Զեյդի Սմիթ. Խենթ են ինձ կոչում

Զեյդի Սմիթ. Խենթ են ինձ կոչում

Դե, դու, իհարկե, ոչ մի տեղ չես գնում առանց զուգվել-զարդարվելու, ոչ այս օրերին։ Չես կարող թույլ տալ որեւէ մեկին շփոթել քեզ այն կոտրված, շահագործված փոքրիկ աղջկա հետ՝ Էլեոնորա Ֆեյգանի։ Ոչ։ Թող շփոթմունքի առիթ չլինի։ Ո՛չ հանդիսատեսի կամ քո ծերուկի համար, ո՛չ գլխավոր մատուցողի կամ հարկի կառավարչի, ո՛չ ոստիկանների կամ անիծյալ I.R.S.-ի (Ներքին եկամուտների ծառայություն) անիծյալ գործակալների համար։ Քո մորթին միշտ քեզ մոտ է՝ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, հենց այնպես կախված քո ուսերին։ Take back your mink, take back your pearls։ Բայց դու չես երգում այդ երգը․ այն քո ճաշակով չէ։ Թող մի ուրիշ աղջիկ այն երգի։ Այն տեսակը, որ ժպիտ է ստանում ոստիկանից, նույնիսկ եթե Բրոդվեյով անցնում է իր ամենահին տերիլենային տնային զգեստով։ Դու չունես նման շքեղություն։ Բացի այդ, քեզ դո՛ւր է գալիս այդ մուշտակը։ Պարզաբանում է իրերի դրվածքը։ Իրականում - թեեւ շատերը դեռ տեղյակ չեն - ոչ միայն Էլեոնորան չկա, այլ նաեւ Բիլլին։ Կա միայն Լեդի Դեյը։ Պայուսակ՝ կոկորդիլոսի կաշվից, երեք շարք ադամանդներ՝ գեղեցիկ ու խիտ շարված դաստակիդ․ կապ չունի, որ ցերեկվա ժամը երեքն է։ Դու ձու ես խաշում՝ հագիդ սվիտեր ու ժակետ եւ մարգարիտներ։

Նյուարքում քեզ ստիպեցին մնալ մի արարողության ողջ ընթացքում, ու մի օր կազմակերպչի կինն ասաց քեզ․«Ասում եք՝ այլեւս չե՞ք կարող նվագել Նյու Յորքը, հա՞։ Ո՞ւմ է հետաքրքրում։ Ինձ համար Դուք միշտ լեդիի տեսք ունեք»։ Նա իտալուհի է։ Նա հասկանում է։ Առանց քննադատելու։ Նա ասում է․ «Ես հոգ եմ տանում քո մասին։ Ես լինել քո մայրը»։ Աստված օրհնի նրան, բայց դստեր դերում քո օրերն ավարտված են։ Եվ եթե մի քանի հաճելի, անտեղյակ դեռահաս աղջնակներ՝ կիրակի օրվա պես երջանիկ, կանգնեցնեն քեզ 110-րդ փողոցում՝ ասելու, թե որքան են հավանել քեզ Քարնեգի Հոլում, թե որքան են հավանել քեզ «Երեկոյան շոու»-ում, ամեն կերպ փորձիր չափից դուրս ձանձրացած չերեւալ, հանիր ծխախոտի մարգարտածածկ տուփը եւ ծխախոտ հյուրասիրիր նրանց։ Աղջի՛կ, դու պետք է օրական քսան ծխախոտ բաժանես։ Դու բաժանում ես ամեն ինչ, այն հոսում է քեզնից, ինչպես գետերն են գալարվում դեպի ծովը․ սեր, երաժշտություն, փող, ծխախոտ։ Այն, ինչ դու ունես, բոլորն են ուզում, եւ հիմնականում դու թույլ ես տալիս նրանց ունենալ այն։ Երբեմն դա այն ամենն է, ինչ կարող ես անել՝ քո մուշտակը պահպանելու համար։

Այնպես չէ, որ քեզ դուր չեն գալիս այլ կանայք, թերեւս, պարզապես զգուշավոր ես։ Իսկ նրանք, ի պատասխան, զգուշանում են քեզնից։ Զարմանալի չէ, իսկապես։ Այս աղջիկների մեծ մասն ապրում է բոլորովին այլ աշխարհում։ Դու եղել ես այդ աշխարհում ժամանակ առ ժամանակ, բայց դա քո տունը չէ։ Շատ շուտով նորից ճամփա ես ընկել։ Մինչդեռ նրանք նայում են քեզ ու տեսնում, որ դու կապված չես - նույնիսկ եթե ամուսնացած ես - նրանք տեսնում են, որ դու լողում ես, որ ոչ ոք չի ասում քեզ՝ երբ վերադառնալ ակումբից, եւ ոչ ոք չի լալիս օրորոցում՝ սպասելով, որ գրկես իրեն ու օրորոցային երգես։ Ոչ, ոչ ոք չի ասում քեզ՝ ում հանդիպել կամ ուր գնալ, եւ նույնիսկ եթե ասում են, դու ստիպված չես լսել, նույնիսկ եթե հարված ստանաս ծնոտիդ։ Իսկ այն կանա՞յք, որոնց սովորաբար հանդիպում ես։ Նրանք չգիտեն՝ ինչպես վարվել։ Նրանք չգիտեն՝ ինչ անել Աստծո կողմից օրհնված երեխայի հետ, այն աղջկա հետ, ով իր սեփական աղջիկն ունի, ով կարող է մնալ ու խմել կլարնետահարի հետ, մինչեւ թերթավաճառ տղաները մնացորդներն են ուտում։ Իսկ գուցե այս կանանցից մեկն ամուսնացած է այդ կլարնետահարի հետ։ Եվ գուցե նրանք երեխա ունեն ու ցցերով ցանկապատ ու ողջ այդ ջազը։ Ուստի, բնական է, որ նա զգուշավոր է։ Դու դա հասկանում ես։ Իհարկե։

Իսկ դու միշտ եղել ես - հը՜մ, ո՞րն է ճիշտ բառը։ Տղամարդու լեդի։ Տղամարդիկ ձգտում են դեպի քեզ, բոլոր տեսակի տղամարդիկ, եւ ոչ միայն ակնհայտի համար։ Նույնիսկ քո լավագույն ընկերուհիներն են տղամարդիկ, եթե հասկանում ես՝ ինչ նկատի ունեմ, դու քո սիրելի տղաների փոքրիկ բանդան ունես․ նրանք այնքան էլ չեն տարբերվում քեզնից, թերեւս, միայն արտաքնապես։ Նրանց նույնպես տանը սպասող չկա։ Ուստի, եթե ինչ-որ տղամարդ սիրեցյալ կոտրի քո սիրտը կամ դեմքը, կարող ես վստահ լինել, որ քո փոքրիկ բանդան հիմնականում այդտեղ է՝ քո կողքին, վստահ եղիր, որ նրանք կգան՝ ուր էլ որ լինես, ծխախոտով ու ալկոհոլով, կմեջբերեն միսս Քրոուֆորդին, կմեջբերեն միսս Սթենվիքին, կպատրաստեն հայբոլ ու կասեն քեզ, որ իսկապես պետք է շուն ձեռք բերես։ Սիրելի՛ս, դու պետք է շուն ձեռք բերես։ Նրանք երբեք կասկածի տակ չեն առնում, որ դու Լեդի Դեյն ես․ իրականում, նրանք քեզնից էլ շուտ գիտեին, որ դու Նա ես։

Դու շուն ես ձեռք բերում։

Կանայք զգուշանում են, սիրեցյալ տղամարդիկ գալիս ու գնում են եւ հիմնականում թողնում են քեզ սպասելով, եւ, ճիշտն ասած, նույնիսկ հայբոլ պատրաստող այդ սիրելի տղաները հիմնականում իրենց սեփական կյանքով են ապրում։ Բայց դու չես վախենում սեր փնտրել բոլոր տեսակի վայրերում։ Ժուկով-ժամանակով կար այդ վայրի աղջիկը՝ Թալուլան, ինչպես նաեւ մի քանի այլ լեդիներ, բայց աշխարհում այդպիսին լինելու որեւէ ձեւ չկար, ոչ այն ժամանակ - կամ, համենայնդեպս, քեզ տեսանելի որեւէ ձեւ չկար - եւ, ամեն դեպքում, այդ լեդիների մեծ մասն ավելի խենթ էր, քան գորտերով լի արկղը։ Ոչ ոք կատարյալ չէ։ Ասել է թե՝ այս աշխարհից փախուստ չկա։ Եվ, ուստի, երբեմն՝ ուրբաթ երեկոյան, երբ ավարտել ես երգելը, եւ մարել են ծափահարությունները, պարզապես ոչ ոք չկա, ու չկա ոչինչ անելու։  Քո միակ հույսը դու ես։ Ետնաբեմը դատարկվում է, բայց նրանք դեռ սպասարկում են։ Դու զրուցելու տրամադրություն չունես։

Ավելի ուշ կբացես քո հարդարման ճամպրուկը եւ կուղեւորվես ճամփորդելու հիասքանչ աշխարհով մեկ - բայց հենց այս պահին դու շնորհակալ ես քո փոքրիկ շան համար։ Մի որոշ ժամանակ առաջ էլ դու ունեիր հիանալի հսկայական շուն, բայց նա միշտ բաժակները գցում էր կողային սեղանիկների վրայից, իսկ հետո գնաց ու մահացավ, ուստի հիմա քեզ հետ է այս պստիկ փոքրիկ հրեշտակը։ Փեփին։ Շունը չի խաբում, շունը չի ստում։ Շները քեզ հիշեցնում են ինքդ քեզ․ նրանք տալիս են ամենը, ինչ ունեն, նրանք գրկաբաց են աշխարհի առաջ։ Դա մե՛ծ ռիսկ է։ Կան մարդիկ, որ կխփեն կես պինտայանոց Փեփիի պես փոքրիկ շնիկին՝ պարզապես ինչ-որ բան անելու համար։ Իսկ դու գիտես՝ դա ինչ զգացում է։ Այս փոքրիկ շնիկն ու դո՞ւ։ Հարազատ հոգիներ։ Որտե՞ղ ես եղել իմ ողջ կյանքում։ Նա այն շների նման է, որոնց մասին կարդում ենք, նրանց, որ երկար տարիներ նստում են իրենց տիրոջ գերեզմանին։ Վերջերս այդպիսի տեսիլք ունեցար։ Դու վերեւում էիր՝ ստրատոսֆերայում, բացարձակ անմարմին, գրեթե հենց այնտեղ՝ Աստծո հետ, կախված էիր մարգարտե դարպասներից, եւ ոչ ոք ու ոչինչ չէր կարող ստիպել քեզ վերադառնալ։ Ինչ-որ հիմար ապտակեց քեզ, մեկ այլ հիմար սելցեր ցողեց դեմքիդ․ ոչինչ։ Հետո շան տեսքով այս փոքրիկ հրեշտակը լիզեց հենց ակնախոռոչդ, ու դու վերադարձար երկիր՝ զգալու դա, եւ դրանից երեք ժամ հետո բեմի վրա էիր, վճարվում էիր։ Շները չափից դուրս լավն են այս աշխարհի համար։

Գուցե շատերը չեն կռահում, բայց դու կարող ես լինել ամենահիանալի մորաքույրը, կնքամայրը, դայակը, երբ տրամադրությունդ թույլ է տալիս։ Դու կարող ես նկատել երեխային սենյակի մյուս ծայրում ու այնպես անել, որ նա ժպտա։ Դա հմտությո՛ւն է։ Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի էլ փորձում զարգացնել այն։ Մարդիկ այս շահագործված մանուկներին միշտ ասում են՝ ինչ անել, ինչ մտածել, ինչ ասել, ինչ ուտել։ Բայց դու նրանցից ընդհանրապես ոչինչ չես խնդրում - եւ դա է քո գաղտնիքը։ Դու այն քչերից ես, ովքեր պարզապես սիրում են ժպիտ պարգեւել երեխաներին։ Եվ նրանք սիրում են քեզ դրա համար, հիրավի, նրանք պաշտում են քեզ, եւ եթե ամեն ինչ հավասար լիներ, ավելի երկար կմնայիր, եթե կարողանայիր, կմնայիր ու կխաղայիր, բայց դու հաշիվներ ունես վճարելու։

Իրականում, հենց այս պահին ներքեւում քեզ են սպասում հինգ կամ վեց գործարար մարդիկ, որոնցից ոմանց դու լավ գիտես, ոմանց՝ ոչ, ոմանց չես տեսել երբեւէ, բայց նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ ներգրավված են քո հաշիվներում, իսկ նրանք ասում են, որ եթե չափից դուրս դեմ չես, կցանկանան ուղեկցել քեզ ակումբ։ Ակումբն ընդամենը տասը թաղամաս է հեռու, բայց նրանք ցանկանում են տանել քեզ այնտեղ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ մեկը կարծում է, որ առանց սրանց ընդհանրապես չես հասնի այնտեղ - իսկ հիմա ինչպե՞ս կոչել նրանց։ Շապերոններ։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկն անհանգստանում է։ Բայց քո շապերոնների հետ, թե առանց նրանց՝ դու կհասնես այնտեղ, դու միշտ հասնում ես, միշտ ճիշտ ժամանակին, բացառությամբ այն բացառությունների, երբ տեղի են ունենում բացառիկ բաներ, որոնք պարզապես հնարավոր չէ կանխել։ Ինչեւէ, այն պահին, երբ բացում ես բերանդ, ամեն ինչ ներվում է։ Չէ՞ որ դու բացառիկ ես, ուստի պետք է բացառություններ անել։ Մի՞թե իմաստը հենց նրանում չէ, որ ամեն անգամ, երբ լեդին հայտնվում է բեմում, նա հենց ճիշտ ժամանակին է հայտնվում։

Վարսերը ժամանակ են խլում, դեմքը՝ ավելի շատ։ Այդ ամենն աշխատանք է, այդ ամենն իր տեսակի զենք ու զրահ է։ Վերջերս նիհարել ես, եւ որոշ տղաների դա դուր չի գալիս․ նրանցից մեկը նույնիսկ ասել է քեզ, որ հիմա դեմքդ ասես եգիպտական հետմահու դիմակ լինի։ Դե լա՛վ։ Քո վրա է, քոնն է։ Մեծ կարմիր շրթունքներ, իսկ հիմա նաեւ՝ այս նոր՝ այս ու այն կողմ թռչող բարձր կապված պոչիկը․ – գարդենիաներն այլեւս չկան, գարդենիաները պատկանում էին Բիլլիին - եւ եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ, թե կոնկրետ որտեղից է գալիս այս նոր երկար մազափունջը, աչքերդ կհառես հարցատուի վրա եւ կասես․«Դե, իմ վրա է, ուստի, կարծում եմ՝ իմն է։ Իմ վարսերն են՝ իմ անիծյալ գլխի վրա։ Հենց այնպես հարդարված են իմ գեղեցիկ դիմակի շուրջ - ուշադի՛ր նայեք»։ Քանի որ գիտես՝ նրանք բոլորը դրան են նայում, երբ երգում ես, ուստի դիտավորյալ այն ուշադրության կենտրոնում ես պահում՝ քո հետմահու դիմակը, քանզի գիտես՝ նրանք պարզապես չեն կարող չփնտրել քո հոգին դեմքիդ վրա, նրանք բնազդաբար փնտրում են այն այդտեղ։ Դու նկարում ես դեմքդ՝ որպես պաշտպանություն։ Նկարում ես հոնքերդ, ընդգծում շրթունքներդ։ Դա սահմանն է նրանց եւ քո միջեւ։ Հակառակ դեպքում ներկաներից յուրաքանչյուրը կարող է մտածել, որ թույլտվություն ունի ցատկել հենց կոկորդիդ վրա եւ հոշոտել սիրտդ։

Մարդիկ հարցնում են՝ ի՞նչ ես զգում այդտեղ կանգնած։ Սեփական սիրտը հոշոտելու պես մի բան։ Ասես այնտեղ՝ մթության մեջ, ընդհանրապես ոչ ոք չկա։ Քաղաքի կենտրոնի այն բոլոր հարկահավաքներն ու սպիտակ տիկնայք՝ իրենց սեփական շքեղ մորթիների մեջ, սիրում են խոսել քո ֆրազների մասին, - քո ֆրազների մասին խոսելը նորաձեւ է - բայց այն, ինչ հեղափոխություն է թվում մյուսներին, քեզ համար ընդամենն առողջ բանականություն է։ Ամենայն հարգանքով Էլլայի հանդեպ, ամենայն հարգանքով Սառայի հանդեպ, բայց երբ այդ աղջնակները բացում են իրենց բերաններն ու երգում, քեզ մոտ, այսպես ասած, այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը հենց նոր բացեց նոր գնված ապրանք Frigidaire-ից։ Քեզ սարսուռ է պատում։ Եվ դու պարզապես այդպես անել չես կարող։ Չես անի։ Քեզ համար ակնհայտ է, որ ձայնը, երաժշտական տերմիններով ասած, նույն աշխատանքը պետք է անի, ինչ սաքսոֆոնը, շեփորը կամ դաշնամուրը։ Ձայնը պետք է կարողանա թափանցել ներս։ Ո՞վ չգիտի դա, գրողը տանի։ Այդուհանդերձ, այս մարդիկ այնպես են պահում իրենց, ասես չգիտեն, նրանք միշտ զարմացած են թվում։ Նրանք նստում են մթության մեջ, խմում են մարտինի՝ իրենց մուշտակների, սմոքինգների մեջ։ Մարդիկ հիմար են։ Դու մարգարիտներ ես կրում եւ նետում ես դրանք խոզերի առաջ․ քիչ թե շատ։ Կախված նրանից, թե ինչ մարգարիտներ եւ ինչ խոզեր։ Ոչ բոլորը, օրինակ, կստանան «Strange Fruit»-ը։ Ոչ ամեն երեկո։ Պետք է արժանի լինել․ բառ, որ տարբեր իմաստներ ունի՝ կախված գիշերվանից։ Մի անգամ ինչ-որ մեկին ասացիր․ «Ես դա անում եմ միայն այն մարդկանց համար, ովքեր կհասկանան եւ կգնահատեն։ Սա հերթական սիրային մեղեդի չէ։ Այս երգը պատմություն է պատմում ցավի ու սրտի մորմոքի մասին։ Երեք հարյու՛ր տարվա մորմոքի։ Յուրաքանչյուր տարածք, որտեղ երգում ես, պետք է վերածես եկեղեցու՝ այդքան ցավ տեղավորելու համար։ Այնուամենայնիվ, սեղաններից մարդիկ աղաղակում են իրենց խնդրանքներով․ ասես դու,  գրո՛ղը տանի, ավտոմատ նվագարկիչ ես։ Մարդիկ ապուշ են։ «Strange Fruit»-ից հետո եւս երբեք ոչինչ չես երգում։ Դա վերջին երգն է՝ անկախ ամեն ինչից, եւ երբեմն, երբ դու թմրադեղերի ազդեցության տակ ես, իսկ առաջին շարքը հարուստ, հիմար ու ձանձրալի է թվում, հավանական է, որ այն կարող է լինել քո միակ երգը։ Եվ նրանք շնորհակա՛լ կլինեն քեզ դրա համար։ Նույնիսկ եթե նրանց համար հեշտ չէ լսել, իսկ քեզ համար՝ երգել։ Երբ երգել ես այն, քեզ նկարագրել են որպես դաժան, քեզ նկարագրել են որպես անողոք։ Ինչ արած, դու չես ազատվի այդ երգից, մինչեւ չազատվես դրանից։ Դու երբեք չես ազատվի դրանից։ Այն առաջի՛նը կազատվի քեզնից։

Ի վերջո, մարդիկ չեն ցանկանում լսել շների ու երեխաների, հաջող ֆրազ ստանալու կամ կսկիծիդ մասին․ մարդիկ ցանկանում են լսել քո մասին՝ այնպիսին, ինչպիսին կաս այս երգերում։ Երբեք չեն ցանկանում իմանալ այն զարմանքի մասին, որ զգում ես ինքդ քո մեջ, Աստծո կողմից ղեկավարված լինելու զգացողության մասին, երբ կոկորդիդ ելեւէջներից ինչ-որ բան դուրս է ցատկում, ինչպես դեպի բարձրացող օդապարիկը ձգվող երեխա, մի տարբերությամբ՝ որ երեխաների մեծամասնությունը բաց են թողնում այն, իսկ դու բռնում ես այն՝ - այո, գրեթե առանց ակնկալելու - վայրեւէջք կատարելով պատահական նոտայի վրա՝ իդեալական հավելում՝ այնպիսին, ինչպիսին նախկինում երբեք չես արել այդ ֆրազում, եւ երբեք ուրիշից էլ չես լսել, այդուհանդերձ, լսում ես ու միանգամից հասկանում, որ այն կատարելություն է։ Կատարելությո՛ւն։ Այն հնչում է ինչպես բացարձակապես անխուսափելի մի բան․ ավելի լավն է, քան Փորթերը, ավելի լավն է, քան Գերշվինը։ Մի րոպեում դու հղկեցիր նրանց օրիգինալ տարբերակները՝ վերջնականապես եւ կատարելապես…

Ոչ, նրանք երբեք չեն հարցնում քեզ այդ մասին։ Նրանք ուզում են սառը, անհերքելի փաստեր։ Նրանք ձանձրալի հարցեր են տալիս երգերի մասին, այն մասին, թե որ երգը որ տղամարդուն է հիշեցնում, իսկ եթե փոքր-ինչ ավելի լուրջ են, կարող են հարցնել Արմսթրոնգի, Բեյսիի կամ Լեսթերի մասին։ Իսկ եթե ստոր են ու անտակտ, ապա կցանկանան իմանալ՝ խմիչքից ու թմրադեղերից կախվածությունն այդ երգերը երգելը բարդացնո՞ւմ է, թե՞ ավելի հաճելի է դարձնում։ Նրանք կցանկանան իմանալ այս Միացյալ Նահանգների կառավարության հետ քո բախումների մասին։ Կցանկանան իմանալ՝ արդյոք ատե՞լ ես, թե՞ սիրել քո լսարանին, մարդկանց, ովքեր վարձատրել են քեզ, գողացել են քո վարձատրությունը, մի անգամ ձերբակալել են քեզ սպիտակ տղամարդու հետ կապվելու համար, բանտարկել են կախվածության համար, բանտարկել են լինելու համար, ներխուժել են քո հիվանդասենյակ, հենց ամենավերջում, երբ պառկած զրուցում էիր Աստծո հետ։ Նրանց միշտ հետաքրքիր է լսել, որ դու չես կարդում երաժշտությունը։ Մի անգամ Daily News-ից քեզ հարց ուղղող մի խորամանկ տղայի քիչ էր մնում ասեիր, քիչ էր մնում շրջվեիր դրա ուղղությամբ ու ասեիր․ «Շա՛ն տղա, Ե՛Ս ԵՄ երաժշտությունը»։ Լեդին, սակայն, այդպես չի խոսում, եւ, ուստի, չխոսեցիր։ 

Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ