Նիկոլ Փաշինյանը գիտության համար ավելի վատ է, քան Սերժը

Նիկոլ Փաշինյանը գիտության համար ավելի վատ է, քան Սերժը

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք գիտությունն ավելի ծանր վիճակում է, քան Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Եվ սա ասում է մի գիտնական, ֆիզիկոս, որը վերադարձրել է նախագահի մրցանակը Սերժ Սարգսյանին: «Համոզված եմ, որ գիտությունը նոր իշխանություններին պետք չէ։ Նրանք նույնիսկ ֆիզիկապես ոչնչացնում են գիտությունը»։

- Ինչո՞ւ։

- Օրինակ՝ Օրգանական, դեղագործական քիմիայի ինստիտուտի երկու մասնաշենքը, որտեղ երեք ակադեմիական հիմնարկ է տեղավորված, տվել է շվեյցարական «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ֆիրմային, որը վերեւի երկու հարկը վարձակալությամբ էր վերցնում եւ հիմա որոշել է երկու հսկա մասնաշենքերն իրենով անել։ Ժողովուրդը հավաքվել է, բողոքներ է արել, արդյունքում Կադաստրի պետկոմիտեի նախագահ, ՔՊ-ական Բաբայանի ստորագրությամբ կոլեկտիվը նամակ է ստանում, որ այլեւս իրենց շենքերը չեն խլում։ Բայց անցնում է մի քանի օր, եւ դա լինում են այն օրերը, երբ Փաշինյանը հետ է գալիս Շվեյցարիայից, եւ շվեյցարացիներն այդ շենքերը կրկին վերցնում են՝ առանց կենտրոնին որեւէ փոխհատուցման։ Ի՞նչ կմտածեք Դուք։ Փաստ է, որ կադաստրի ղեկավարը գրել է, որ այդ հարցը հանված է։ Ես չեմ կարող վատը չմտածել։ Հիմնավորումը ես չեմ տեսնում։

- Դուք աշխատում եք Մոլեկուլի կառուցման ուսումնասիրման կենտրոնում։ Ակադեմիան Ձեր կենտրոնի համար պատրաստվում է մոտ ժամանակներս սարքավորումներ գնել։ Վա՞տ է։

- Ակադեմիան հանեց իր թաքնված փողերը՝ կոռուպցիոն բացահայտումներից անհանգստացած։ Այո, ծախսեր են անում։ Ինձ հարազատ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի  համար սարքավորումներ է առնում, իսկ առաջ ո՞ւր էին ակադեմիայի փողերը։ Ինչքա՞ն էին, ո՞ւր են գնացել։

- Կարող ենք ասել, որ հիմա կրթության եւ գիտության նախարարության դերը կատարում է Գիտության պետական կոմիտե՞ն։ Նախարարությունը վերակազմավորվում է, 4 ոլորտ միացնում են։

- Այո, կոմիտեն այսօր իր ստատուսով հավասարվում է նախարարության։ Փաստորեն, այսօր Սամվել Հարությունյանին տվեցին նախարարի կարգավիճակ։ 2008 թվականից անընդհատ հոդվածներ եմ գրել գիտության կոռուպցիայի վերաբերյալ, նույնիսկ բաց նամակով գրել եմ, որ Սերժ Սարգսյանը հովանավորում է կոռուպցիան գիտության ոլորտում։ Ես մասնակցել եմ Փաշինյանի արած հեղափոխությանը, բայց, չգիտես որտեղից, նա որոշեց, որ գիտության ոլորտում բոլոր բացասական երեւույթների հեղինակին՝ Սամվել Հարությունյանին, որին հովանավորել էին կառավարություն մտնելիս՝ Սերժ Սարգսյանը, Լեւոն Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը, կրկին պետք է շարունակի պաշտոնավարել։ Ամենավատն այն է, որ, ըստ լուրերի, այսօր Սամվել Հարությունյանին հովանավորում է Արթուր Վանեցյանը, քանի որ Հարությունյանի ազգականներն ԱԱԾ-ում բարձր պաշտոն են զբաղեցնում։ Խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններից բոլորս զզվում էինք, եւ դրա համար էլ հեղափոխություն եղավ, բայց մեր ոլորտում ոչինչ չի փոխվում։

- Դուք 60-70 հոդված եք տպագրել՝ Գիտության կոմիտեում կոռուպցիայի հետ կապված, եւ նույնիսկ բանը հասել էր նրան, որ Տիգրան Սարգսյանի վերահսկողական վարչությունը հատուկ ուսումնասիրել էր Ձեր հայտարարությունները՝ ԳՊԿ-ում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հանձնաժողովն ապացուցել էր, որ Ձեր բերած փաստերը ճիշտ են։ Ի՞նչ եղավ հետո։

- Այն ժամանակ՝ 2010 թ․-ին, իմ ներկայությամբ վերահսկողության ծառայությունն ասեց, որ ամեն ինչ ստուգված է, մյուս շաբաթ նշանակված է խորհրդակցություն, եւ մինչեւ օրս այդ  խորհրդակցությունը պետք է լինի։ Ըստ լուրերի՝ այդ գործընթացին միջամտել էր Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։

- Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը դրական տեղաշարժ կոմիտեի գործունեության մեջ չբերե՞ց։

- Ոչ։ Փաշինյանը նույն՝ գիտական գրագողության մեջ բացահայտված մարդուն վերանշանակելով՝ փաստորեն ասում է՝ լավ եք աշխատել, շարունակեք նույն ձեւի, կոռուպցիան, հովանավորչությունը, փողերի լվացումը թող էլի լինեն։ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել իր ընկերոջ հորը՝ Սամվել Հարությունյանին։ Այս մասին ԶԼՄ-ներում հաղորդագրություն է եղել։ Ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը եւս կոռուպցիոն տրամաբանությամբ է պաշտպանում ԳՊԿ նախագահին։ Նա պահանջել էր փաստեր, եւ ես իմ հրապարակումներում բազմաթիվ փաստեր ներկայացրեցի, բաց նամակի տեսքով՝ օգոստոսի 4-ի իմ ֆեյսբուքյան էջում է տեղադրված։ Օրինակ՝ արդյունավետ գիտաշխատողների  շրջանակներում գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթին հաղթող ճանաչվածների թվում այդ նույն մրցույթի կազմակերպիչ հանդիսացող ԳՊԿ պաշտոնյան` ֆիզիկոս Արամ Սահարյանը։ Ո՞նց կարող է մրցույթ կազմակերպողը նույն մրցույթին հաղթող ճանաչվել։ Նախկինում էլ Սամվել Հարությունյանի տեղակալն էր շահել: Ես նախարարից մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Սա իմ հրապարակած բազմաթիվ փաստերից մեկն է միայն։

ՀԳ․ Նկատենք, որ Հարություն Կարապետյանը միակը չէ, ով այս կառույցում կոռուպցիոն ռիսկերից է խոսում։ Այդ մասին հայտարարություն էր արել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ինչին ի պատասխան՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նրան դատի էր տվել՝ համարելով, որ կոռուպցիոն երեւույթներում իր ներգրավվածությունը պնդելով՝ իրեն զրպարտում եւ արատավորում են՝ ստվերելով կոմիտեի հեղինակությունը: Հարություն Կարապետյանի մեղադրանքները, ով, ի դեպ, կարճ ժամանակահատվածում եղել է ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի խորհրդականը, ո՛չ հիմա, ո՛չ էլ նախկինում չեն ընդունվել նույն Ս․ Հարությունյանի կողմից՝ համարելով դրանք իր նկատմամբ մի խումբ մարդկանց անձնական վերաբերմունքի դրսեւորում։