Հանրային ռադիոյի աշխատակիցները դժգոհ են․ նրանք հայտարարություն են տարածել

Հանրային ռադիոյի աշխատակիցները դժգոհ են․ նրանք հայտարարություն են տարածել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները դեռ հայտարարված չեն, սակայն արդեն պարզ է, որ այն անցկացվել է կոպիտ խախտումներով։ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը, որն անցկացնում է մրցույթը, ճնշում է գործադրել հանձնաժողովականների վրա և իր թեկնածուն է պարտադրել՝ հայտնի ռադիոլրագրող Կորյուն Խումարյանի որդուն՝ Գարեգին Խումարյանին։ 

Հանրային ռադիոյի աշխատակիցներն այս պահին ժողով են հրավիրել և քննարկում են իրավիճակը։ Քիչ առաջ նրանք «Հրապարակին» փոխանցեցին հետևյալ հայտարությունը․ «Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։ Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։ Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է այսօր, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»: 

Գարեգին Խումարյանը «Լրատվական ռադիո»-ի հիմադիրն է, քաղաքական հաղորդումներ է վարում։ Նա երբևիցե չի եղել Հանրային ռադիոյի աշխատակից, մինչդեռ մրցույթի մասնակիցների թվում կան Հանրային ռադիոյի նախկին և ներկա աշխատակիցներ։