Պետական եկամուտների կոմիտեում, ուր նոր-նոր է մարել փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Տիգրան Զաքարյանի ու Ռաֆիկ Մաշադյանի ազգականների մասին հրապարակումների շարքը, ազգականների նոր համալրում է եղել։
Խոսքը ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանի մասին է, ում կինը՝ Նաիրուհի Ավետիսյանը, վերջերս նշանակվել է տրանսֆերային գնագոյացման և միջագային ծրագրերի բաժնի պետ՝ համակարգ գալով ֆինանսների նախարարությունից։
Տիկնոջ ամուսինը «Հրապարակ»-ի հետ զրույցում այս փաստը մեկնաբանեց՝ ասելով․ «Ես Պետական եկամուտների կոմիտեում աշխատում եմ 2015-ից, ինքը՝ ֆինանսների նախարարությունում՝ 2005-2006-ից և 2011-ին ֆինանսների նախարարությունում աշխատել է բաժնի պետ՝ միջազգային, հարկային և մաքսային հարաբերությունների, և հիմա նույն պրոֆիլով՝ էլի բաժնի պետ աշխատում է ՊԵԿ-ում։ Պաշտոնի բարձրացում չի եղել»։
Կարեն Թամազյանը հեռախոսն անջատելուց առաջ նաև հավելեց, որ կինը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, տնտեսական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ում է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Տիգան Զաքարյանի գրեթե ողջ ազգուտակը՝ որդի, քեռի, քենակալ, քենակալի տղա կազմով։ Ավելորդ չէ նշել, որ Տիգրան Զաքարյանի ընտանիքի անդամներին օպտիմալացման ենթարկված ՊԵԿ համակարգում ոչ մի օպտիմալացիոն կացին չի դիպել։