Կոռուպցիայի դեմ պայքարողները 14 ամիս նիստ չեն արել

Կոռուպցիայի դեմ պայքարողները 14 ամիս նիստ չեն արել

Մի ասացվածք կա. ջաղացը ջուրը տարել է, տերը չախչախն է ման գալիս… Նոր իշխանություններն իրենց առաջնային ծրագիր հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարը: e-draft.am կայքում արդեն քանի օր է՝ դրված է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:  Շահագրգիռ կազմակերպությունները եւ ընդհանրապես՝ հետաքրքրվող քաղաքացիները տեղյակ են, թե ինչ կարեւորություն ունեցող փաստաթուղթ է դրված քննարկման: Այն պետք է պատրաստ լիներ դեռ տարեսկզբին, սակայն առաջարկված փաստաթուղթն այնքան թերություններ ուներ, որ այն ուղարկվեց (եթե չասենք՝ հանվեց) հիմնովին փոփոխության: Եվ, ահա, խախտելով բոլոր ժամկետները՝ 6 ամիս անց այն կրկին դրվել է քննարկման:

Սակայն, չնայած բազմաթիվ քննարկումներին, իշխանությունները մնացին անդրդվելի: Հարցն այն է, որ, համաձայն ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն որոշման, Հայաստանում 2015-ից գործում է Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհրդի գործունեության մասին տվյալներ են զետեղված հենց կառավարության պաշտոնական կայքէջում (https://www.gov.am/am/anticorruption-council-members/)։ Այդպիսի բարձրագույն խորհրդի ստեղծման պահանջ մեր կառավարության առաջ դրված է եղել մի շարք միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից: Կառավարության 19 փետրվարի 2015 թ․ N 165-Ն որոշման մեջ հստակորեն նշված են խորհրդի առջեւ դրված նպատակները, խնդիրները եւ այլն: Սեւով սպիտակի վրա գրված է․ «Խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը», եւ 9-րդ կետով նշված է, որ «Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ»։

Նույն կայքից տեղեկանում ենք նաեւ, որ կառավարության աշխատակազմում կա Հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն՝ իր աշխատակազմով, աթոռ-սեղանով, աշխատավարձերով, թաշախուստով: Պարզվում է, որ ծրագրերի կատարմանը հանրության ավելի գործուն մասնակցությունն ապահովելու նպատակով, նույնիսկ ստեղծվել է կառավարության հատուկ պաշտոնական կայքէջ՝ https://anti-corruption.gov.am։ Կայքէջի թարմացումների պատասխանատուն հենց Հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունն է: Ահա, հենց այս կայքէջից էլ տեղեկանում ենք, որ վերջին անգամ խորհուրդը նիստ է գումարել 2018 թ․ մարտի 22-ին: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնայնություն հայտարարած այսօրվա չինովնիկները, վարչապետի հետ միասին, իրենց վեր դասելով կառավարության որոշումներից, թքած ունենալով ցանկացած որոշման վրա, 14 ամիս նիստ չեն գումարել: 

Խորհրդի նիստերը յուրահատուկ հարթակ են, որտեղ հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ քաղաքացիական կազմակերպությունների եւ անհատների կողմից բարձրացվում են կոռուպցիոն սխեմաների, ռիսկերի, դրսեւորումների մասին հարցեր, ծավալվում է քննարկում: Ահա, նոր իշխանությունները փակել են այդ հարթակը՝ գտնելով, որ այդպես ավելի ճիշտ կլինի պայքարել կոռուպցիայի դեմ: 

Ավելի զավեշտալի փաստ նշենք․ ՀՀ կառավարության 18 հունվարի 2018 թ․ թիվ 133-Ն որոշմամբ հաստատվել էին թիրախային չորս ոլորտների՝ առողջապահության, կրթության, պետեկամուտների եւ ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բնագավառում առկա մի շարք կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների ցանկն ու կատարման ժամկետները:

Հսկայածավալ հետազոտություններ ու աշխատանք է կատարված: Եվ ահա ամենասարսափելին՝ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի կատարման մոնիթորինգի պաշտոնական կայքից (https://anti-corruption.gov.am/am/reports) տեղեկանում ենք, որ ծրագրերի միայն 2-3 %-ն է կատարվել: Այսինքն՝ լիակատար անպատժելիություն է տիրել նոր չինովնիկների մոտ: Կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնայնություններից մեկը հայտարարած իշխանությունը որեւէ լուրջ փոփոխություն, ծրագրեր կյանքի չի կոչել: Որեւէ բարձրաստիճան չինովնիկ այս վիճակի համար պատասխանատվության չի ենթարկվել: Ինչ կա, մնացել է նույնը, այսինքն՝ եթե նախկինում այդ կոռուպցիոն մեխանիզմները ծառայում էին նախկին իշխանություններին, դրանք նույն ձեւով մնացել ու ծառայում են ներկաներին:

Այս ամենից հետո ճառեր արտասանել կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ առնվազն ձեռառնոցի է: Ուղղակի «օգտատերերի» փոփոխություն է տեղի ունեցել:

Եվ հիմա խոսելու ենք նոր ռազմավարության մասին: Նախորդը դորդուբեշ արեցինք, հիմա նորին ենք անցնում: Բայց ավելի հեշտ է խոսել երթուղային տաքսում ծխող վարորդի մասին, քան կոռուպցիայի դեմ համակարգված պայքար տանել: 

Ջաղացը ջուրը տարել է, տերը չախչախն է ման գալիս…