«Հրապարակ».«Իմ քայլում» կան անհամաձայնություններ

«Հրապարակ».«Իմ քայլում» կան անհամաձայնություններ

Մեր տեղեկություններով` վեթթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արձակուրդներից հետո, սեպտեմբերին` ամբողջությամբ:

Իմքայլական պատգամավորին հարցրինք` աշխատո՞ւմ եք վեթթինգի փաթեթի վրա։ «Ոչ, նման նախագիծ գոնե շարքային պատգամավորներս չենք տեսել, նախագծի վրա աշխատում են խիստ սահմանափակ թվով` վստահելի մարդիկ, որ հանկարծ ուտեչկա չլինի»: Իսկ ճի՞շտ է, որ ՍԴ եւ ԲԴԽ թեկնածուների մասով ԱԺ ղեկավարությունը հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խնդրել նրա աջակցությունը, որ ներկայացվածները բարձր ձայներ ստանան։ «ԲՀԿ-ի մասով կդժվարանամ ասել, չնայած նրանց ազատ քվեարկությունը կարող է լինել դրա վկայությունը, սակայն մեզ մեկառմեկ հորդորել են՝ անպայման ներկա լինել, կողմ քվեարկել, չհիվանդանալ, գործուղման չմեկնել»: Այնուհանդերձ, «Իմ քայլից» ոմանք չմասնակցեցին քվեարկությանը։ «Հարցը պետք է ուղղեք չմասնակցածներին»:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Իմ քայլում»  պառակտում կա։ «Չեք կարող. կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլում» կան անհամաձայնություններ»։ Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» դժգոհ են եղել, որ առավոտ կանուխ իրենց բերել են ԲԴԽ թեկնածու Վիգեն Քոչարյանի հետ հանդիպման եւ հիշել են, որ նա Դավիթ Հարությունյանի «կադրն» է, խտրականության օրենքի «հայրը», ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովը: «Բոլոր դեպքերում, նրանք, ովքեր նման կարծիքներ էին հնչեցրել, լավ էլ խելոք կողմ քվեարկեցին Վիգեն Քոչարյանին»: