Բջջային կապի ոլորտում փոփոխություն կլինի. Ալեն Սիմոնյան

Բջջային կապի ոլորտում փոփոխություն կլինի. Ալեն Սիմոնյան

Շարժական կապի մատուցման երկու օպերատորներ՝ «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» (ներկայացնում է «Բիլայն»-ը) ամիսներ առաջ դիմել էին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ բարձրաձայնելով հեռահաղորդակցության ոլորտում որոշ իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, որ մրցակցային անհավասար պայմաններում են, քանի որ մի երրորդ ընկերություն շատ ավելի բարենպաստ պայմաններում է գտնվում։ Ալեն Սիմոնյանը սկսել է զբաղվել խնդրով և շուրջ 6-ամսյա հանդիպումների ու քննարկումների արդյունքում թեման փոխանցել կառավարությանը, որն էլ վերջակետ է դրել հարցին։ 

«Հրապարակի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, թե խոսքն ինչ վերջակետի ու իրավակարգավորումների մասին է։

«Վերջնակետն այն էր, որ երեք կազմակերպությունները համաձայնության են եկել հեռախոսային խոսակցության ինքնարժեքի կարգավորման և նախնական իջեցման հարցի շուրջ, ինչը շատ կարևոր է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Նրա մեկնաբանությամբ՝ հետևանքը լինելու է երեք օպերատորների միջև մրցակցության բարձրացումը։ Ինչպես նաև որպես հետևանք՝ բաժանորդների համար ավելի լավ պայմանների առաջարկը։ «Եվ ինչու ոչ, գների իջեցումը հեռախոսակապի և կապի ոլորտում ծառայությունների համար»,-ավելացնում է Ալեն Սիմոնյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի որոշմամբ՝  հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական և ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվող փոխկապակցման ծառայությունների վճարները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար սահմանված էին 8,4 դրամ, իսկ 2019 դրանից հետո՝ 7,4 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

Մեկնաբանություն ստացանք նաև ՀԾԿՀ հանձնաժողովից, ներկայացրեցին նաև հարցի նախապատմությունը։ Մասնավորապես, 2009 թվականից հանձնաժողովը և օպերատորները փորձել են գնալ շարժական կապի օպերատորների ընդհանուր համաձայնությամբ փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների աստիճանական նվազեցման սկզբունքի կիրառմանը, որի արդյունքում 2018 թվականին մշակվել էր որոշման նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում էր 2019 թվականի հուլիսի 1-ից 1-ական դրամով նվազեցնել շարժական կապի ցանցերի միջև վերջնավորման վճարները՝ արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 5,4 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։ Սակայն այն ժամանակ որոշման նախագծի վերաբերյալ օպերատորների միջև համաձայնություն ձեռք չէր բերվել։  

Հանձնաժողովը շարունակել էր քննարկումները, որոնց շրջանակում «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերություններն այս տարվա փետրվարին ներկայացրել էին տեղական օպերատորների ցանցերի միջև փոխկապակցման զրոյական վճարներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնության առաջարկություն՝ այսինքն՝ «զրոյական զուտ վճարի» մեթոդի (net payment zero (NPZ) կամ bill-and-keep (B&K) օրենսդրորեն ամրագրում։ Այս համակարգը, կիրառվում է ԵՄ բոլոր երկրներում։ Իսկ փոխկապակցման վճարների մեթոդը հետևյալն է՝ «զանգահարող կողմի ցանցը վճարում է»։ Անգլերեն այն կոչվում է Calling Party Network Pays (CPNP), և  լիովին համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ փաստացի կիրառվող մեթոդին։ Հետևաբար, ինչպես մեկնաբանում են ՀԾԿՀ հանձնաժողովից ստացված գրավոր պատասխանում,  Հայաստանի օրենսդրությամբ դրա փոխարինումը «զրոյական զուտ վճարի» (net payment zero (NPZ) կամ bill-and-keep (B&K) մեթոդով, կհակասի  Հայաստան ԵՄ-ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի  դրույթներին։

Փոխկապակցման վճարների՝ «զանգահարող կողմի ցանցը վճարում է» մեթոդն, ի դեպ,  կիրառվում է նաև ԵԱՏՄ տարածաշրջանի բոլոր երկրներում։

Հանձնաժողովից հայտնեցին նաև, որ ելնելով փոխկապակցման վճարների կարգավորման հարցի քննարկումների արդյունքներից, 2019 թվականի ապրիլի 3-ին հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» և «Յուքոմ» ընկերությունների միջև ի վերջո, ստորագրվել է փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա հանձնաժողովը 2019 թվականի հունիսի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման վճարները սահմանել է րոպեի համար 5 դրամ՝ ԱԱՀ-ի։

Նշված հուշագրի համաձայն՝ արդարացի և ողջամիտ փոխկապակցման վճարների սահմանման նպատակով, հիմք ընդունելով եվրոպական երկրներում ընդունված և կիրառելի սկզբունքներն ու մեթոդները, հանձնաժողովը պետք է առաջիկայում կքննարկի միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով փոխկապակցման վճարների հաշվարկման մեթոդաբանություն հաստատելու և այդ մեթոդաբանության հիման վրա 2020 թվականի հունվարի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման նոր վճարներ սահմանելու հարցերը:  

Միևնույն ժամանակ, հուշագրի համաձայն՝ կողմերը համաձայնել են գործադրել լավագույն ջանքերը 2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում փոխկապակցման վճարների հաշվարկման «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդաբանություն ներդնելու ուղղությամբ։