Վիրավորական է ու արարողակարգային կոպիտ խախտում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնարավորություն չի ունեցել այսօր այցելել Ծիծեռնակաբերդ, ստիպված մեկնել է Վանաձոր, որտեղ Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհել։
«Հրապարակի» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը դիտարկմանը, թե խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանանական ընդդիմությանը, փաստորեն պետական արարողակագից դուրս են դնում, մանրամասնեց․
«Ես Արարատ Միրզոյանին առաջարկել էի, որ գնանք ԱԺ խորհրդի կազմով, մոտ 10 մարդ, որի մեջ կան նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի առաջնորդներ, նա ասաց, որ գնալու են միայն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը։ Այդպես է որոշվել։ Հիմա տեսնում ենք, որ մարզպետներ են գնում, Երևանի քաղաքապետ։ Ես կարծում եմ՝ սա արարողակարգային մեծ սխալ է և մյուս կողմից, վիրավորական քայլ պետական իշխանության կողմից։ Այսինքն՝ իրենք պատկերացնում են, որ միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների համար միայն բաց պետք է լինի հուշահամալիրը։ Ինչու, որովհետև միայն իրենք են գնալու հնարավորություն ստացել»։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նման հնարավորություն պետք է ստանային նաև Դաշնակցությունն ու արտախորհրդարականան ուժերը՝ երկուական հոգով ներկա լինելու Ծիծեռնակաբերդում։
Մարուքյանը որպես ամփոփում ասաց՝ սա գեղեցիկ չէ։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա խմբակցությունը հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տվել է երեկ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Նուբարաշեն համայնքում կառուցված Սուրբ նահատակաց եկեղեցում անելով մոմավառություն։
Կարծիքներ