Ի՞նչը մուծի, ինչքա՞ն մուծի, մենակ մուծի՞

Ի՞նչը մուծի, ինչքա՞ն մուծի, մենակ մուծի՞

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում, որ «Սպայկայում» իրենց գործողությունները կարող է վախեցնեն մյուս ներդրողներին ու գործողություններին։ «Կարող է վախեցնեն, բայց մենք պետք է, որպես հանրություն, իրար հետ պայմանավորվենք։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, նախօրոք ներողություն եմ խնդրում, պատկերացրեք՝ մարդասպանն ուզում է ներդրումներ կատարի, ու իր մարդասպանությունը բացահայտվում է, ու քրեական գործ է հարուցվում»,- ասաց Անանյանը։

- Բայց այդ մարդը («Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում կալանավորել են) մարդասպան չէ, ընդամենը հարկ է թաքցրել, այն էլ՝ դեռ դատարանով չապացուցված։

- Չէ, չէ, արդեն ներողություն խնդրեցի։ Ծայրահեղացնում եմ, որպեսզի առերեւույթ հանցագործության մասին կա որոշակի տեղեկատվություն, եւ գնում է քննություն։ Հիմա հանցագործությունը մարդասպանությո՞ւն է, թե՞ մարդասպանություն չէ, ունի՞ հանրային վտանգավորության աստիճան։ Հիմա մենք իրար հետ պետք է որոշենք՝ քրեաիրավական գնահատական չտանք, ինչ է թե ներդրումնե՞ր պիտի կատարի։

- Բայց պետք չէ՞, արդյոք, բիզնեսի տեսանկյունից նայել հարցին, հատկապես որ մեր երկիրն այսօր ներդրումների խնդիր ունի, հատկապես Դավիթ Ղազարյանն ասում է, որ պատրաստ է փողը մուծել։

- Ի՞նչը մուծի, ինչքա՞ն մուծի, մենակ մուծի՞։

- Էլ ի՞նչ եք ուզում, որ անի։

- Բայց ինքն ի՞նչ գիտի, մենակ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի՞ հատկանիշներ կան, թե՞ կարող է այլ հոդվածի հատկանիշներ էլ լինեն։

- Եթե հարկ է թաքցրել, ի՞նչ պետք է անեն այդ մարդուն, տանեն կախե՞ն։

- Քննություն պետք է անենք, քննության արդյունքում պարզենք նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Եթե կպարզվի, որ 205 հոդվածի հատկանիշներով պետությանը վնաս է պատճառվել միայն հարկեր չվճարելով, մարդը թող վճարի էդ հարկերը, կարճվի-գնա։