Մանկապատանեկան խորհրդարան

Մանկապատանեկան խորհրդարան

Երեկ ԱԺ նիստերի ամբողջ ընթացքում նորաթուխ պատգամավորները մնացին նստած դահլիճում` ելումուտ-ծխել չկար, օրվա երկրորդ կեսին նրանք արդեն դանթում էին ու ահավոր ձանձրանում, որովհետեւ ելույթները խիստ անհետաքրքիր, ոչ քաղաքական էին, շատ դեպքերում էլ որեւէ կապ չունեին քննարկվող խնդրի հետ:

«Դըմփ-դըմփ-հու»-ի սովոր հեղափոխականները` երկրի քաղաքական-ներկայացուցչական մարմնի առաջին նիստի ողջ ընթացքում ծափ էին տալիս ամեն ելույթից հետո, ինչը նոնսենս էր պառլամենտի համար, փաստը շարժում էր բազում գումարման խորհրդարանների աշխատանքը լուսաբանած լրագրողների եւ աշխատակազմի զարմանքն ու ծիծաղը. «Ոնց որ կոմունիստների ժամանակները լինեն»,- ասաց ԱԺ հնաբնակներից մեկը։ Դրա ապացույցը նաեւ ԱԺ նախագահի միաձայն ընտրվելն էր, ինչը նույնպես «նոու-հաու» էր պառլամենտական 30 տարիների պատմության մեջ: