«Հրապարակ».Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, խորհրդարանը կկանգնի լեգիտիմության հարցի առաջ

«Հրապարակ».Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, խորհրդարանը կկանգնի լեգիտիմության հարցի առաջ

Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։ «Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության եւ ո'չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն եւ պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը:

Իսկ հնարավո՞ր է պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձեւավորվի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ պատգամավորը եթե դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրվել չի կարող, նա դառնում է ազատ պատգամավոր, իսկ ընդդիմություն լինելու մասին կարող է հայտարարություն անել միայն ֆրակցիան»: