«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:
- Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձավ նախկին նախագահներին: Այս անգամ հատուկ շեշտադրումներ արեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանի մասին: Եկեք զրույցը սկսենք նրանից, թե ինչու է պատերազմում պարտություն կրած ղեկավարը մեղադրում հաղթանակած նախագահներին:
- Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսեց պայքարել երրորդ հանրապետության բոլոր ձեռքբերումների դեմ, արդեն նաեւ՝ երրորդ հանրապետության խորհրդանիշների դեմ: Նիկոլ Փաշինյանի անհաջողություններն արդարացնելու համար թիրախ են դարձնում նախկինում արձանագրված բոլոր հաջողությունները, ողջ խնդիրը սա է: Առհասարակ, այդ քաղաքական ուժի համար Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թվականի մայիսից: Նախքան այդ, բոլորը եղել են թալանչի, բոլորը եղել են պարտված, հող հանձնած եւ դավաճան:
- Նիկոլ Փաշինյանը տարբեր մեղադրանքներ է ուղղել Տեր-Պետրոսյանին: Խոսել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին:
- Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մասով ոչինչ չեմ կարող առարկել, չեմ կարող դեմ գնալ ճշմարտությանը: Ռոբերտ Քոչարյանն իսկապես նման ստրատեգիական սխալ իրեն թույլ է տվել: Մեր ռազմական հաջողությունների արձանագրումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հանդես էր գալիս որպես հակամարտության եւ բանակցությունների առանձին կողմ: Սրանք էլ պետք է տարանջատել: Մեկ բան է հակամարտության կողմ լինելը, մեկ այլ բան` բանակցող կողմ լինելը:
- Նիկոլ Փաշինյանն առաջին նախագահին մեղադրում է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղին կոնկրետ կարգավիճակ չտալու համար: Փաշինյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը չի հստակեցնում, թե Ղարաբաղն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա` լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։ Իր հայտարարության տողատակերում վարչապետն ակնարկում է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում….
- Մանիպուլյացիաների գագաթնակետ պարզապես: Տեր-Պետրոսյանն ասում է, որ փորձագիտական մակարդակով մի քանիսն են Հայաստանում տիրապետում Ղարաբաղի հարցին: Մեր ժողովուրդը, ցավոք, եւս չի տիրապետում, իսկ 1998-ից հետո իրենց մեղքի բաժինն ունեն բոլոր իշխանությունները, որովհետեւ Ղարաբաղի հարցում չէր կարելի խաբել ժողովրդին: «Ոչմիթիզականություն» արտահայտություն կա: Շատերն առաջարկում էին ոչմիթիզականությունը դարձնել քրեորեն պատժելի: Երբ դու Զանգելանին տալիս ես սրբազան հայրենիքի կարգավիճակ, խնդրի բուն էությունից հեռանում ես այնքան, որ ղարաբաղյան առաջին պատերազմն ու այդ տարիների դիվանագիտական ձեռքբերումները հավասարեցնում ես Ղարաբաղ տալուն: 1997 թվականի փուլային տարբերակին համաձայնություն տվել էր թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը: Առաջին բանը, որն այնտեղ աչք է զարնում, այն է, որ փուլային տարբերակով Հայաստանը չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչվելու Ադրբեջանի մաս: Պայմանագրի բուն խնդիրը Ղարաբաղն էր, իսկ այնտեղ չկար որեւէ հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ակնհայտ է, որ այդկերպ Ղարաբաղը ստանալու էր որոշակի կարգավիճակ, հետագայում մենք դա անվանեցինք «միջանկյալ կարգավիճակ»: Այն միակ տարբերակն էր, որում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չի նշվել:
- Իսկ Նիկոլ Փաշինյանին առաջին նախագահն ինչո՞ւ չի արձագանքում` ըստ Ձեզ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանի մասին հայտնել է իր կարծիքը: Մենք տեսնում ենք, որ, ցավոք, ոչինչ չի փոխվում: Այսօր ոչ միայն Արցախի հարցն է չլուծված մնացել, այլեւ լրջագույն խնդիրներ են առաջացել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ: Անկլավներ, սահմանների անվտանգություն, ու այսպես շարունակ:
- ՀԱԿ-ի գրասենյակում հանդիպում եք ունեցել կուսակցականների հետ: Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին անդրադարձ եղե՞լ է:
- Կոնգրեսի միջուկը` վարչության անդամներ, համակիրներ, մշտապես` ամեն օր հավաքվում են եւ տարբեր քննարկումներ են ունենում: