Վրաստանի ԱԳՆ-ի «ծանր ապտակը»՝ Բաքվին․ Դարչիաշվիլին՝ ՀՀ ուղարկված զենքի մասին  

Վրաստանի ԱԳՆ-ի «ծանր ապտակը»՝ Բաքվին․ Դարչիաշվիլին՝ ՀՀ ուղարկված զենքի մասին  

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Վրաստանի տարածքով Հայաստանին ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը։

Հաղորդավարի այն հարցին, թե Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զրահատեխնիկայի մատակարարումը կխոչընդոտի Թբիլիսիի՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերին, Դարչիաշվիլին պատասխանել է, որ «Վրաստանը երկու երկրներին հնարավորություն է տալիս օգտագործել տարանցիկ գործառույթը հավասար պայմաններով»։

«Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժեր, և երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել դրանք։ 

Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի օգտվելու մեր երկրի ունեցած տարանցիկ գործառույթից՝ հավասար պայմաններում։ Սա է մեր պատասխանը, այս հարցի վերաբերյալ ակնարկները տեղին չեն լինելու»,- ասել է Դարչիաշվիլին՝ հակադարձելով թեմայի շուրջ Ադրբեջանում բարձրացված հիստերիային։
Նրա խոսքով՝ Վրաստանի «գլխավոր նպատակը՝ երկու բարեկամ և եղբայրական ժողովուրդների հետ միասին տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է»։

Դարչիաշվիլին նշել է, որ Թբիլիսին այդ գործընթացում հաջողությամբ կատարում է անաչառ խաղացողի դերը։