Արթուր Ալեքսանյանին համոզել են դառնալ ՔՊ-ի «սրտի թեկնածուն»

Արթուր Ալեքսանյանին համոզել են դառնալ ՔՊ-ի «սրտի թեկնածուն»

Շաբաթ օրը գյումրեցիները նշում էին իրենց քաղաքի՝ Գյումրու օրը։ Թեեւ մեծ միջոցառում կազմակերպված չէր, սակայն Երեւանից բազմաթիվ հյուրեր էին մեկնել Գյումրի, այդ թվում՝ բարձրաստիճան իմքայլականներ։ Մեզ ասացին, որ իշխանական թեւը, որոնց մեջ եղել են կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, հանդիպել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ ու նրան կարողացել են համոզել, որ մեկ տարի անց դառնա Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն․ այս մտադրության մասին մենք ամիսներ առաջ գրել էինք։ Ալեքսանյանը, որը մինչեւ վերջերս դիմադրում էր ու դեմ էր քաղաքականություն մտնելուն, ասացին՝ կարծես համաձայնել է դառնալ ՔՊ-ի սրտի թեկնածուն։ Իմքայլականները, որոնք ամեն տեղ կադրային լուրջ խնդիր ունեն ու չեն կարողանում հեղինակություն ունեցող նորմալ թեկնածուներ գտնել, Արթուր Ալեքսանյանի թեկնածությունն են ուզում առաջադրել՝ ելնելով «Սպիտակ արջի» վարկանիշից։ Քանի որ Արթուր Ալեքսանյանը հանրության շրջանում ունի բարձր հեղինակություն, վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, գումարած՝ հույս ունեն, որ եկող տարի ամառային օլիմպիական խաղերին նա նորից կդառնա ոսկե մեդալակիր, ուստի այդ հաղթանակի էյֆորիկ ֆոնին հոկտեմբերին գյումրեցիները հաճույքով կքվեարկեն նրա օգտին։

Այս օրերին խոսվեց նաեւ այն մասին, թե Սամվել Բալասանյանն է դարձյալ հավակնում քաղաքապետի պաշտոնին, սակայն իմքայլականները, մի կողմից, նրան չեն կարող իրենց ցուցակով առաջադրել, մյուս կողմից՝ Բալասանյանի հետ փորձում են լավ հարաբերություններ պահպանել՝ չնեղացնել, որպեսզի ընտրությունների ժամանակ նա աջակցի իրենց թեկնածուին։
Աղաջանյանի՝ Գյումրի գալու եւ Արթուր Ալեքսանյանի հետ հանդիպելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Այո, եղել է Աղաջանյանը, հանդիպել ենք էլ, իսկ Արթուրի մասով՝ Արթուրը մեր ընկերն է, ինքը մեր հպարտությունն է»,- ասաց Սարուխանյանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ իրենց ու մեր «հպարտությունը» վաղը կարող է դառնալ ՔՊ-ի սրտի թեկնածուն, Սարուխանյանն ասաց․ «Դե հիմա, էն եմ ասում, որ եթե որեւէ նմանատիպ որոշում լիներ, ես կասեի, բայց, օրինակ, հեչ վատ չէր լինի, եթե հենց Արթուրը լիներ»։
Ապա նշեց, որ Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել են իր անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքների մասին։