Գյուղապետի հրահանգով մանկապարտեզի աշխատակիցները ազատման դիմում են գրել
Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը սկսել է համայնքապետարանի շենքը վերանորոգել, իսկ մանկապարտեզի աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմումներ գրել, ինչը արել են աշխատակիցները: Այս ամենը զայրույթ է առաջացրել գյուղացիների շրջանում: Գյուղապետը ավագանու որոշմամբ համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի լիցքավորման համար 5խ/մ գազ ավելի է հատկացրել՝ դարձնելով օրական 25 խ/մ: Ինչպես նաեւ ավագանու որոշմամբ աճուրդ - վաճառքի միջոցով օտարել՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը և հաստատել մեկնարկային գինը՝ բելարուս 702621 մակնիշի, ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը 220 000 ՀՀ դրամ, գնահատված արժեքի 100%-ի չափով: ԴՏ75 մակնիշի, 3516 LS պետհամարանիշի տրակտոր, մեկնարկային գինը 470 000 ՀՀ դրամ, գնահատված արժեքի 100%-ի չափով: VAZ 21214 մակնիշի, 466LL70 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը 490 000 ՀՀ դրամ, գնահատված արժեքի 100%-ի չափով:
«Չարենցավանից եկել ա մեր գյուղի գյուղապետ ա դառել: Գյուղապետը պետք ա գյուղացու հոգս իմանա, գյուղացու նման շուտ արթնանա: Գյուղում ոռոգման ջրի խնդիրը հրատապ է, բազում խնդիրներ կան: Ձմռանը մանկապարտեզը չի աշխատում, ասում ա փող չկա: Սկզբնական այդ հարցերը պետք է լուծի, նոր գյուղապետարանը ռեմոնտ անի»,- նշում էին գյուղացիները:
Տրանսպորտային միջոցների աճուրդ-վաճառքի գումարը ինչ նպատակի կծառայի, եւ ինչո՞ւ է համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի լիցքավորման համար 5խ/մ ավելի գազ հատկացրել, հարց ուղղեցինք գյուղապետին. «Դեռ չենք որոշել բյուջեում է գումարը: Վաճառվել է էդ տրանսպորտային միջոցները, դրանք շատ վատ վիճակում են գտնվում: Մեկը՝ մի գյուղացու բակում է եղել, մյուսը՝ նախորդ գյուղապետի բակում: Եկել են, գնահատել են, օրենքով վաճառել ենք, քանի որ այդ տեխնիկան պետք չէր, իսկ ծառայողական «Նիվա» մեքենան դեռ չի վաճառվել, եթե ուզող լինի կվաճառենք, դա էլ լավ վիճակում չի գտնվում: Գազի ծավալը ավելացրել ենք, բայց մյուս ավագանիով նորից 20 խ/մ կանենք»:
-Պարո´ն Խաչատրյան, մանկապարտեզի աշխատակիցներին հրահանգել եք ազատման դիմումներ գրել, ինչո՞ւ:
-Մանկապարտեզը կբացվի նորից կընդուվենք, ուրիշ խնդիր չկա, ուղղակի որ անորոշ ժամանակով ենք փակել, իրենց հաշվին չէին կարող տուն նստել: Մանկապարտեզը չի գործում բյուջեի սղության պատճառով, մեկ ամիս փակ կլինի: Երեւի փետրվարի կեսերին կաշխատի: Համ էլ էս շնչառական վիրուսները կանցնեն: Բերեք հանդիպենք, ես հարցազրույց կտամ էսպես հեռախոսով չեմ ուզում զրուցել:
Նշենք, որ Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը, ով ապրում է Չարենցավան քաղաքում, գրանցված է Սոլակ համայնքում: Թավշյա հեղափոխությունից հետո, նախ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններում մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքալելյանի օգնությամբ ստանալով 454 քվե, դարձավ գյուղապետ: 6 ամիս աշխատած գյուղապետը տարեվերջին մյուս պաշտոնյաների նման իրեն եւ համայնքապետարանի աշխատակազմին պարգեւատրել է: Իրեն՝ մեկ աշխատավարձի չափով՝ 300 հազար դրամով, աշխատակազմի քարտուղարին՝ 153.300 դրամ, համայնքապետարանի աշխատակիցներին՝ 90%-չափով, իսկ ընկերոջը՝ Արման Տիգրանյանին 40%-ի չափով: Նշենք, որ Արման Տիգրանյանը եւս Չարենցավան քաղաքից է:
Կարծիքներ