Ամանորից մեկ ամիս անց դեռ չեն վերանորոգվել Հրապարակի ծակծկված շենքերը

Ամանորից մեկ ամիս անց դեռ չեն վերանորոգվել Հրապարակի ծակծկված շենքերը

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս Ամանոր 2019-2020-ի Ամանորինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ ահա այս տարի Երևանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել:

Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը բառի ամենաուղիղ իմաստով այլանդակելով: 

Կառավարության շենքի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ եւ մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ անցքերը փակելու են, շենքերը բերելու են նախնական տեսքի: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ` ինչ է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես` Կառավարության շենքն այլևս հնարավոր չէ նախկին տեսքին բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան, և շենքերի անցքերը հատուկ նյութերով փակելու են եւ դա անելու է լույսերը տեղադրող կազմակերպությունը:

Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը» տեղից չի շարժվում` այդ շենքերի վրա որևէ աշխատանք չի իրականացվում, ծակերն էլ անցորդների աչքն են «ծակում»: Երեկ մենք եւս անձամբ համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել:

Դիմեցինք Երևանի քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչո՞ւ քաղաքապետարանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում շենքերի վրա արված հսկայական ծակերը նորոգելու համար: Քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նորից ասպարեզ բերեց աղմուկի օրերին հրապարակ նետված կեղծ թեզը, թե` շենքի վրա առկա ծակերից շատերն ունեն հին պատմություն, առաջացել են շատ վաղուց: Թե ինչպես, երբ ու ինչի հետևանքով են ծակերն առաջացել, Սարդարյանը չմանրամասնեց, ապա հավելեց.

««Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագիր, նրանք են ամանորյա զարդարանքներն իրականացրել և հենց նրանք էլ պարտավոր են նորոգել շենքը»: Նա ասաց, որ շենքերի վրա առկա ծակերից ոչ բոլորն են լույսերի պատճառով առաջացել, շատ անցքեր վաղուցվանից են, սակայն «Սինեմարտ» ՍՊԸ-ն պարտավորությունի ունի մինչև փետրվարի 16-ը նորոգել այն:

«Զուտ եղանակային պայմանների հետ կապված կարող է օրերի խնդիր առաջանալ, պետք է եղանակը չոր լինի: Կա նաև որոշակի տեխնիկական դետալների ճշտման անհրաժեշտություն` ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև, ինչից հետո միանգամից կսկսվեն աշխատանքները»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Կառավարության շենքի ծակերը նորոգելու համար քաղաքապետարանն առանձին գումար հատկացրե՞լ է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, թե՞ ոչ, Սարդարյանն ասաց. «Ոչ, դա ներառված է հատկացված գումարի մեջ»: 

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։

Հ.Գ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանն իր «ձեռքերը» լվացել է պատմամշակութային արժեք համարվող շենքերի վերականգնման հարցից եւ անգամ չի հետեւում դրա կատարման ընթացքին` նա միայն բյուջեից միլիոնները հատկացնելու տերն է։ Թե կապալառու կազմակերպությունն ինչպես կծախսի այդ գումարը, կկատարի՞ արդյոք պայմանագրային պարտավորությունները, թե՞ ոչ` նրան չի հետաքրքրում: