Նիկոլ Փաշինյանի մեքենայով ենք գնացել ճաշի

Նիկոլ Փաշինյանի մեքենայով ենք գնացել ճաշի

Որքան էլ հերքեն, փաստերն իրենք են խոսում Արցախի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ առկա անջրպետի մասին։  Վերջին ամիսներին նրանց շփումը, ըստ տեղեկությունների, գրեթե զրոյական մակարդակի է։ Բակո Սահակյանի արդեն նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանը նույնիսկ տեղեկություն ուներ, որ մայիսի 9-ից հետո Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան զրույց չի եղել՝ ո՛չ հեռախոսային, ո՛չ բանավոր մակարդակում։

Փոխարենը Բակո Սահակյանն ընդունում է Հայաստանի բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների։ Երեկ հանդիպել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, այսօր կընդունի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Կարելի է կարծել, որ Արցախի հետ շփման մակարդակն իջեցվել է նախարարների մակարդակի։

Սակայն Բակո Սահակյանի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ Փաշինյանի եւ Սահակյանի միջեւ նորմալ գործընկերային հարաբերությունները պահպանվում են։ Իսկ ե՞րբ են երկու ղեկավարները հանդիպել վերջին անգամ, ու նախատեսվո՞ւմ է արդյոք նոր հանդիպում․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, Բակո Սահակյանն ի՞նչ օրակարգով է ընդունելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։

- Նախ ասեմ, որ նման հանդիպումներ պարբերաբար են լինում։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, որպես կանոն, քննարկվում են արտաքին ոլորտի փոխգործակցության, հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր։

- Փաշինյանի՝ «դավադիր ուժերի» մասին հայտնի հայտարարությունից հետո կարծես թե խզվել է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կապը, եւ հիմա կարծես նախարարների մակարդակի է իջեցվել Արցախի հետ շփումը։ Կասե՞ք՝ Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ե՞րբ են հանդիպել ու ի՞նչ օրակարգով։

- Ես պիտի կրկնեմ, որ ավանդույթ է դարձել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը, նրանք միշտ էլ այցելում են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի վերջին հանդիպումն ու շփումները եղել են հունիսի 16-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրը։ Ոչ միայն միասին մասնակցել են այդ նիստին, այլեւ ճաշել են, քննարկել են տարբեր հարցեր։

- Առանձնազրույց ունեցե՞լ են, որովհետեւ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե մայիսի 9-ից հետո նրանք չեն խոսել, չեն զրուցել։

- Անշուշտ, եղել է, նրանք առանձնազրույց են ունեցել։ Հանդիպումներ կան, շփումներ կան, գործնական, էլի․․․

Վստահեցնում եմ՝ մենք եկել ենք հոգաբարձուների խորհրդի նիստին, հետո Նիկոլ Փաշինյանի մեքենայով գնացել ենք այդ ճաշի տեղը՝ կոնյակի գործարանի հարեւանությամբ, կոնկրետ տեղը չեմ հիշում, այնտեղ էլ են  հանդիպել, փոքր առանձնազրույց ունեցան, հետո միացան հոգաբարձուների խորհրդի անդամներին, մեկ սեղանի շուրջ էին նստած։

- Առանձնազրույցից մանրամասներ հայտնի՞ են Ձեզ։

- Երկու ղեկավարները սովորաբար խոսում են այն հարցերի մասին, որոնք առկա են ու կարեւոր՝ փոխգործակցության խնդիրներ, տնտեսական հարցեր, քաղաքական, տարածաշրջանային, այսպիսի հարցեր։ Բայց վստահեցնում եմ՝ վերջին հանդիպումն անցել է շատ լավ, աշխույժ, մենակ ես չեմ դա ասում, ամբողջ հոգաբարձուների խորհրդի անդամներն են նկատել։

- Այդուհանդերձ, վերջին շրջանում չի խոսվում անգամ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, լռում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Ի՞նչ փուլում է գործընթացը, եւ գոնե այս հարցի հետ կապված քննարկումներ կա՞ն։

- Գիտեք, Արցախը մոտ քսան տարի է՝ բանակցային սեղանից հեռացել է, այսինքն՝ մասնակցում է ոչ լիարժեք ձեւաչափով։ Բայց մենք ողջունել ենք Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունը եւ այն գաղափարը, որ պետք է վերականգնվի լիարժեք ձեւաչափը, այն է՝ Ստեփանակերտի մասնակցությամբ։

Մենք ողջունում ենք իր ջանքերը, որ վստահեցնում է, թե ամեն ինչ անելու է, բայց միեւնույն ժամանակ նշում ենք, որ սա երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը հեշտ չի համաձայնելու եւ ամեն ինչ անելու է գործընթացը խոչընդոտելու համար։ Կարեւորն այն է, որ կա այսպիսի նպատակ, այդ գաղափարն առաջ է տարվում, բայց սա ժամանակ է պահանջում։

- Առաջիկայում Փաշինյան-Սահակյան հանդիպում, առանձնազրույց սպասվո՞ւմ է։

- Ես չեմ կարող ասել՝ երբ է լինելու, բայց երբ լինի, կտեղեկացնենք։

- Մի կողմից ասում եք՝ չկա խնդիր, մյուս կողմից մենք տեսնում ենք Բակո Սահակյանի կադրային փոփոխությունները՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի ճաշակի, եւ զուգորդված տեղեկությունները, որ Սամվել Բաբայանը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ փողոցային պայքարի միջոցով արտահերթ ընտրությունների պահանջ է ներկայացնելու։ Արտահերթ ընտրությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք, նկատելի՞ են խմորումներ։

- Ես կարծում եմ՝ սխալ է դիտարկումը, թե հակառակ է ինչ-որ մեկի ճաշակին, որովհետեւ երկու պետությունների ղեկավարները երբեք էլ մեկմեկու կադրային նշանակումներին չեն միջամտել։ Իսկ խմորումներ նկատելի չեն, եւ առհասարակ՝ որեւէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ գործընթաց իրականացնել՝ լինի ուժային տարբերակով, թե ընդհանրապես ցանկացած ձեւով։

Որեւէ մեկը՝ լինի քաղաքական գործիչ, թե ոչ, իրավունք չունի իր կամքը պարտադրել ժողովրդին։ Արցախի ժողովուրդն այդքան գիտակցություն ունի եւ ինչ-որ մարդկանց շահերի համար պետական շահերը չի վտանգի, չեմ կարծում, թե նման բան կլինի։ Հակառակը, կարծում եմ՝ հերթական ընտրություններով հնարավորություն է ստեղծվելու Արցախում նոր էջ բացել, առաջ դեպի ավելի արդյունավետ քաղաքական համակարգ ունենալը։