Ստանիսլավ Եժի Լեց. ասույթներ

Ստանիսլավ Եժի Լեց. ասույթներ

Տագնապի զանգին անհրաժեշտ է համարձակ լեզվակ։
*
Անկողմնակալները նույնպես անմասն չեն կողմնապահությունից. օրինակ՝ արդարության դեպքում։
*
Օրենքի տառը չպարունակող այբուբենը վատն է։
*
Որոշ մարդկանց մտքեր էնքան տափակ են, որ նույնիսկ սեփական գլուխներում չեն տեղավորվում։
*
- Մեկ խաչից երկու կախաղան կձեւի,- քամահրանքով նկատեց դահիճը։
*
Դժոխքում եւ սատանան է դրական գործող անձ։
*
Մազոխիստներն էլ կտտանքների տակ ամեն ինչ կխոստովանեն. իհարկե՝ երախտագիտությամբ։
*
Փոցխին մի՛ կանգնիր՝ տանը պետք կգա։

*

Եթե հոգեբան չես, մի զրուցիր ապուշների հետ. նրանք չափից դուրս ախմախ են` ոչ մասնագետին վճարելու համար։
*
Ինչո՞ւ եմ կարճ գրում. դե, բառերը պարզապես չեն հերիքում։
*
...Եվ պայծառատեսները ամեն ինչ կարող են տեսնել մռայլ գույներով։
*
Ասա` ում հետ ես քնում, կասեմ` երազում ում ես տեսնում։
*
Ա՜խ, որքա՜ն համբերություն է պետք` համբերատար լինելու համար։
*
Զսպաշապիկն ընտրվում է ըստ կատաղության աստիճանի։
*
Խորիմաստ մտքին հասնում են աճելով։
*
Ամեն թուփ էլ կարող է դառնալ անկեզ մորենի, եթե, իհարկե, այն բոցավառես երեւակայությամբ։

*

Որոշ երկրներում արտաքսումը խիստ պատիժ է. երկրներ էլ կան՝ հանուն դրա հումանիստները պայքարում են։
*
Պատահում է՝ ձկնորսին խայծով հանդերձ կուլ են տալիս։
*
Եթե միայն քավության նոխազին նաեւ կթեին...
*
Պատահում է՝ զանգը ճոճում է եւ ժամհարին։
*
Երազում իրականությունն էի տեսնում. ի՜նչ թեթեւությամբ զարթնեցի։
*
«Մուտքն արգելված է» ավելի լավ գրառում է, քան «Ելք չկա»-ն։
*
Որպեսզի լինես անմահ, նախեւառաջ պետք է մահանաս։
*
Հառնել կարող է միայն մեռելը. ապրողի համար դա շատ դժվար գործ է։

*

Գաղափարների բախումից զոհվում են մարդիկ։
*
Ելքը սովորաբար մուտքի մոտ է։
*
Տրորված ճանապարհով մի քայլիր՝ կսայթաքես։
*
Թեթեւությունը եւս իր ինչ-որ տեսակարար կշիռն ունի։
*
Եվ այնուամենայնիվ այն պտտվում է,- դեն գցելով մտրակը՝ բղավեց կատաղած դահիճը։
*
Ժամանակի ոգուց նաեւ անհավատներն են վախենում։
*
Կյանքը խելքից դուրս ժամանակ է խլում։
*
Խղճի բացակայությունը հատուցվելու է անամոթությամբ։

 

Թարգմանությունը՝ բանաստեղծ Գեւորգ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ