Հարցազրույց

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունն ո՞ւմ է ուղղված 

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունն ո՞ւմ է ուղղված 

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Եւ չնայած Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած ցեղասպանական գործողություններին բավականին մեղմ ձևակերպումներ է տևել, այնուամենայնիվ, կարևոր է այն փաստը, որ շեշտել է` Ադրբեջանի իշխանությունները հազարավոր տարիներ Արցախի էթնիկ բնակիչներին՝ հայերին, բռնագաղթի են ենթարկել։ Նա կարևորել է Արցախի ու արցախցիների ինքնորոշման իրավունքն ու Արցախ վերադառնալու իրավունքը:

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մասին զրուցել ենք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

-Առաջին հայացքից Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը բավականին հուսադրող էր։ Կարո՞ղ ենք հույս կապել այս հայտարարության հետ, թե՞ հերթական «մարդասիրական» հայտարարությունն է։

- Կարծում եմ, որ մեր հանրության համար շատ կարևոր է ճիշտ գնահատել այսօր արևմտյան ամենատարբեր կենտրոններից հնչող հայտարարությունները՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման ու հայրենազրկման մեկամյա տարելիցի հետ: Նման հայտարարությունները, նախ, ուղղված են սեփական հանրությանը, տվյալ պարագայում՝ կանադահայ համայնքին, և միտում ունեն ընդհանուր ձևակերպումներով մտահոգվածություն ցույց տալ: Սակայն դրանք խուսափում են կատարված ցեղասպանական հանցագործությանը ճիշտ բնութագրումներ տալուց, ինչը խոսում է այդ հայտարարությունների՝ քաղաքական ձևականություններին սպասարկելու, այլ ոչ թե՝ խնդրին իրապես լուծում տալուն օժանդակելու մասին: 

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ դրականը Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին նշելն է և արձանագրելը նրանց՝ սեփական բնօրրան վերադառնալու կարևորությունը: Սակայն, հայտարարությունը խուսափում է էթնիկ զտում ձևակերպումից, Ադրբեջանի հակաօրինական գործողությունները չի որակում որպես «ագրեսիա», իսկ վերջինիս կողմից գործած և շարունակվող պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները որակում է որպես «ճգնաժամ»: Ինչ-որ տեղ հասկանալի է կանադական գործադիրի կողմից նման խուսափողական պահվածքը, այլապես ստիպված պիտի լինեին ընդունելու սեփական մեղսակցությունը` 21-րդ դարում հայ ժողովրդի արցախյան հատվածի հանդեպ գործած ցեղասպանության մեջ՝ առնվազն սեփական անգործության մասով: 

-Նախարարի հայտարարությունը կարո՞ղ ենք համարել Հայ Դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքի արդյունքը։ Արդյո՞ք ոչ պետական հայկական կառույցները կարող են իսկապես իրադրություն փոխել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում։

-Այո, Հայ Դատի գրասենյակները բավականին ակտիվ աշխատանք են տանում, որպեսզի այս դավադիր ծրագրի հեղինակների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեկընդմիշտ մոռացության տալու և փակված համարելու, հաջողությամբ չպսակվեն: Դա շատ ողջունելի է և պետք է ընդօրինակվի բոլոր մյուս սփյուռքյան կառույցների կողմից: Իհարկե, Հայաստան պետության պետական մարմինների ու այրերի կողմից Արցախի ու արցախահայերի խնդրին հետամուտ լինելու պարագայում բոլորովին այլ իրավիճակ ու այլ պատկեր կունենայինք, սակայն ժամանակները և իրավիճակները մշտափոփոխ են, ինչը նշանակում է, որ ճիշտ աշխատանքի դեպքում պատեհ պահին հնարավոր կլինի պտուղները քաղել: 

-Տիկին Աղաջանյան, Կանադայի նախարարի տեքստում նշվում էր, որ պետք է այս -այս օրենքներին հետևել և այլն, սակայն Ադրբեջանի կողմից իրագործված ոչ միայն ցեղասպանության, այլև պատմամշակութային ժառանգության, հոգևոր ժառանգության ոչնչացման մասով դատապարտող որևէ խոսք չկար։ Դիվանագիտության մեջ ի՞նչ է սա նշանակում։

-Նախ, պետք է նշեմ, որ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը ևս ցեղասպանական գործողություն է և ցուցիչն է այդ հանցագործ ռեժիմի բուն մտադրությունների: Այն, որ կանադական արտաքին գերատեսչության հայտարարությունը հատվածական է անդրադառնում՝ առանց բնորոշիչներ տալու, ցույց է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Մի կողմից բավարարում են տեղի հայ համայնքի պահանջը, ինչը շատ կարևոր է սպասվող ներքաղաքական զարգացումների համատեքստում, մյուս կողմից իրենց փորձում են դրսևորել միջազգային իրավունքի ու արցախահայության խնդիրների ջատագով՝ առանց դրանից բխող իրական քայլերի հանձնառության: Սա հասկանալի է՝ հաշվի առնելով ադրբեջանական իշխանություններից արևմտյան բևեռի ակնկալիքները, որոնց սպասումները դեռևս հետ են պահում վերջինիս կտրուկ ու պատժիչ գործողությունների գնալուց: Սակայն Ադրբեջանի ղեկավարը շատ հմուտ խաղ է տանում և հույս ունի սպրդել Արևմուտքի հանդեպ իր հանձնառություններից, հանուն որի նվիրաբերվեց Արցախը: 

- Իսկ Կանադայի ԱԳ նախարարի այս հայտարարության խորքային նպատակը ո՞րն է։

-Արձանագրել մտահոգություն, միավորներ քաղել հայ համայնքի և հայաստանյան հանրության շրջանում՝ առանց իրական ու գործնական քայլեր ձեռնարկելու պարտավորության: Եթե մեր պետության ղեկին նստած լինեին ազգային շահերով առաջնորդվող ղեկավարներ, ապա նման հայտարարությունները կարող էին ծառայեցվել արցախահայերի՝ հայրենի բնօրրան վերադառնալու համար միջազգային ատյաններում համապատասխան հանձնառությունների ձևավորման ու դրանց հետամուտ լինելուն ուղղված քայլերին: Ավաղ, մեր իշխանությունները մաս են կազմում Արցախը մոռացության տալու և հիշողությունից ջնջելու՝ թշնամական օրակարգը սպասարկող ծրագրին: 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image