Այդ տղայի ասածները պարզապես խայտառակություն են․ Նորայր Նորիկյան

Այդ տղայի ասածները պարզապես խայտառակություն են․ Նորայր Նորիկյան

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երեկ՝ հունվարի 30-ին, Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ,  արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու առաջարկին, ասաց հետևյալը՝ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։ Փաստաբան Նոորայր Նորիկյանին խնդրեցինք մեկնաբանել Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ շրջանառվող այդ նախագիծը, ապա նաև փոխնախարարի հայտարարությունը․

«Այդ տղայի ասածները պարզապես խայտառակություն են, ես կարծում եմ, որ նա այս պայմաններում ուղղակի կոմպետենտ պաշտոնյա չէ՝ որպես կառավարության ներկայացուցիչ, և ես կարծում եմ, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները պետք է հետևություններ անեն այդ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ տղայի դատողությունները ՀՀ Սահմանադրության, անձի իրավունքի պաշտպանության, պետական պաշտպանության իրավունքի, անմեղության կանխավարկածի և, առհասարակ, փաստաբանական գործունեության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ եթե կառավարության ներկայացուցիչը տարրական պատկերացում չունի փաստաբանական գործունեության մասին՝ համաձայն որի փաստաբանությունը, ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանություն է, և եթե կառավարության ներկայացուցիչ պաշտոնյան նման վերաբերմունք ունի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, ապա ես ուղղակի ցավում եմ, որ այդպիսի ընկալում կա կառավարության անդամ այդ անձի կողմից։ Ուստի գտնում եմ, որ ընդհանրապես Հարկային օրենսգրքի այդ փոփոխությունները խայտառակություն են և միտված են ուղղակի փաստաբանական համայնքը կազմալուծելուն կամ կազմաքանդելուն, որովհետև այդ օրենքի ընդունումից հետո կա 3 ճանապարհ՝ դադարեցնել մասնագիտական գործունեությունը, մտնել ստվերի  դաշտ կամ պարզապես մեծացնել փաստաբանական հոնորարի թվերը, որը կարող է ուղղակի ավերել այդ շուկան»,- «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը։  

Հիշեցնենք,  որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու: