Բաթոյանական արմանք-զարմանք քայլը

Բաթոյանական արմանք-զարմանք քայլը

Քիչ առաջ «Հրապարակի» խմբագրություն եկավ առաքիչը և մի անանուն նամակ փոխանցեց, որում ասվում է, թե սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հերիք չէ աշխատանքի է ընդունել քրոջ տեգրոջը, դեռ մի բան էլ նրան 2  առանցքային պաշտոն է վստահել։

«Պարզվում է՝ հետհեղափոխական կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք շարժվում են հին ու ավանդական մեթոդներով և իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորում են աշխատանքի, այն էլ՝  խախտելով միանգամից մի քանի նորմեր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր խորհրդական Ստեփան Մաչյանին նշանակել է նախարարարության ֆինանսատնտեսագիտական և հավապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև, ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Ասել է թե՝ նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահել է մի մարդու։ Հիմա երկու խոսք տվյալ անձի ՝ Ստեփան Մաչյանի մասին։ Վերջինս, պարզվում է, որ Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան ՄաչյանըԶարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է։ Այ թե բարեկամություն եմ ասել։ Նախարարության աշխատակիցներն ամեն րոպե ահուսարսափի մեջ են կրճատման վտանգի պատճառով, իսկ Զարուհին իր բարեկամին միանգամից 2 խոշոր պաշտոն է նվիրում։ Դուրս է գալիս՝ համակարգն էնքան վատ վիճակում է, որ սուպերմեն է հարկավոր՝ հանձին Ստեփանի, ով, իմիջիայլոց, հետևյալ պաշտոնները ստանձնելու համապատասխան աշխատանքային ստաժ չունի։ համենայնդեպս՝ գլխավոր քարտուղարի համար հաստատ չունի, բայց ոնց որ վարչության պետի էլ չի ձգում։ Մեծ ամոթ Զարուհի Բաթոյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս, որ ներ Հայստանում տեղի ունենան նմանօրինակ դեպքեր։ Նման լկտի քայլ անգամ նախկինում չէր արվում։ Դժվար է հիշել մի դեպք, որ համապատասխան որակավորում չունեցողին անկուշտի պես միանգամից 2 պաշտոն տային, ինչքան էլ բարեկամ լիներ։ Իմիջիայլոց պետական ապարատում մի շատ ցածր պաշտոնի անցնելու համար 100 ձևի թուղթ են ուզում, բայց պարզվում է, որ առանց դրանց էլ կարելի է շատ բարձր պաշտոններ ստանալ, եթե ունենաս Զարուհի Բաթոյանի պես բարեկամ»։ 

Սոցապ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում Մաչյանի 2 պաշտոն զբաղեցնելու հանգամանքը մեկնաբանեց հետևյալ կերպ, որ նա զբաղեցնում է մի պաշտոն՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը, սակայն նրան են վերապահվել նաև նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները։