«Հրապարակ». Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշելու, քանի դեռ Հայաստանը բավարարում է դրանք

Մարտի 13-ին, ՔՊ նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարեւոր իրադարձություն է։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ «խաղաղության պայմանագրի» վիճելի 2 կետերը, որոնք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության) դուրսբերմանը եւ միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը, համաձայնեցվել են։
«2 դրույթների հետ կապված՝ մենք ենք առաջարկ անում, ադրբեջանական կողմն է առաջարկ անում, այդ դրույթները ոչ մեծ, սակայն էվոլյուցիա են ապրել։ Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ մեզ չի հաջողվելու ունենալ իդեալական ձեւակերպումներ այդ առումով, մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել, եւ, ըստ էության, այո՛, այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ-ի համար»,- ասաց Փաշինյանը։ Հարցին, թե հանրությունը մինչեւ պայմանագրի ստորագրումը հնարավորություն կունենա՞ տեքստին ծանոթանալու, ասաց. «Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. առանձին՝ հոդված-հոդված, այսպես թե այնպես, հրապարակվել է։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը պայմանագրի տեքստին ծանոթ չէ։ Վերջին 4 տարիներին դրույթ առ դրույթ հայտնի է դարձել»։ Նույն օրը հրապարակվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրք լրագրողներին, որի ժամանակ ասել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար առաջնային չէ, եւ պատմական իրողությունները 100 տոկոսանոց իրականություն չեն, այլ արտացոլում են քաղաքական տարրեր: Զրուցել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:
- Փաշինյանը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» կնքել, խոսվում է Մեղրիի միջանցքը բացելու մասին, դրան գումարած` նա արդեն բացահայտորեն հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից: Ի՞նչ պրոցեսներ են, հնարավո՞ր է հասնել խաղաղության:
- Խաղաղություն հնարավոր է հաստատել, սակայն ես վստահ եմ` Ադրբեջանը ո՛չ խաղաղություն է ցանկանում, ո՛չ էլ, առավել եւս` ստորագրելու է այդ փաստաթղթի տակ, պարզապես դիվանագիտական էթիկայից ելնելով՝ այս պրոցեսի մեջ են ներգրավվել, քանի որ միջազգային հանրությունն արդեն իսկ կարող է լուրջ մեղադրանքներ ներկայացնել Բաքվին: Ադրբեջանի նպատակը Հայաստան պետության վերացումն է, ի դեպ` Ալիեւը չի էլ թաքցնում, թե ինչ է ցանկանում ինքը, նա որեւէ իմաստ չի տեսնում ո՛չ խաղաղության պայմանագրի տակ ստորագրելու, ո՛չ էլ հայերի հետ խաղաղ ապրելու հարցում: Ալիեւի նպատակը Հայաստանի վերացումն է: Մնացածը պարապ զրույցներ են: Հայաստանը, ցավոք, այս պահին այնքան թույլ վիճակում է, որ կարելի է պարտադրել ամեն ինչ: Բաքուն, օգտվելով առիթից, նորանոր պահանջներ է առաջ քաշելու` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը բավարարում է դրանք:
- Ալիեւը նշում է, որ Հայաստանին ու Փաշինյանին վստահել չի կարելի, ուստի անպայման փաստաթուղթ է հարկավոր, որպեսզի կողմերը կոնսենսուսի գան: Այս հայտարարություններից տպավորություն է, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Ալիեւը խաղաղություն է ուզում:
- Այստեղ ամենամեծ խնդիրը հետեւյալն է. վաղ թե ուշ, փոխվելու են Հայաստանի իշխանությունները, այդ բոլոր պայմանավորվածությունները, ստորագրությունները հաջորդ իշխանություններն անվավեր են ճանաչելու: Անգամ սահմանադրական փոփոխությունները ոչինչ չեն տալու, եթե իշխանափոխություն տեղի ունենա, դա էլ է փոխվելու կրկին:
- Բայց եթե Սահմանադրությունը փոխվի, չի՞ տուժի Հայաստանը:
- Թեպետ Սահմանադրությունը հիմնական օրենքն է ու շատ կարեւոր է, սակայն այն ինչպես այսօր են ցանկանում փոխել, այդպես էլ վաղը կարող են շատ հանգիստ փոխել: Այդտեղ ոչ մի բարդ բան չկա: Հույս դնել այն բանի վրա, որ Սահմանադրության փոփոխությամբ ինչ-որ բան է փոխվելու, միամտություն է: Հայաստանի իշխանությունները հեռանալու են: Հաջորդ տարի ընտրություններ են լինելու: Այդ բոլոր պայմանավորվածությունները դառնալու են ի չիք: Հետեւաբար, շատ տրամաբանական է, որ Ալիեւը չունի շտապողականություն եւ անվերջ նորանոր պահանջներ է առաջ քաշում:
- Երբեւէ կմտածեի՞ք, որ մի օր Հայաստանի իշխանության ղեկին Քաջ Նազարի բախտով հայտնվելու է մեկը, որը հրաժարվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից: Իսկ շատ երկրներում ցեղասպանությունը կասկածի տակ դնելը հանցանք է համարվում:
- Մենք շատ բան չէինք կարող մտածել: Օրինակ` չէինք կարող մտածել, որ մի օր սկուտեղի վրա հանձնվելու է Արցախի Հանրապետությունը, չէինք կարող մտածել, որ կգա մի օր, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում կդատվի: Հազար ու մի բան չէինք կարող մտածել, բայց զարմանալի ոչինչ չկա, ի վերջո՝ մեր հասարակությունը պետք է եզրակացություններ անի:
- Վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրությունների արդյունքում կհեռանա:
- Հուսով եմ` այո, սակայն եթե վերարտադրվեն իշխանությունները, չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի նախանձելի վիճակում է, որ ապագա իշխանությունները երազում են իշխանություն վերցնելու մասին: Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական եւ թե՛ տնտեսական մարտահրավերների առումով Հայաստանը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած: Կապրենք՝ կտեսնենք, սակայն մի բան հստակ է` հասարակությունը պետք է կարողանա ծանրակշիռ որոշումներ կայացնել:
- Սյունիքի միջանցքի մասին ի՞նչ կասեք: Եթե դա էլ զիջեն:
- Եթե միջանցք ասելով նկատի ունենք զուտ ճանապարհ Հայաստանի միջով` ՀՀ սուվերեն վերահսկողության տակ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, նույնիսկ լավ է, բայց եթե միջանցք ասելով նորից տարածքների կորստի մասին ենք խոսում, ինչի արդյունքում կորցնելու ենք նաեւ տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ապա դա խայտառակություն է: Դա շատ ավելի ծանր հետեւանքներ կարող է թողնել, քան բոլոր մնացյալ խնդիրները:
- Բաքուն հենց դա է պահանջում:
- Ադրբեջանի տեղը ով էլ լիներ, կպահանջեր: Վաղ թե ուշ, փոխվելու են իշխանությունները, ամեն ինչ չեղարկվելու է արդյունքում:
- Բայց եթե ամեն ինչ հանձնեն, էլ ի՞նչ կարող է փոխվել:
- Հանձնելուց հետո շատ ծանր խնդիրներ կառաջանան….
- Փաշինյանը փորձում է Էրդողանի հետ ջերմ հարաբերություններ հաստատել, թուրք լրագրողների հետ հանդիպումն էլ այդ մասին վկայեց: Ինչո՞ւ:
- Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի՝ Հայաստանը Թուրքիայի հետ չի կարող ջերմ հարաբերություններ ունենալ մեկ պարզ պատճառով` Թուրքիան դա չի ցանկանում եւ երբեք չի ցանկանալու: Եկեք Հայաստանի դերը չգերագնահատենք:
- Այդ դեպքում ինչո՞ւ են Փաշինյանի դեմքին ծիծաղում:
- Այդպես են անում, որ միջազգային հանրության աչքին թոզ փչեն:
- Հայ ռազմագերիների խոշտանգումը Բաքվում շարունակվում է: Ի՞նչ կարող են անել իշխանությունները` ռազմագերիներին հայրենադարձելու ուղղությամբ:
- Հայաստանը պետք է արտաքին քաղաքական առումով ուժեղանա, նոր միայն կարողանա հայ ռազմագերիներին պահանջել: Այլ պայմաններում գերիների վերադարձ չեմ պատկերացնում:
Կարծիքներ