Մանկապատանեկան հանդեսների խմբագիրները հնարավոր է դիմեն դատարան

Մանկապատանեկան հանդեսների խմբագիրները հնարավոր է դիմեն դատարան

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսների ճակատագիրը դեռ անորոշ է․ բոլոր 3 ամսագրերն էլ հայտնվել են փակման վտանգի առջեւ։ Բանն այն է, որ այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ (տենդեր) անցկացրեց, որի արդյունքում մերժվեցին բոլոր երեքի հայտերն էլ։ Մանկապատանեկան հանդեսների խմբագիրների բողոքը հասավ մինչեւ Ազգային ժողով, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սփյուռքի հարցերի հանձնաժողովը դեռ մայիսին նիստ հրավիրեց՝ հարցը քննարկելու համար։

«Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նիստից հետո եկել են համաձայնության, որ ԿԳՆ-ն պետք է դիմի արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն 1990 թ․ Գերագույն խորհրդի որոշման իրավազորությունը․ արդյոք սույն որոշումն այսօր իրավազո՞ր է, թե՞ ոչ։ Իսկ այդ որոշման համաձայն, մանկապատանեկան հանդեսները պետք է լույս տեսնեին պետական հովանավորությամբ, ինչը չի արվում։

«Մեր տեղեկություններով, իրենք դիմել են եւ պատասխան են ստացել, որը կարծես թե իրենց այդքան էլ չի բավարարել՝ այն իմաստով, որ մեզ այդ հովանավորությունից զրկել են։ Երեւի պատասխանը միանշանակ չի եղել»,- ասում է Տոնոյանն ու հավելում, որ խոսել է Արարատ Միրզոյանի օգնականի հետ, նրան փոխանցել իրենց մտահոգությունը՝ պատասխանն ուշանում է, իսկ ամիսները՝ անցնում։

«Ինձ ասացին, որ որոշ գրությունների համար 6-ամսյա ժամկետ կա, ես դիմեցի նաեւ այդ ենթահանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանին, որի կողմից այս խնդրի վերաբերյալ ըմբռնում տեսնում ենք։ Նրան խնդրեցի, որ նախանձախնդիր լինի, եւ մեզ ինչ-որ պատասխան տրվի, որը լղոզված չլինի, այլ լինի կոնկրետ, որովհետեւ անվանապես այս 3 պարբերականների համար է կայացվել որոշումը, եւ պետք է որոշում կայացնողն անվանապես անվավեր ճանաչի 1990թ․ որոշումը, որպեսզի այդ որոշումն այսօր իրավազոր չլինի, բայց նման որոշում չի կայացվել։ Ավելին՝ նախքան իրավազորությունը ստուգելը, ԿԳՆ-ն ինքնագլուխ մեզ զրկել է ֆինանսավորումից, այսինքն՝ չի կատարել օրենսդիր մարմնի որոշումը, եւ նրա այդ քայլն իրավաբանորեն հիմնավորված չէ։ Բայց հունվարից մեզ արդեն զրկեցին ֆինանսավորումից, 3 կոլեկտիվ աշխատավարձ չի ստանում։ Մրցույթ են կազմակերպել, որը ի՞նչ կապ ունի այդ որոշման հետ, քանի որ նախօրոք են զրկել մեզ՝ առանց ստուգելու այդ որոշման իրավազորությունը, որը մինչեւ այս պահը չեն կարողանում պարզել եւ հիմնավորել»,- ասում է Տոնոյանը։ Նա չի բացառում, որ 3 խմբագիրներով հնարավոր է հայցով դիմեն դատարան եւ վիճարկեն նախարարության կայացրած որոշումը։

«Փաստորեն, մինչեւ 19 թ․ հունվարի 1-ը այդ որոշումն իրավազորություն ուներ, դրանից հետո՝ ոչ, թե ինչ է փոխվել հունվարի 1-ից հետո, մենք չգիտենք։ Դա կարելի է նախարարության քմահաճույք ասել։ Մեզ մոտ 6 հոգի են աշխատում, «Կանչ»-ում՝ երեւի մի քիչ ավել, «Ծիծեռնակ»-ում էլ՝ մոտ այդքան»,- ասում է Թադեւոս Տոնոյանն ու նկատում, որ մրցույթում երկու հաղթողները մեկ հոգու խմբագրություններ են, մեկ հոգին ներկայացրել է վեց միլիոն դրամի, իսկ իրենք վեց-յոթ հոգով ներկայացրել են 9 միլիոն դրամի հայտ։ Հաղթել են «Մարի», «Խատուտիկ», «Լուսապսակ» հանդեսները։ ««Խատուտիկ»-ը մեկ հոգու խմբագրություն է, եւ երբ այս ինֆորմացիան ասում ենք՝ զարմանում են, որովհետեւ տեղյակ չեն»։   

ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանն ասաց, որ առայժմ որեւէ տեղեկություն չունի եւ ինքը նույնպես սպասում է այդ պատասխանին․ «Նամակները վերաուղարկել եմ համապատասխան օղակների եւ սպասում եմ պատասխանի»,- ասում է Թեւոսյանն ու նկատում, որ, չլինելով իրավաբան, բայց ունենալով տրամաբանական պատկերացում երեւույթի մասին, կարծում է, որ այս դեպքում խմբագիրների 1990թ․ արված հղումը հնարավոր է եւ չաշխատի, որովհետեւ իրենք այլեւս պետական հիմնարկներ չեն, ինչպիսին եղել են նախկինում, այլ՝ ՍՊԸ-ներ, որոնք գործել են համահավասարության դաշտում, չունեն որոշակի առավելություններ՝ որպես մշակութային արժեքներ, ըստ որի՝ ֆինանսավորումն էլ պարտադիր է։

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրենց համար շատ սթրեսային է միանգամից էական փոփոխության ենթարկվելը, թերեւս դրանով է պայմանավորված իրենց ընկալումը, որ ես իրենց խնդիրն ըմբռնողներից մեկն եմ, որովհետեւ, իմ սուբյեկտիվ կարծիքով, մնացածը որեւէ սխալ բան չեն արել, եւ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում, բայց ես նաեւ դրա հոգեբանական կողմն եմ հաշվի առնում եւ իրենց նույնպես ասել եմ, որ աշնան կողմ հնարավոր է որոշակի հնարավորություններ ստեղծվեն մեդիայի կայացման ուղղությամբ իրականացվող որոշակի քայլերի շրջանակում, եւ հնարավոր է, որ մենք փորձենք ինչ-որ ճանապարհներ գտնել՝ իրենց վերաթողարկումը կազմակերպելու համար»,- նկատեց նա։