Հանգուցյալ Արմեն Գրիգորյանի դեմ դատարանում ցուցմունք են տվել

Հանգուցյալ Արմեն Գրիգորյանի դեմ դատարանում ցուցմունք են տվել

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը: Թեև պրոդյուսերը դատարանի դահլիճում մահացավ 2022-ի հուլիսին, սակայն իրավապահները շարունակում են Գրիգորյանի դեմ հարուցված գործին ընթացք տալ, ավելին՝ այսօր Գրիգորյանի դեմ ոմն քաղաքացի դատարանում ցուցմունք է տվել, նշելով, որ խիստ վիրավորված է պրոդյուսերի հայտարարությունից:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, ապա երկու ամիս անց` հուլիսի 15-ին դատարանի դահլիճում հանկարծամահ եղել:

Գրիգորյանի գործով պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործը գտնվում է մեղադրական ապացույցների հետազոտման փուլում. «Տեսագրությունների հետազոտման գործընթաներն ավարտվեցին, ներկայացել էր մեկ վկա, որը հարցաքննվեց, հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 27-ին: Վկան մեղադրողի կողմից էր, որը նախաքննության ընթացքում ևս հարցաքննվել է, պնդելով, որ վիրավորված է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հայտարարություններից»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Մեր այն հարցին, թե ո՞վ էր վկայություն տվողը, հավանաբար Նիկոլ Փաշինյանի աջակիցների՞ց էր. Ռուբեն Մելիքյանն ասաց. «Այդ անձը ժխտեց, որ քաղաքական ուղղվածություն ունի, նշելով, որ որևէ կուսակցության չի հարում», - ասաց մեր զրուցակիցը: