Արմեն Սարգսյանի համար նոր Maybach են գնել (ֆոտո)

Արմեն Սարգսյանի համար նոր Maybach են գնել (ֆոտո)

Նախագահ Արմեն Սարգսյանի համար նոր ավտոմեքենա են գնել։ Այն վերջին սերնդի Mercedes-Benz S 560 Maybach է՝ Mercedes S-Class-ի ամենաշքեղ ու թանկարժեք մոդիֆիկացիան։ Մենք այն նկատեցինք այսօր Աբովյան պուրակով անցնելիս՝ 200 UU 01 պետհամարանիշով։ Պարզվեց՝ նախագահը մեկնում է Արցախ։ Նախագահի Maybach-ին ուղեկցում էին նաև ՊՊԾ-ի երկու Nissan X-Trail-ները։

Ուշագրավ է, որ ավտոշարասյան կազմում էր նաև Արմեն Սարգսյանի անձնական օգտագործման Cadillac Escalade ամենագնացը։ Մինչև Maybach-ի ձեռքբերումը Սարգսյանն օգտագործում էր այս Cadillac-ը կամ բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված BMW 750-ը, քանի որ նրան պետության կողմից ծառայողական ավտոմեքենա հատկացված չէր։ Այսօր այս Cadillac-ը երբեմն փոխարինում է Maybach-ին՝ որպես ռեզերվային ավտոմեքենա։ Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը Hraparak․am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արմեն Սարգսյանի համար նոր մեքենա է ձեռք բերվել՝ վերոնշյալ Mercedes S560 Maybach-ը, և նշեց, որ այն ձեռք է բերվել կառավարության որոշմամբ, պետբյուջեի միջոցներով։

Թե որքան գումար է ծախսվել բյուջեից այս մեքենայի ձեռքբերման համար, Հասմիկ Պետրոսյանը դժվարացավ ասել․ «Քանի որ մեքենան ձեռք է բերվել կառավարության որոշմամբ, Հանրապետության նախագահի աշխատակազմը որոշման տվյալներին չի տիրապետում»։ Այդուհանդերձ, մենք պարզեցինք, որ եթե Հայաստանում Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցչությունից որոշենք պատվիրել այսպիսի Mercedes S560 Maybach, ապա այն կարժենա մոտ 225 հազար եվրո։ Մեզ ասացին, որ այդպիսի մի Maybach արդեն ճանապարհին է և մոտ օրերս կլինի Հայաստանում, թեպետ դեռ որևէ մեկի կողմից գնված չէ։