Քաղաքականություն

«Հրապարակ». Երբեւէ չեմ լսել, որ Փաշինյանն ասի՝ ամեն ինչ վերջացած է, Արցախը լուծարված է

«Հրապարակ». Երբեւէ չեմ լսել, որ Փաշինյանն ասի՝ ամեն ինչ վերջացած է, Արցախը լուծարված է

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հայտարարություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի` Արցախի կորստյան մեղավորների ցանկը փոփոխության է ենթարկվում օրվա կուրսին կամ տարվա եղանակներին համահունչ, եւ նա հաճախ մոռանում է նախկինում արած իր հայտարարություններն ու նոր «մեղավորներ» է հռչակում։ Կար ժամանակ, երբ Արցախի կորստի մեղավորները, ըստ Փաշինյանի, դավաճաններն ու դասալիքներն էին, հինգերորդ շարասյունը կամ նախկինները, որոնք թալանել էին բանակը՝ 44-օրյա պատերազմում կռվելու հնարավորությունից զրկելով: Հետո մեղքի մեծ բաժին իրենց վրա «վերցրին» մեր դաշնակիցները` հատկապես ռուսները: Քաղաքական մեղավորների թվում էր նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում պաշտոնավարման ժամանակ Ալմա Աթայի հռչակագիրն էր վավերացվել, եւ «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվել». Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Փաշինյանը եւ ՔՊ-ականները հենց այդ հռչակագրին էին հղում անում՝ արդարանալով, որ Արցախը նոր չի ճանաչվել Ադրբեջանի կազմում, այլ՝ 1991 թվին: Հատկապես մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Մադրիդի սկզբունքներն ու Լավրովի պլանը:

Մեղավորների ցանկում էին, անշուշտ, հայկական բանակի հրամկազմը եւ պաշտպանության բոլոր նախարարները, Գլխավոր շտաբի պետերն ու նրանց տեղակալները, Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը: Մեղքի ամենամեծ բաժինն ունեին Արցախի բոլոր իշխանությունները, քաղաքական ուժերը, հատկապես` Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ում անգամ հորդորում էին ինքնասպան լինել։

Սակայն շաբաթ օրը Իջեւանում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով նախկին բոլոր մեղավորներին, հայտարարեց, որ Արցախի լուծարումն անխուսափելի է դարձել 2016 թվականի օգոստոսին։ «Իրականում՝ այդ գործընթացն անխուսափելի է դարձել 2016 թվականի օգոստոսին՝ բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս հայտարարությանն ավելի կոնկրետ անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։ Փաշինյանն ասել է նաեւ, որ իրենք իշխանության գալով՝ եղել են ԼՂ հարցի համազգային էմոցիոնալ ընկալման կրողը: Ահա բառացի նրա խոսքը. «Երբ եկանք իշխանության, այս քարոզչական օբյեկտի մեր կարգավիճակը փոխվեց, դարձանք ինֆորմացիայի կրող ու տեսանք, որ այդ էմոցիոնալ ընկալման ու իրականության մեջ հսկայական ճեղք կա: Այն, որ բոլոր ռեսուրսները շատ երկար տարիներ դնում ենք մեր էմոցիոնալ ընկալումները կյանքի կոչելու համար, իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պետք է լիներ այն, որ, ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումն անհնար է: Մենք մեղավոր ենք սրանում, որ չենք խոսել մեր ժողովրդի հետ: Բայց սա ամբողջ պատմությունը չէ, խնդիրն այն է, որ մենք՝ ինքներս, կամ ես՝ ինքս, այդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան ու ռոմանտիզմն ուրիշ բան են, իրականությունն ու պրագմատիզմն ուրիշ բան են: Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում եւ այլն, այլեւ ԼՂ-ում պետական կարգի հաստատված լուծարումն ու զրոյացումն էր: Առաջին անգամ խոսել եմ այս մասին քննիչ հանձնաժողովում իմ ելույթում, երկրորդ անգամ՝ քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, հիմա ավելի ազատ կարող եմ խոսել»։ Նիկոլ Փաշինյանը «հանճարեղ» ձեւակերպում տվեց՝ 2020 թվականի պատերազմից հետո իրենց թիմը չփլուզվեց հենց այդ պատճառով․ «Մենք մեզ մեղադրում էինք, բայց մեզ չէինք մեղադրում նրա մեջ, ինչի մեջ կարող էինք, իսկապես, մեղավոր լինել»։ Այս միտքը, իհարկե, քաղաքագետների, հոգեբանների եւ լեզվաբանների կողմից լուրջ ուսումնասիրության նյութ պետք է դառնա:

Ուշագրավ է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակն անգամ 44-օրյա պատերազմից հետո, փաստորեն, «էմոցիոնալ» գծի մեջ է եղել, իսկ այսօր հայտարարում է, թե Արցախի լուծարման անշրջելիության կետը 2016-ն էր։ Դիցուք, 2021 թ. խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում Արցախի վերաբերյալ հետեւյալ դիրքորոշումն է հայտնել․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին՝ ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները հիմք են տալիս կասկածելու, որ վաղը նա կարող է հայտարարել, թե Հայաստանի Հանրապետության լուծարումը եւս անխուսափելի է դարձել 90-ականներին, 29.800-ը ոչ թե մեր ինքնիշխան տարածքն է, այլ պատկանում է ուրիշին, պարզապես իրենք էմոցիոնալ հայտարարություններ են արել եւ ուղիղ չեն ասել, թե մեզ ինչ է սպասվում։ Իրենց մեղքը միայն դա է` հանրությանը ժամանակին չասելը:  
Արդյո՞ք մինչեւ 2020 թվականը Նիկոլ Փաշինյանը թեկուզ փակ ֆորմատով հանդիպումներին ակնարկել է այն մասին, որ 2016-ին Արցախն արդեն «լուծարված» էր՝ հարցրինք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին։ «Իհարկե՝ ոչ, ես գոնե նման ակնարկ չեմ լսել` մի քանի նման հանդիպման եմ մասնակցել։ Ես երբեւէ նման բան չեմ լսել, որ ինքն ասի՝ ամեն ինչ վերջացած է, անհույս է»,- պատասխանեց նա՝ ընդգծելով, որ ճիշտ հակառակն է եղել, որի ապացույցը Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի հայտարարությունն է։

Բալայանի կարծիքով, բանակցություններում էլ երբեւէ նման խոսք չի գնացել։ «Նա տարբեր թվեր է հնչեցնում` մե՛կ 1991 թվականի մասին է խոսում, մե՛կ՝ ուրիշ, հիմա՝ 2016, գուցե կողմնորոշվե՞ն՝ որ թվականն է եղել։ Ի՞նչ ասեմ, ես նման փաստերի չեմ տիրապետում»,- ասաց Բալայանը, ով տասնամյակներ զբաղվում է քաղաքականությամբ եւ տեղյակ է բանակցային անցուդարձին։

Տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետում, Արցախի քաղաքական վերնախավի հետ մի փակ քննարկում է եղել՝ գրավյալ 7 շրջաններից մի քանիսը վերադարձնելու թեմայով, որին մասնակցել է նաեւ Բալայանը, բայց անգամ այդ ժամանակ, Բալայանի պնդմամբ, «լուծարման» հարց չի եղել։ «Եղել են բանակցություններում վայրիվերումներ, մե՛կ համաձայնել են կողմերը, մե՛կ` չէ, դրանք բնականոն գործընթացներ էին, բայց ասել, որ 2016 թվականին որոշված է եղել լուծարել, չի եղել նման բան, ես չունեմ նման փաստ։ Գուցե ինչ-որ մեկն ինչ-որ իրադարձություններից իր հետեւություններն է արել, բայց դա չի կարելի փաստ ընդունել»,- ասում է նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image