Վահան Կոստանյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

Վահան Կոստանյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական
Վահան Կոստանյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական:

Հիշեցնենք, որ մինչ խոսնակ նշանակվելը Կոստանյանը առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակված Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, դրանից առաջ էլ պատգամավոր Միրզոյանի օգնականը: Անցած տարվա հունիսի կեսերին Կոստանյանը ազատման դիմում գրեց, որը ըստ որոշ տեղեկությունների՝ նրան պարտադրվել էր:

Նիկոլ Փաշինյանն էր Միրզոյանին նման պահանջ ներկայացրել, պատճառը Կոստանյանի՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու փաստն էր:Հիշեցնենք, որ Կոստանյանի շուրջ քննարկումներն ակտիվացան այն ժամանակ, երբ նա լինելով առաջին փոխվարչապետի օգնական, ակտիվ մասնակցում էր տարկետման դեմ բողոքի ակցիաներին, դրանք էլ ավելի ակտիվացան, երբ հունիսին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար Վահանը մասնակցել էր հարցազրույցին, որն ի հեճուկս ուսանողության պահանջների չհրապարակվեց ուղիղ եթերով, մինչդեռ վերջիններս կասկածներ ունեին, որ առաջին փոխվարչապետի նկատմամբ վերապահումներ են եղել:

«Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Արարատ Միրզոյանին։Հրաժարականի դիմում ներկայացնելուց մինչ դրա ստորագրումը իրականացրել եմ ինձ վրա դրված պարտականությունները, որովհետեւ անընդունելի եմ համարում հարկատուների կողմից վճարվել տանը նստելու ու չաշխատելու համար» իր ազատման լուրն այսպես էր ներկայացրել Կոստանյանը՝ չխոսելով պատճառների մասին:

Նշենք նաեւ, որ Միրզոյանը կառավարությունից ԱԺ է տեղափոխել իր խորհրդական Տիգրան Գալստյանին, նա կղեկավարի ԱԺ աշխատակազմը: