Խնամի-ծանոթ-բարեկամ Հրազդանի քաղաքապետարանում        

Խնամի-ծանոթ-բարեկամ Հրազդանի քաղաքապետարանում        

   Հայաստանում պաշտոն ունեցող անձն առաջին հերթին աշխատանքի է ընդունում իր   բարեկամներին, խնամիներին, ծանոթներին: Եթե ուսումնասիրենք, թե մարզպետարաններում, քաղաքապետարաններում  ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետարանում եւ Հրազդանի քաղաքապետարանում հեղափոխությունից հետո  ոչ միայն  Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի  ընտանիքի անդամները պաշտոններ ստացան, այլ աշխատանքի ընդունվեցին նրա բարեկամները, ծանոթներն ու խնամիները:

Միքայելյանի աղջիկը աշխատանքի անցավ Կոտայքի մարզպետարանում, փոխմարզպետ՝  Վասակ Վարդանյանի օգնական է: Միքայելյանի տղան զբաղեցրեց Հրազդանի քաղաքապետի պաշտոնը:  Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի  ղեկավարության օրոք քաղաքապետարանում աշխատանքի ընդունվում են ավանդույթ դարձած  ծանոթ-բարեկամ-խնամի մեխանիզմով:  Քաղաքապետի քեռին աշխատանքի անցավ քաղաքապետարանում, որպես վարչական շենքի սպասարկող: Միքայելյանների  խնամու եղբոր աղջիկը 1 ամիս է, ինչ աշխատանքի է ընդունվել  Հրազդանի քաղաքապետարանում:  Ըստ մեր տեղեկությունների՝ Միքայելյանները որոշել են իրենց խնամուն, ով չունի համապատախան հավաստագիր նշանակել  քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի  պետի ժամանակավոր պաշտոնակատար: 

Փաստ այն է, որ հեղափոխությունից հետո կոնկրետ Հրազդանում ոչինչ չփոխվեց: Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը հարց ուղղեցինք Հրազդանի երիտասարդ քաղաքապետ Սեւակ Միքայելյանին «Ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում խնդիրները շատ էին,  շատ էր անօրինական հարցերը քաղաքներում, եւ ժողովուրդը դուրս եկավ փողոց Նիկոլ Փաշինյանի  գլխավորությամբ:

 Հիմա Հայաստանում օրենքի առաջ բոլորն են հավասար, ով ուզում ա լինի»: 
Հրազդանի քաղաքապետը  համամիտ չի այն մտքին, որ քաղաքապետարանում աշխատանքի են ընդունվում ծանոթ-բարեկամ-խնամի մեխանիզմով. « Նման բան չկա, այստեղ, ով աշխատում է օրենքի շրջանակներում է աշխատում, եթե ընդունվում է աշխատանքի: Ամենակարեւորը ստեղ, ով աշխատում է ծառայում է ժողովրդին, մեր քաղաքացիներին: Քաղաքապետարանը ոչ մեկի սեփականությունը չի, ո´չ իմ, ո´չ բաժնի պետի, ո´չ էլ այստեղի աշխատակիցների: Եթե հարցեր կան կարողանում եմ լուծել, եթե  չեմ կարողանում լուծել ես ներողություն եմ խնդրում իմ քաղաքացիներից»:  
Քաղաքապետը հերքեց նաեւ,  որ քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պաշտոնին կնշանակվի հավաստագիր չունեցող իրենց խնամին: