Քննչականը կալանքը հանել է, կադաստրի նախկին պետը վաճառում է գույքը

Քննչականը կալանքը հանել է, կադաստրի նախկին պետը վաճառում է գույքը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման նախկին պետ Շիրազ Հարությունյանին պատկանող շուրջ 125 տարբեր հողամասերի օրինականությունը ստուգելու առիթով քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում, սակայն այդ հողամասերի վրայից հանվել է արգելանքը, իսկ Հարությունյանն էլ շուտափույթ փորձում է վաճառել այդ հողամասերը։ Քրգործն ի սկզբանե հարուցված է եղել Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչությունում եւ 1 ամիս առաջ ուղարկվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 2 հոդվածներով՝ 308-ի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) եւ 314-ի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ գործն ակտիվ քննության փուլում է եւ ծավալուն քրեական գործ է։

Մեզ հասած տեղեկություններով՝ Շիրազ Հարությունյանին պատկանող այդ 125 հողամասից 118-ի վրա դրված արգելանքը Քննչական կոմիտեն չեղարկել է, եւ Հարությունյանն էլ այդ հողամասերը վաճառքի է հանել, որպեսզի դրանցից հնարավորինս շուտ ազատվի եւ հետագայում չզրկվի դրանցից։ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ գույքի վրայից արգելանքը հանվել է՝ դա բացատրելով հետեւյալ կերպ․ այդ հողամասերը տարբեր անձանց վրա են գրանցված, եւ իրենք չէին կարող այդքան հողամասի վրա արգելանք դնել։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Շիրազ Հարությունյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին գյուղում խոշոր հողատեր է դարձել՝ գնելով համագյուղացիների հողաբաժինները: Դրանց մի մասը ձեւակերպված է նրա կնոջ անունով: Հողերի մի մասը խաղողի այգի է, մյուս մասը՝ վարելահող: Ընդհանուր հաշվով, համայնքում սեփականության իրավունքով միայն Շիրազ Հարությունյանը մոտ 13,5 հա հողամաս ունի: Հիշեցնենք նաեւ, որ  Հարությունյանն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի բաջանաղի հայրն է, Շիրազ Հարությունյանի եւ Արթուր Ասատրյանի միջեւ կոնֆլիկտ կար։

2019 թվականի օգոստոսին Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը՝ Վազգեն Հարությունյանը, որն Արթուր Ասատրյանի բաջանաղն է եւ Շիրազ Հարությունյանի որդին, հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել էր փախչել երկրից, բայց չէր հասցրել։ Արթուր Ասատրյանը բռնել էր, ասել՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր։ Հետագայում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել Արթուր Ասատրյանի հոր՝ Օնիկ Ասատրյանի, եւ Շիրազ Հարությունյանի միջեւ, երբ Օնիկ Ասատրյանն իր այգուց խաղող էր հավաքել, իսկ Շիրազ Հարությունյանը կանչել էր ոստիկաններին՝ ասելով, որ այգին իրենն է։ Մի խոսքով, կասկածելի վարքի տեր մարդու ձեռքերն իրավապահներն ազատ են արձակել, եւ նա անարգել տնօրինում է ժամանակին կասկածելի եղանակով ձեռք բերված գույքը։