Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոր քարոզչական թեզ են գտել` Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Երեկ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե ինչու՝ չհիմնավորեց, ինչպես չէին հիմնավորել նախորդ հայտարարողները, օրինակ` Էդմոն Մարուքյանը։ Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը կրկին պահանջ է առաջ քաշել, եւ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է այն: Չէ՞ որ նմանատիպ շանտաժների միջոցով հասնում են իրենց ուզածին, անգամ հասան նրան, որ ՀՀ վարչակարգն իր լեքսիկոնից իսպառ հանեց «Արցախ» բառը, հիմա եթե իներցիայով էլ արտասանում են, ներողություն են խնդրում՝ խմբագրելով «Ղարաբաղով»-ով։
ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ Ալիե՞ւն է շանտաժ արել, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցը մի բարձրացրեք, թե չէ` կհարձակվեմ Հայաստանի վրա, ի՞նչ է նշանակում` ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգ։ «Ի՞նչ կապ ունի Ալիեւը, ընդհանրապես, դա ի՞նչ մեկնաբանություն է։ Հայաստանի Հանրապետությունում մեկ պետական ինստիտուտ կարող է գոյություն ունենալ, եւ դա ՀՀ-ն է` իր պետական ինստիտուտներով։ Այլ հանրապետություն` իր պետական ինստիտուտներով, չի կարող գոյություն ունենալ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Նկատեցինք, որ իր թիմակիցները կոնկրետ սպառնալիքի մասին են խոսում։ «Ցանկացած իրավական պետությունում չեն կարող այլ պետության կառույցներ գոյություն ունենալ` սրա մասին է խոսքը։ ՀՀ-ն իրավական-սոցիալական պետություն է, եւ այս սկզբունքները որեւէ կերպ չեն խախտվել, եւ սրանք են, որ ՀՀ-ին միջազգային ատյաններում որպես պետություն են պահպանել, այլ պետության կառույցներ` մեր Սահմանադրությամբ նախատեսված դրույթներով, չեն կարող գոյություն ունենալ»,- կրկնեց նա։
Մինչդեռ փաստ է, որ երեսուն տարի հայկական երկու պետությունները կողք-կողքի գոյություն են ունեցել, տարիներ շարունակ Արցախի պետական ինստիտուտները գործել են եւ անգամ դե ֆակտո ՀՀ պետության մաս են կազմել` Արցախի յուրաքանչյուր պետական մարմին ենթարկվել է ՀՀ պետական մարմնին եւ ՀՀ բյուջեից էլ ֆինանսավորվել է: Խնդիրն այն է, որ Արցախի բնակիչները տեղափոխվել են Հայաստա՞ն: Մյուս կողմից, հենց ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ենք կորցրել Արցախ պետությունը: Սակայն Արմեն Խաչատրյանն անդրդվելի էր. «ՀՀ-ում հանրային գործունեություն ծավալելու՝ օրենքով սահմանված ձեւեր կան՝ ՀԿ-ներ, քաղաքական միավորումներ, կարող են այդ ճանապարհով նման միավորումներ ստեղծել, բայց օրենքից դուրս որեւէ կառույց չի կարող գործել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող միակ վտանգը մեկ անուն ունի․ «ՀՀ անվտանգության ամենամեծ եւ միակ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն է, սա որպես քաղաքական գնահատական չեմ հնչեցնում, սա ցույց են տվել անցած հինգուկես տարիները, երբ իշխանության են այս մարդիկ` Արցախն ամբողջությամբ հանձնվել է, Հայաստանի տարբեր բնակավայրեր են հանձնվել, հազարավոր մարդիկ են զոհվել։ ՀՀ-ում իշխանություն ունեցող ուժը չի կարողանում ապահովել պետության եւ ժողովրդի անվտանգությունը, սա տեսնում են արդեն բոլորը, եւ իրենց՝ իշխանության մնալու ամեն օրը վտանգում է ՀՀ մնացած հատվածների անվտանգությունը»։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ԱՀ պետական ինստիտուտների պահպանումն ու գործունեությունը պարտադիր են այն առումով, որ Արցախի հարցը չփակվի, բացի այդ, նախագահի հայտնի հրամանագրով չեն լուծարվել պետական ինստիտուտները եւ պետք է գործեն. «ՀՀ խորհրդարանի խնդիրը պետք է դառնա ԱՀ խորհրդարանի հետ աշխատելը, դա ոչ միայն սուբյեկտայնություն է հաղորդելու, այլեւ ցույց է տալու, որ Արցախի հարցը փակված չէ։ Պետական ինստիտուտների գործունեության շարունակականությամբ է միայն հնարավոր Արցախի հարցը «տաք պահել» եւ միջազգային ատյաններում այն բարձրացնել»։
Իշխող ՔՊ-ն, Աբրահամյանի համոզմամբ, ամեն ինչ անելու է՝ հարցը տապալելու համար, դեռեւս 2021 թվականից ԱՀ եւ ՀՀ միջխորհրդարանական նիստեր չէին գումարվում, սակայն դա չի նշանակում, որ հանուն Արցախի պայքարող ուժերը եւս պիտի հանձնվեն․ «Անկախ նրանից, թե այս պահին ինչ իշխանություն է ձեւավորվել, անկախ նրանից, որ այս իշխանությունն է Արցախը հանձնել, ՀՀ տարածքներն է հանձնել, գալու է մի օր, երբ իշխանափոխություն է լինելու, եւ Արցախի հարցը ներքաղաքական օրակարգ վերադարձնելու հնարավորություն է ստեղծվելու, բայց այդ կետին հասնելու համար պետք է տեմպը պահել, բարձրաձայնել դրա մասին, եւ դա պետք է առաջին հերթին անել Արցախի մեր գործընկերների հետ»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյան էլ կարծում է, որ պետք է պահպանել Արցախի ժողովրդի` հետ վերադառնալու իրավունքը։ Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած, երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է: «Այդպիսի օրինակներ կան, Կիպրոսում կա այդպիսի օրինակ, մեկ ամբողջ քաղաք մինչեւ հիմա դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այդտեղից եղել է էթնիկ զտման քաղաքականությամբ տեղահանում։ Եվ թույլ չեն տալիս, որ այնտեղ վերաբնակեցնեն Կիպրոսի թուրքերին։ Այսինքն՝ միջազգային պրակտիկա կա, իրավական առումով մենք դրա հիմքերն ունենք, պարզապես պետք է, որ Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի։ Սա է, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում անել։ Իրենք իրենց համար վտանգ են տեսնում, որ արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն։ Արցախի ժողովուրդը պետք է պահպանի իր՝ գործոն լինելու հանգամանքը։ Բայց այդ գործոն լինելը նաեւ վտանգ է սպառնում այսօրվա իշխանություններին։ Ես իրենց հայտարարություններից ելնելով եմ դա ասում։ Մենք պետք է կարողանանք այդ գործոնը պահպանել՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների եւ նրա վերադարձի իրավունքի հիմնավորմամբ»,- ասաց Ռուստամյանը։