Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»:

«Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան կարմիր գծի հատում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա անխափան, անխոչընդոտ ցամաքային կապ, դա մեզ համար կարմիր գիծ է եւ դա այսօր հատված է»,- ասում է ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։ Նա ընդգծում է տեղի ունեցածի անթույլատրելիությունը, նաեւ նշում է․ «Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից՝ անգամ եթե իշխանությունները կազմակերպում են այդ ուղեւորափոխադրումները։ Սա այն հարցն է, որտեղ պետք է նմանատիպ կամք դրսեւորեն ե՛ւ ԱՀ իշխանությունները, ե՛ւ ԱՀ ողջ բնակչությունը, քանզի միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեզ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել, որ չլինի, հիմա ասում ենք՝ պարզապես չպետք է օգտվել այդ ճանապարհից»։

Որոշ տեղեկություններով, նախօրեին անցակետով տեղափոխվող ուղեւորներից մեկին, որը զինվորական սպա է եղել, ադրբեջանցիները թույլ չեն տվել անցնել, ինչը նշանակում է, որ նրանք նաեւ իդենտիֆիկացնում են մարդկանց՝ ունեն համապատասխան տվյալների բազա։

Այս ամենի մեջ, իհարկե, մի տխուր իրողություն էլ կա՝ ռուս խաղաղապահները եւ ռուսական գործոնն իսպառ դադարել են որեւէ դերակատարում ունենալ Արցախում։ Եվ արցախահայությունը մնացել է մենմենակ՝ ադրբեջանական ագրեսորի դեմ-հանդիման։ ՀՀ իշխանություններից էլ չեն կարող որեւէ օգնություն ակնկալել, որովհետեւ նրանց դավաճանական քաղաքականությունն Արցախի հարցում այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ։