«2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացված տեղական «հակաահաբեկչական» միջոցառումների արդյունքում Քելբաջարի (Քարվաճառ-խմբ․) շրջանում ձերբակալվել է ապօրինի «զինված խմբավորումների» անդամ Մադաթ Բաբայանը՝ երկրում ազգային ատելություն սերմանելու նպատակով ահաբեկչություններ կատարելու կասկածանքով»։ Այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, նշում են տեղի ԶԼՄ-ները։
Նշվում է, թե Մադաթ Բաբայանն, իբր, «1992 թվականի փետրվարի 26-ին մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը։
Նախաքննությանը տված ցուցմունքում Բաբայանը մանրամասն տեղեկություններ է տվել այդ մասին՝ նշելով խաղաղ բնակչության դեմ հանցավոր գործողություններ կատարելու վայրը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Փաստորեն, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և Վագիֆ Խաչատրյանի ապօրինի առևանգումից ու ապօրինի կալանավորումից հետո, Բաքվում նոր սցենար են մտմտում՝ հերթական դատավարությունը բեմադրելու և հայատյաց արշավը շարունակելու նպատակով։

